Ո՞վ է ստեղծել Աստծուն: Որտեղի՞ց է ծագել Աստուած:



Հարց. Ո՞վ է ստեղծել Աստծուն: Որտեղի՞ց է ծագել Աստուած:

Պատասխան.
Աթէիստներից ու թերահաւատներից յաճախ լսուող փաստարկ է, որ եթէ ամէն բան պատճառ ունի, ապա Աստուած նոյնպէս պէտք է պատճառ ունենայ: Եւ եզրակացնում են. եթէ Աստուած պատճառ ունի, ուրեմն Աստուած Աստուած չէ (եւ եթէ Աստուած չէ, ապա ուրեմն Աստուած չկայ): Սա «Ո՞վ է ստեղծել Աստծուն» հարցի թերեւս փոքր-ինչ «խելամիտ» ձեւն է: Բոլորը գիտեն, որ ոչնչից որեւէ բան չի լինում: Հետեւաբար, եթէ Աստուած «որեւէ բան է», ապա պէտք է որ իր պատճառն ունենայ, այնպէս չէ՞:

Խորամանկ հարցադրում է, որովհետեւ «սողոսկում» է կեղծ ենթադրութեան մէջ, թէ Աստուած ծագում է ինչ-որ տեղից, եւ ապա հարցնում է, թէ որն է այդ տեղը: Մեր պատասխանը հետեւեալն է. հարցն ինքնին անհեթեթ է. նոյնն է, թէ հարցնես՝ «Ի՞նչ հոտ ունի կապոյտը»: Կապոյտը այն իրերի կարգին չի պատկանում, որոնք հոտ ունեն, ուստի հարցն ինքնին արատաւոր է: Նմանապէս եւ Աստուած այն իրերի կարգում չէ, որոնք ստեղծուած են կամ պատճառ ունեն: Աստուած անպատճառ եւ անստեղծ է, Նա պարզապէս կայ:

Որտեղի՞ց գիտենք սա: Յայտնի է, որ ոչնչից ոչինչ չի լինում: Հետեւապէս, եթէ եղել է որեւէ ժամանակ, երբ բացարձակապէս ոչինչ գոյութիւն չի ունեցել, ուրեմն ոչինչ գոյանալ չէր կարող: Բայց գոյացել են եւ կան: Հետեւաբար, եթէ բացարձակապէս ոչինչ չլինել չէր կարող, ապա ինչ-որ բան պէտք է մշտնջենապէս գոյութիւն ունեցած լինի: Այդ մշտագոյ բանն էլ հէնց անուանում ենք Աստուած: Աստուած անպատճառ Էութիւնն է, յաւիտենական Գոյը, որ պատճառել է բոլոր միւս բաների գոյութիւնը: Աստուած անստեղծ Արարիչն է, ով ստեղծել է տիեզերքը եւ ամէն բան նրանում:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞վ է ստեղծել Աստծուն: Որտեղի՞ց է ծագել Աստուած: