Ինչպէ՞ս կարող եմ ներում ունենալ Աստծուց:



Հարց. Ինչպէ՞ս կարող եմ ներում ունենալ Աստծուց:

Պատասխան.
Գործք Առաքելոց 13.38-ում ասում է. «Արդ թող ձեզ յայտնի լինի, եղբա՛յր մարդիկ, Յիսուսով մեղքերի թողութիւն է հռչակւում ձեզ»:

Ի՞նչ է թողութիւնը եւ ինչո՞ւ է պէտք ինձ:

«Թողութիւն» բառը նշանակում է ներել, պարտքը չեղյալ անել, ջնջել-մաքրել: Երբ մէկի հետ վատ ենք վարւում, հայցում ենք նրա ներումը, որպէսզի մեր յարաբերութիւնները վերականգնուեն: Ներումը շնորհւում է ոչ նրա համար, որ սխալը գործողն արժանի է այդ ներումին: Ոչ ոք արժանի չէ ներման: Ներումը սիրոյ, ողորմութեան եւ շնորհի արտայայտութիւն է: Ներումը յիշաչար չլինելու վճիռ է, ինչ էլ որ քո հանդէպ արած լինեն:

Աստուածաշունչն ասում է, որ ամենքս էլ Աստուծոյ ներումի կարիքն ունենք: Բոլորս էլ մեղք ենք գործել: Ժողովող 7.20-ը ազդարարում է. «Իրաւ, որ երկրի վրայ արդար մարդ չկայ, որ բարիք անի ու մեղք չգործի»: Ա Յովհ. 1.8-ում ասում է. «Եթէ ասենք, թէ մեղք չունենք, ինքներս մեզ խաբում ենք, ու մեր մէջ ճշմարտութիւն չկայ»: Ամէն մեղք, ի վերջոյ, Աստուծոյ դէմ ապստամբելու գործողութիւն է (Սաղմ. 51.4): Ահա թէ ինչու անձկութեամբ կարիքն ունենք Աստուծոյ ներումի: Եթէ մեր մեղքերը չներուեն, ապա յաւիտենութիւնը կանցկացնենք մեր մեղքերի հետեւանքների համար տառապելով (Մատթ. 25.46, Յովհ. 3.36):

Ինչպէ՞ս թողութիւն ստանամ:

Յուրախութիւն մեզ՝ Աստուած սիրող եւ ողորմած է եւ փափագում է ներել մեզ մեր մեղքերը: Բ Պետր. 3.9-ը ասում է. «Տէրը խոստումը չի ուշացնի, ինչպէս ոմանք կարծում են, թէ ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերող է լինում, որովհետեւ չի ցանկանում, որ մէկը կորսուի, այլ որ բոլորն ապաշխարութեան գան»: Աստուած ուզում է թողութիւն տալ մեզ, ուստի եւ ապահովել է մեր թողութիւնը:

Մեր մեղքերի միակ արդար պատիժը մահն է: Հռոմ. 6.23-ի առաջին հատուածն ասում է. «Մեղքի վարձքը մահ է»: Յաւիտենական մահ՝ ահա թէ ինչ ենք վաստակել մեր մեղքերի համար: Աստուած Իր կատարեալ ծրագրի համաձայն դարձաւ մարդ էակ՝ Յիսուս Քրիստոս (Յովհ. 1.1,14): Յիսուս մեռաւ խաչի վրայ՝ կրելով պատիժը, որին մենք էինք արժանի՝ մահը: Բ Կորնթ. 5.21-ը սովորեցնում է մեզ. «Որովհետեւ Աստուած Նրան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արեց, որպէսզի մենք Նրա մէջ Աստուծոյ արդարութիւնը լինենք»: Յիսուս մեռաւ խաչի վրայ՝ մեր արժանի պատիժը կրելով: Քանի որ Յիսուս Աստուած է, Նրա մահը ապահովում է ողջ աշխարհի մեղքերի թողութիւնը: Ա Յովհ. 2.2-ն ազդարարում է. «Նա քաւութիւն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ամբողջ աշխարհի»: Յիսուս յարեաւ ի մեռելոց՝ մեղքի ու մահի դէմ Իր յաղթութիւնն աւետելով (Ա Կորնթ. 15.1-28): Փա՜ռք Աստուծոյ, Յիսուս Քրիստոսի մահով եւ յարութեամբ իրականանում է Հռոմ. 6.23-ը. «...բայց Աստուծոյ ձրի պարգեւը յաւիտենական կեանք է՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսով»:

Ուզո՞ւմ ես մեղքերիդ թողութիւն լինի: Մեղսաւորութեան հոգեմաշ զգացում ունե՞ս, որ կարծես անզօր ես վանելու: Կարող ես մեղքերիդ թողութիւն ստանալ, եթէ ընդունես Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչը: Եփես. 1.7-ն ասում է. «Որով փրկութիւնն ունենք Նրա արիւնով՝ մեղքերի թողութիւնն Իր շնորհի մեծութեան չափով»: Յիսուս մեր պարտքը վճարեց մեր փոխարէն, որպէսզի ներուի մեզ: Քեզ մնում է միայն խնդրել Աստծուն ներել քեզ Յիսուսով՝ հաւատալով, որ Յիսուս մեռաւ քո թողութեան գինը վճարելու համար, եւ Նա կների քեզ: Յովհ. 3.16-17-ը բերում է այս գեղեցիկ պատգամը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ Իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ: Քանզի Աստուած Իր Որդուն աշխարհ չուղարկեց, որպէսզի աշխարհին դատի, այլ որպէսզի Նրա միջոցով աշխարհը փրկուի»:

Թողութիւն. այդքան հե՞շտ:

Այո, այդքան հեշտ: Չես կարող ներում վաստակել Աստծուց: Չես կարող վճարել քո թողութեան գինը: Կարող ես միայն ստանալ այն հաւատքով, Աստուծոյ շնորհով եւ ողորմութեամբ: Եթէ ուզում ես ընդունել Յիսուս Քրիստոսին որպէս քո Փրկիչը եւ թողութիւն ստանալ Աստծուց, ահա մի պարզ աղօթք քեզ համար: Յիշի՛ր, որ ոչ մի աղօթք չի կարող փրկել քեզ: Միայն հաւատքն առ Քրիստոս կարող է մեղքերի թողութիւն տալ քեզ: Բառերը չեն, որ փրկելու են, այլ Քրիստոսին հաւատալը: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս կարող եմ ներում ունենալ Աստծուց: