նեղութեան համեմատ ե՞րբ է լինելու յափշտակութիւնը:



Հարց. նեղութեան համեմատ ե՞րբ է լինելու յափշտակութիւնը:

Պատասխան.
Նեղութեան համեմատ յափշտակութեան ժամանակը ամենավիճայարոյց հարցերից մէկն է այսօր եկեղեցում: Խնդրոյ առարկայի վերաբերեալ երեք հիմնական տեսակէտներն են. նախանեղութեան (այսինքն՝ յափշտակութիւնը լինելու է մինչեւ նեղութիւնը), միջնեղութեան (յափշտակութիւնը լինելու է նեղութեան ժամանակաշրջանի կեսին մօտ) եւ յետնեղութեան (յափշտակութիւնը լինելու է նեղութիւնից յետոյ): Չորրորդ տեսակէտը, որ յայտնի է որպէս «նախաբարկութիւն», միջնեղութեան փոքր-ինչ ձեւափոխուած տարբերակն է:

Նախ՝ հարկ է հասկանալ նեղութեան նպատակը: Ըստ Դանիէլ 9.27-ի՝ գալու է եօթանասուներորդ «եօթնեակը» (եօթ տարին): Դանիէլի «եօթանասուն եօթնեակների» ամբողջ մարգարէութիւնը (Դանիէլ 9.20-27) Իսրայէլ ազգի մասին է: Սա մի ժամանակ է, երբ Աստուած իր ուշադրութիւնը սեւեռելու է յատկապէս Իսրայէլի վրայ: Եօթանասուներորդ եօթնեակում՝ նեղութեան շրջանում նոյնպէս Աստուած գլխաւորապէս գործ է ունենալու Իսրայէլի հետ: Սա անպայմանօրէն չի նշանակում, որ եկեղեցին ներկայ չի լինելու, սակայն հարց է յարուցում, թէ եկեղեցին ինչու պիտի երկրի վրայ լինի այդ ընթացքում:

Յափշտակութեան վերաբերեալ աստուածաշնչեան հիմնական հատուածը Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18-ն է: Այստեղ կարդում ենք, որ բոլոր ողջ հաւատացեալները, ինչպէս նաեւ բոլոր մահացած հաւատացեալները, պիտի դիմաւորեն Տէր Յիսուսին օդում եւ յաւիտեան Նրա հետ լինեն: Յափշտակութիւնը երկրի վրայից Աստուծոյ ժողովրդի հեռացումն է Աստուծոյ իսկ կողմից: Մի քանի տող ցած, Ա Թեսաղոնիկեցիս 5.9-ում Պօղոսն ասում է. «Որովհետեւ Աստուած մեզ բարկութեան համար չի սահմանել, այլ փրկութիւն ստանալու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով»: Յայտնութեան գիրքը, որ հիմնականում նեղութեան ժամանակամիջոցի մասին է, մարգարէական պատգամ է, թէ Աստուած ինչպէս է իր բարկութիւնը թափելու երկրի վրայ նեղութեան ժամանակ: Մի տեսակ անյարիր է Աստծուն՝ հաւատացեալներին խոստանալ, որ իր բարկութիւնից նրանք չեն տուժելու, եւ թողնել նրանց երկրի վրայ, որ տառապեն նեղութեան շրջանի դատաստանից: Այն փաստը, որ Աստուած խոստանում է քրիստոնեաներին ազատել բարկութիւնից իր ժողովրդին երկրից հեռացնելու խոստումից անմիջապէս յետոյ, կարծես փոխառնչում է այս երկու իրադարձութիւնները:

Յափշտակութեան վերաբերեալ մէկ այլ կարեւոր հատուած է Յայտնութիւն 3.10-ը, որտեղ Քրիստոս խոստանում է պահել հաւատացեալներին «փորձութեան ժամից», որ պատուհասելու է երկրին: Սա երկու բան կարող է նշանակել. Քրիստոս կա՛մ պաշտպանելու է հաւատացեալներին փորձութիւնների մէջ, կա՛մ ազատելու է փորձութիւններից: Երկուսն էլ հաւանական են ըստ յունարէն բնագրի: Այդուհանդերձ հարկ է հասկանալ, թէ ինչից է խոստանում պահպանել քրիստոնեաներին: Ոչ թէ հէնց փորձութիւնից, այլ փորձութեան «ժամից»: Քրիստոս խոստանում է պահպանել հաւատացեալներին հէնց այն ժամանակամիջոցից, որ պարունակում է փորձութիւնները, այսինքն՝ նեղութիւնը: Նեղութեան նպատակը, յափշտակութեան նպատակը, Ա Թեսաղոնիկեցիս 5.9-ի նշանակութիւնը եւ Յայտնութիւն 3.10-ի մեկնութիւնը՝ այս ամենը պարզորոշ հիմնավորում են նախանեղութեան վարկածը: Եթէ բառացի եւ հետեւողականօրէն մեկնենք Աստուածաշունչը, ապա նախանեղութեան տեսակէտը թերեւս ամենահաւանական սուրբգրային մեկնութիւնն է:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


նեղութեան համեմատ ե՞րբ է լինելու յափշտակութիւնը: