ՀԱՒԱՏԱՄՔ



Յօդուած 1. Աստուածաշունչը
Հաւատում ենք, որ Աստուածաշունչ մատեանը, Հին եւ Նոր Կտակարաններով, ներշնչուած, անսխալ եւ հեղինակաւոր Խօսքն է Աստուծոյ (Մատթէոս 5.18, Բ Տիմոթէոս 3.16-17). Հաւատքով ընդունում ենք Սուրբ Գիրքը՝ իր բնագրով անսխալական, աստուածաշունչ, կատարեալ եւ գերագոյն հեղինակութիւն հաւատի եւ գործի (Բ Տիմոթէոս 3.16-17): Սուրբ Հոգին, օգտագործելով մարդ հեղինակների անհատական գրելաոճը, կատարելապէս ուղղորդել է նրանց՝ ապահովաբար գրի առնելու այն, ինչ Նա կամեցել է, առանց սխալի կամ զանցառութեան (Բ Պետրոս 1.21):

Յօդուած 2. Աստուած
Հաւատում ենք մէկ Աստուծոյ՝ Արարչին ամենայն բանի (Բ Օրինաց 6.4, Կողոսացիս 1.16), ով յայտնել է Իրեն երեք որոշակի Անձերով՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի (Բ Կորնթացիս 13.14), մէկ՝ բնութեամբ, էութեամբ եւ փառքով (Յովհաննէս 10.30): Աստուած յաւիտենական է (Սաղմոս 90.2), անվերջ (Ա Տիմոթէոս 1.17) եւ գերիշխան (Սաղմոս 93.1): Աստուած ամենագէտ է (Սաղմոս 139.1-6), ամէնուրեք (Սաղմոս 139.7-13), ամենազօր (Յայտնութիւն 19.6) եւ անփոփոխ (Մաղաքիա 3.6): Աստուած սուրբ է (Եսայիա 6.3), արդարադատ (Բ Օրինաց 32.4) եւ արդար (Ելից 9.27): Աստուած սէր է (Ա Յովհաննէս 4.8), շնորհաշատ (Եփեսացիս 2.8), ողորմած (Ա Պետրոս 1.3) եւ բարի (Հռոմայեցիս 8.28):

Յօդուած 3. Յիսուս Քրիստոս
Հաւատում ենք Տէր Յիսուս Քրիստոսի աստուածութեանը: Նա մարմնացեալ Աստուած է, Աստուած՝ մարդկային կերպարանքով, Հօր պատկերը, որ չդադարելով Աստուած լինել՝ մարդացաւ, որպէսզի ցոյց տայ, թէ ով է Աստուած, եւ փրկագործութիւն ապահովի մարդկութեան համար (Մատթէոս 1.21, Յովհաննէս 1.18, Կողոսացիս 1.15):

Հաւատում ենք, որ Յիսուս Քրիստոս Սուրբ Հոգուց յղացուեց եւ ծնուեց կոյս Մարիամից, որ Նա ճշմարտապէս կատարեալ Աստուած է եւ ճշմարտապէս կատարեալ մարդ, որ Նա անբասիր եւ մեղսազերծ կեանք ապրեց, որ Նրա ողջ ուսուցումը ճշմարիտ է (Եսայիա 14, Մատթէոս 1.23): Հաւատում ենք, որ Տէր Յիսուս Քրիստոս խաչի վրայ մահացաւ ողջ մարդկութեան համար (Ա Յովհաննէս 2.2) որպէս փոխանորդ զոհ (Եսայիա 53.5-6): Համոզուած ենք, որ Նրա մահը բաւարար է փրկութիւն ապահովելու բոլորին, ով ընդունում է Նրան իր Փրկիչ (Յովհաննես 1.12, Գործք 16.31), որ մեր արդարացման հիմքը Նրա հեղած արիւնն է (Հռոմայեցիս 5.9, Եփեսացիս 1.17) եւ որ դա հաւաստուած է մեռեալներից Իր՝ բառացիօրէն մարմնով յարութեամբ (Մատթէոս 28.6, Ա Պետրոս 1.3):

Հաւատում ենք, որ Տէր Յիսուս Քրիստոս Երկինք համբարձուեց Իր փառաւորեալ մարմնով (Գործք 1.9-10) եւ հիմա նստած է Աստուծոյ աջակողմում՝ որպէս մեր Քահանայապետն ու Բարեխօսը (Հռոմայեցիս 8.34, Եբրայեցիս 7.25):

Յօդուած 4. Սուրբ Հոգին
Հաւատում ենք Սուրբ Հոգու աստուածութեանը եւ անձնականութեանը (Գործք 5.3-4): Նա վերածնում է մեղաւորներին (Տիտոս 3.5) եւ ներնբակւում հաւատացեալների մէջ (Հռոմայեցիս 8.9): Նրանով է Քրիստոս մկրտում բոլոր հաւատացեալներին Իր մարմնում (Ա Կորնթացիս 12.12-14): Նա կնիքն է, որով Հայրը երաշխաւորում է հաւատացեալների փրկութիւնը մինչեւ փրկագնման օրը (Եփեսացիս 1.13-14): Նա Աստուածային Վարդապետն է, ով լուսաւորում է հաւատացեալների սրտերն ու միտքը Աստուծոյ Խօսքի սերտողութեան մէջ (Ա Կորնթացիս 2.9-12):

Հաւատում ենք, որ Սուրբ Հոգին լիիրաւ եւ ինքնիշխան է՝ հոգեւոր պարգեւները բաշխելու (Ա Կորնթացիս 12.11): Հաւատում ենք, որ Հոգու հրաշագործ պարգեւները, որ ամենեւին վեր չեն Հոգու՝ օժտելու ունակութիւնից, այլեւս չեն գործում նոյն չափով, որքան գործում էին եկեղեցու կայացման վաղ շրջանում (Ա Կորնթացիս 12.4-11, Բ Կորնթացիս 12.12, Եփեսացիս 2.20; 4.7-12):

Յօդուած 5. Հրեշտակները եւ դեւերը
Հաւատում ենք, որ հրեշտակներն ու դեւերը իրական եւ անձնաւոր են: Հաւատում ենք, որ Աստուած ստեղծել է հրեշտակներին Իր սպասաւորներն ու բանբերները լինելու (Նէեմիա 9.6, Սաղմոս 148.2, Եբրայեցիս 1.14):

Հաւատում ենք Սատանայի եւ դեւերի գոյութեանը եւ անձնաւորութեանը: Սատանան անկեալ հրեշտակ է, ով հրեշտակների մի խմբի առաջնորդեց Աստուծոյ դէմ ապստամբութեան (Եսայիա 14.12-17, Եզեկիէլ 28.12-15): Նա Աստուծոյ եւ մարդու մեծագոյն թշնամին է, իսկ դեւերը նրա արբանեակներն են չարի մէջ: Նա եւ իր դեւերը յաւիտենապէս պատժուելու են կրակէ լճում (Մատթէոս 25.41, Յայտնութիւն 20.10):

Յօդուած 6. Մարդկութիւնը
Հաւատում ենք, որ մարդկութիւնը գոյացաւ Աստուծոյ ուղղակի արարմամբ, եւ որ մարդը եզակիօրէն արարուած է Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդոց 1.26-27): Հաւատում ենք, որ ողջ մարդկութիւնը Ադամի անկման պատճառով մեղսաւոր բնութիւն է ժառանգել, որ բոլոր մարդ էակները մեղանչում են (Հռոմայեցիս 3.23), եւ որ մեղքը ծայրայեղ անարգանք է Աստծուն (Հռոմայեցիս 6.23): Մարդկութիւնը բոլորովին անկարող է շտկելու այս անկեալ վիճակը (Եփեսացիս 2.1-5,12):

Յօդուած 7. Փրկութիւնը
Հաւատում ենք, որ փրկութիւնը Աստուծոյ շնորհի պարգեւ է՝ հաւատքով առ խաչի վրայ աւարտուն գործն Յիսուս Քրիստոսի (Եփեսացիս 2.8-9): Քրիստոսի մահը լիովին իրագործել է արդարացումը հաւատքով եւ փրկագնումը մեղքից: Քրիստոս մեռաւ մեր փոխարէն (Հռոմայեցիս 5.8-9) եւ մեր մեղքերը կրեց Իր մարմնում (Ա Պետրոս 2.24):

Հաւատում ենք, որ փրկութիւնն ստանում ենք միմիայն շնորհով, միմիայն հաւատքի միջոցով եւ միմիայն Քրիստոսում: Բարի գործերը եւ հնազանդութիւնը փրկութեան արդիւնք են, այլ ոչ՝ փրկութեան պայման: Քրիստոսի զոհի մեծութեան, բաւարարութեան եւ կատարելութեան շնորհիւ բոլոր նրանք, ովքեր ճշմարտապէս ընդունել են Քրիստոսին իրենց Փրկիչ, յաւիտենապէս ապահով են փրկութեան մէջ, պահպանուած են Աստուծոյ զօրութեամբ, հաստատուած և կնքուած են Քրիստոսում յաւիտեան (Յովհաննէս 6.37-40;10.27-30, Հռոմայեցիս 8.1,38-39, Եփեսացիս 1.13-14, Ա Պետրոս 1.5, Յուդա 24): Ինչպէս որ փրկութիւնը վաստակելի չէ բարի գործերով, այնպէս էլ պահպանելի կամ յարատեւելի չէ բարի գործերով: Բարի գործերն ու փոխուած կեանքը անխուսափելի արդիւնքն են փրկութեան (Յակոբոս 2):

Յօդուած 8. Եկեղեցին
Հաւատում ենք, որ Եկեղեցին՝ Մարմինը Քրիստոսի, հոգեւոր օրգանիզմ է` ներկայ դարաշրջանի բոլոր հաւատացեալներից կազմուած (Ա Կորնթացիս 12.12-14, Բ Կորնթացիս 11.2, Եփեսացիս 1.22-23, 5.25-27): Հաւատում ենք հաւատացեալի՝ ընկղմամբ ջրով մկրտութեան կարգին իբրեւ վկայութիւն առ Քրիստոս եւ Նրա հետ նոյնացում, եւ Տէրունական ընթրիքին իբրեւ յիշատակութիւն Քրիստոսի մահուան եւ հեղուած արեան (Մատթէոս 28.19-20, Գործք 2.41-42,18.8, Ա Կորնթացիս 11.23-26): Եկեղեցում հաւատացեալները պէտք է սովորեն հնազանդուել Տիրոջը եւ վկայել իրենց հաւատքն առ Քրիստոս իրենց Փրկիչը եւ պատուել Նրան սուրբ կեանքով: Հաւատում ենք Մեծ յանձնարարութեանը որպէս առաջնային առաքելութիւնը եկեղեցու: Բոլոր հաւատացեալների պարտականութիւնն է՝ վկայել, խօսքով եւ կեանքով, ճշմարտութիւնը Աստուծոյ Խօսքի: Աստուծոյ շնորհի աւետարանը պէտք է քարոզուի բովանդակ աշխարհին (Մատթէոս 28.19-20, Գործք 1.8, Բ Կորնթացիս 5.19-20):

Յօդուած 9. Գալիք բաները
Հաւատում ենք երանելի յոյսին (Տիտոս 2.13), Տէր Յիսուս Քրիստոսի վերահաս գալստին՝ Իր սրբերին յափշտակելու (Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18): Հաւատում ենք Քրիստոսի տեսանելի եւ մարմնաւոր վերադարձին երկիր, Իր սրբերի հետ, Իր խոստացեալ հազարամեայ թագաւորութիւնը հաստատելու (Զաքարիա 14.4-11, Ա Թեսաղոնիկեցիս 1.10, Յայտնութիւն 3.10, 19.11-16, 20.1-6): Հաւատում ենք մարմնով յարութեանը բոլոր մարդկանց. սրբերի՝ յաւիտենական խնդութեան ու երանութեան՝ Նոր Երկրում, և անիրաւների՝ կրակէ լճում յաւիտենական պատժի (Մատթէոս 25.46, Յովհաննէս 5.28-29, Յայտնութիւն 20.5-6,12-13):

Հաւատում ենք, որ հաւատացեալների հոգիները մահուան պահին բաժանւում են մարմնից եւ վերադառնում Տիրոջ մօտ, որտեղ եւ սպասում են յարութեանը, երբ շունչը, հոգին եւ մարմինը վերամիանան Տիրոջ հետ յաւիտեանս փառաւորուելու (Ղուկաս 23.43, Բ Կորնթացիս 5.8, Փիլիպպեցիս 1.23; 3.21, Ա Թեսաղոնիկեցիս 4.16-17): Հաւատում ենք, որ անհաւատների հոգիները մահից յետոյ մնում են գիտակից թշուառութեան մէջ մինչեւ իրենց յարութիւնը, երբ հոգով ու մարմնով վերամիացած՝ յայտնուեն դատաստանի Ճերմակ մեծ գահի առաջ եւ գցուեն կրակէ լիճը՝ յաւիտենական պատժով տառապելու (Մատթէոս 25.41-46, Մարկոս 9.43-48, Ղուկաս 16.19-26, Բ Թեսաղոնիկեցիս 1.7-9, Յայտնութիւն 20.11-15):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


ՀԱՒԱՏԱՄՔ