Ի՞նչ է եկեղեցին:



Հարց. Ի՞նչ է եկեղեցին:

Պատասխան.
Շատերն այսօր եկեղեցին հասկանում են որպէս շէնք: Սա եկեղեցու աստուածաշնչեան ըմբռնումը չէ: «Եկեղեցի» բառը ծագում է յունարէն էկլեզիա բառից, որ նշանակում է «ժողովք» կամ «կանչուածներ»: Բուն իմաստը շինութիւնը չէ բնաւ, այլ՝ մարդիկ: Զաւեշտալի է, բայց երբ մարդկանց հարցնում ես՝ ինչ եկեղեցի ես յաճախում, սովորաբար նշում են շէնքը: Հռոմայեցիս 16.5-ում ասում է. «...[բարեւեցէ՛ք] նաեւ նրանց տանը եղող եկեղեցուն»: Պօղոսն ասում է «տանը եղող եկեղեցի», ոչ թէ շէնք-շինութիւն, այլ հաւատացեալներ՝ որպէս հաւաքական մարմին:.

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որի գլուխը Ինքը՝ Քրիստոսն է: Եփեսացիս 1:22-23-ում ասում է. «Եւ ամէն բան Նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, Նրան եկեղեցու գլուխ դրեց, բոլոր բաների վրայ, որ է՝ Նրա մարմինը, այն լրումը, որ ամենը ամբողջացնում է ամենի մէջ»: Քրիստոսի մարմինը կազմուած է Յիսուս Քրիստոսում եղող բոլոր հաւատացեալներից՝ Պենտեկոստէի օրից ի վեր (Գործք 2) մինչեւ Քրիստոսի վերադարձը: Ընդսմին Քրիստոսի մարմինը կազմուած է ըստ երկու հայեցակէտի:

1) Տիեզերական եկեղեցին բաղկացած է բոլոր նրանցից, ովքեր անձնական յարաբերութիւն ունեն Յիսուս Քրիստոսի հետ: «Որովհետեւ մենք ամենքս էլ մէկ Հոգով մկրտուեցինք՝ մէկ մարմին լինելու համար. թէ՛ հրեաներ, թէ՛ յոյներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. ամենքս էլ մէկ Հոգուց խմեցինք» (Ա Կորնթ. 12.13): Ըստ այս համարի՝ ամէն ոք, ով հաւատում է, անդամն է Քրիստոսի մարմնի եւ ստացել է Քրիստոսի Հոգին ի վկայութիւն: Աստուծոյ տիեզերական եկեղեցին բոլոր նրանք են, ովքեր փրկութիւն են ստացել Յիսուս Քրիստոսին հաւատալու միջոցով:

2) Տեղական (ընդոծին) եկեղեցին պատկերուած է Գաղատացիս 1.1-2 հատուածում. «Պօղոս՝ առաքեալ... եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ»: Այստեղ տեսնում ենք, որ Գաղատիա պրովինցիայում շատ եկեղեցիներ կային, որոնք անուանում ենք տեղական եկեղեցիներ: Որեւէ Մկրտական եկեղեցի, Լիւթերական եկեղեցի կամ Կաթոլիկ եկեղեցի եւ այլն դեռեւս Եկեղեցին չէ՝ որպէս տիեզերական եկեղեցի, այլ տեղական եկեղեցի է, հաւատացեալների տեղական մարմին: Տիեզերական եկեղեցին բաղկացած է նրանցից, ովքեր Քրիստոսինն են, եւ ովքեր վստահել են Նրան իրենց փրկութիւնը: Տիեզերական եկեղեցու այս անդամները պէտք է հաղորդակցութիւն եւ հոգեւոր շինութիւն գտնեն տեղական եկեղեցում:

Ամփոփենք. եկեղեցին շէնք կամ յարանուանութիւն չէ: Ըստ Աստուածաշնչի՝ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, բոլոր նրանք, որոնց փրկութեան հաւատը Յիսուս Քրիստոսում է (Յովհաննէս 3.16, Ա Կորնթացիս 12.13): Տեղական եկեղեցիները տիեզերական եկեղեցու անդամների ժողովք են: Տեղական եկեղեցին այն մարմինն է, ուր տիեզերական եկեղեցու անդամները կարող են լիարժէք կիրառել «մարմնի» սկզբունքներն ըստ Ա Կորնթացիս 12 գլխի՝ քաջալերել, սովորեցնել եւ շինութիւն լինել միմեանց Տէր Յիսուս Քրիստոսի գիտութեան եւ շնորհի մէջ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է եկեղեցին: