Ինչպե՞ս են Աստծո ինքնիշխանությունը և մարդու ազատ կամքը միասին գործում փրկության առումով:


Հարց՝ Ինչպե՞ս են Աստծո ինքնիշխանությունը և մարդու ազատ կամքը միասին գործում փրկության առումով:

Պատասխան՝
Մենք չենք կարող լիովին ըմբռնել Աստծո ինքնիշխանության և մարդկային ազատ կամքի և պատասխանատվության հարաբերությունը։ Միայն Աստված է, որ ճշմարտապես գիտի, թե ինչպես են այս հասկացությունները համատեղ գործում փրկության Նրա ծրագրի շրջանակներում։ Հավանաբար, այս հարցի շրջանակներում ավելի, քան որևէ այլ վարդապետության առումով, մենք պետք է ընդունենք Աստծո և Նրա հետ մեր հարաբերության բնույթն ընկալելու մեր անկարողությունը։ Այս երկու կողմերից որևէ մեկի ուղղությամբ հավասարակշռությունը խախտելը կաղավաղի իրական փրկության վերաբերյալ մեր ճշմարիտ ընկալումը։

Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ Աստված գիտի, թե ովքեր են փրկվելու (Հռոմեացիս 8․29, Ա Պետրոս 1․2)։ Եփեսացիս 1․4 խոսքն ասում է, որ Աստված ընտրել է մեզ «աշխարհի ստեղծումից առաջ»։ Աստվածաշունչը շարունակաբար հավատացյալներին ընտրյալներ ու ընտրվածներ է կոչում (Հռոմեացիս 8․33, 11․5, Եփեսացիս 1․11, Կողոսացիս 3․12, Ա Թեսաղոնիկեցիս 1․4, Ա Պետրոս 1․2, 2․9, Մատթեոս 24․22,31, Մարկոս 13․20,27, Հռոմեացիս 11․7, Ա Տիմոթեոս 5․21, Բ Տիմոթեոս 2․10, Տիտոս 1․1, Ա Պետրոս 1․1)։ Փրկության համար հավատացյալների նախասահմանված (Հռոմեացիս 8․29-30, Եփեսացիս 1․5,11) և ընտրված (Հռոմեացիս 9․11, 11․28, Բ Պետրոս 1․10) լինելու փաստն ակնհայտ է։

Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ Քրիստոսին որպես մեր Փրկիչ ընդունելու հարցում պատասխանատվությունը հենց մեզ վրա է։ Մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին և ընդունենք փրկությունը (Հովհաննես 3․16, Հռոմեացիս 10․9-10)։ Աստված գիտի, թե ովքեր են փրկվելու, Աստված ընտրում է նրանց, ովքեր փրկվելու են, իսկ մենք պետք է ընտրենք Քրիստոսին, որպեսզի ընդունենք փրկությունը։ Ինչպե՞ս են այս երեք փաստերը համատեղ գործում։ Սա անըմբռնելի է մեր սահամանափակ մտքի համար (Հռոմեացիս 11․33-36)։ Մենք պատասխանատվություն ենք կրում Ավետարանը աշխարհին հասանելի դարձնելու համար (Մատթեոս 28․18-20, Գործք 1․8)։ Կանխագիտությունը, նախասահմանությունը, ընտրված լինելն ու նման հասկացությունները մենք պետք է թողնենք Աստծո իմաստությանը և պարզ հնազանդությամբ փրկության Բարի լուրը հասցնենք մարդկանց։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս են Աստծո ինքնիշխանությունը և մարդու ազատ կամքը միասին գործում փրկության առումով: