Ո՞րն է կեանքի իմաստը:



Հարց. Ո՞րն է կեանքի իմաստը:

Պատասխան.
Ո՞րն է կեանքի իմաստը: Ինչպէ՞ս կարող եմ նպատակ, կայացում, բաւարարում գտնել իմ կեանքում: Ինչպէ՞ս հասնեմ մի բանի, որ յարատեւ նշանակութիւն ունենայ: Որքա՜ն շատ են խորհել այս կարեւոր հարցերի շուրջ: Տարիներ անց յետ են նայում ու զարմանում, թէ ինչու որոշ մարդկանց հետ իրենց յարաբերութիւնները խզուած են, ինչու են իրենց մէջ այդքան դատարկութիւն զգում, թէեւ կարծես հասել են այն ամենին, ինչին ձգտել էին: Մի մարզիկի, որ իր փառքի գագաթնակէտին էր հասել, հարցնում են, թէ ի՞նչ կուզէր, որ իրեն ասած լինէին իր մարզական կարիերայի սկզբին: Նա պատասխանում է. «Կուզէի՝ որեւէ մէկն ինձ ասած լինէր, որ երբ հասնես գագաթը, կտեսնես, որ ոչինչ չկայ»: Շատ նպատակներ տարիներ վատնելուց յետոյ միայն բացայայտում են իրենց սնանկութիւնը:

Մեր հումանիստական հասարակութեան մէջ մարդիկ հետամուտ են շատուշատ բաների՝ կարծելով, որ դրանց մէջ իմաստ պիտի գտնեն. յաջողութիւն աշխատանքում, հարստութիւն, լաւ փոխյարաբերութիւններ, սեքս, զուարճութիւն, բարեգործութիւն՝ ահա սոսկ մի քանի այդպիսի նպատակ, որոնց ձգտում են մարդիկ: Շատերն են վկայում, որ նոյնիսկ երբ հասնում են այս նպատակներին, իրենց մէջ տակաւին մնում է դատարկութեան խոր զգացումը, որը ոչինչ կարծես չի կարող լցնել:

Աստուածաշնչեան «Ժողովողի» գրքի հեղինակը ճիշտ այս զգացումն է պատկերում, երբ ասում է. «Ունայնութիւն ունայնութեանց, ամէն բան ունայն է» (Ժող. 1.2): Սողոմոն արքան՝ գրքի հեղինակը, անչափելի հարստութեան տէր էր, իմաստություն ունէր աւելի, քան որեւէ մարդ իր կամ մեր օրերում, հարիւրաւոր կանայք, պալատներ ու պարտէզներ, որ թագաւորների նախանձն էր շարժում, լաւագոյն ուտելիքն ու ըմպելիքը, ամէն տեսակ զուարճութիւն, որ այն ժամանակ կար: Եկաւ մի պահ, ասաց, որ հասել է ամէն, ամէն բանի, ինչին սիրտը փափագել է: Այնուհանդերձ, «կեանքն արեւի տակ», կեանք, որ այլ բան չէ կարծես, քան աչքի տեսածն ու զգայարաններով ընկալածը, նա ամփոփում է այսպէս՝ ունայնութիւն: Որտեղի՞ց այս դատարկութիւնը: Որովհետեւ Աստուած մեզ ստեղծել է աւելի վեհ բանի համար, քան մեր ապրածը այստեղ ու հիմա: Աստուծոյ մասին Սողոմոնն ասում է. «Նա յաւիտենութիւնը դրել է մարդկանց սրտի մէջ նաեւ» (Ժող. 3.11): Հոգու խորքում մենք էլ գիտակցում ենք, որ կեանքը սոսկ «այստեղ ու հիմա» չէ:

Ծննդոց՝ Աստուածաշունչի առաջին գրքում տեսնում ենք, որ Աստուած մարդուն Իր պատկերով է ստեղծել (Ծննդ. 1.26): Սա նշանակում է, որ մենք աւելի շատ Աստծուն ենք նման, քան որեւէ բանի (կեանքի որեւէ այլ ձեւի): Նաեւ յայտնաբերում ենք, որ մարդկութեան մեղանչումից եւ երկրի անիծուելուց առաջ ճշմարիտ էր, որ՝ 1) Աստուած մարդուն ստեղծել է որպէս ընկերային էակ (Ծննդ. 2.18-25), 2) Աստուած մարդուն աշխատանք է տուել (Ծննդ. 2.15), 3) Աստուած ընկերակցութիւն ունէր մարդու հետ (Ծննդ. 3.8), 4) Աստուած մարդուն իշխանութիւն է տուել երկրի վրայ (Ծննդ. 1.26): Ի՞նչ է այս բոլորի նշանակութիւնը: Աստուծոյ նպատակն էր, որ սրանցից իւրաքանչիւրը բաւարարում բերէր մարդու կեանքում, սակայն դրանք բոլորն էլ (յատկապէս մարդու յարաբերութիւնն Աստուծոյ հետ) ներհակօրէն խաթարուեցին մարդու մեղանչումով եւ ի հետեւանս մեղքի՝ երկրին պատուհասած անէծքով (Ծննդ. 3):

Յայտնութեան՝ Աստուածաշնչի վերջին գրքում Աստուած բացայայտում է, որ պիտի կործանի այս երկիրն ու երկինքը եւ հռչակի յաւիտենութիւնը՝ ստեղծելով նոր երկիր եւ նոր երկինք: Այն ժամանակ լիովին կվերականգնի Իր յարաբերութիւնները փրկագնուած մարդկութեան հետ, մինչ չփրկուածները կդատապարտուեն իբրեւ անարժան եւ կրակէ լիճը կգցուեն (Յայտ. 20.11-15): Մեղքի ծնած նզովքը կվերանայ, այլեւս չի լինի մեղք, վիշտ, ցաւ, հիւանդութիւն եւ մահ (Յայտ. 21.4): Աստուած պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք Աստուծոյ որդիներ պիտի լինեն (Յայտ. 21.7): Այսպէս շրջանակը պիտի գոցուի. Աստուած մեզ ստեղծել էր Իր հետ հաղորդակցուելու համար, մարդը մեղանչեց՝ խաթարելով այդ փոխյարաբերութիւնը, Աստուած լիովին վերականգնում է այդ հաղորդակցութիւնը յաւիտենականութեան մէջ: Ապրել կեանքը՝ ձգտելով ու հասնելով ամէն բանի միայն նրա համար, որ Աստծուց յաւերժ զատուած մեռնես՝ աւելի վատ ու սին ի՞նչ կարող է լինել: Բայց Աստուած գտել է միջոցը ոչ միայն յաւիտենական երանութիւնը իրագործելու (Ղուկ. 23.43), այլ նաեւ երկրի վրայ մեր կեանքը գոհացուցիչ ու իմաստալից դարձնելու: Արդ՝ ինչպէ՞ս գտնենք այդ յաւիտենական երանութիւնը եւ «երկրային դրախտը»:

ԿԵԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ՝ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒԱԾ

Կեանքի ճշմարիտ իմաստը, ե՛ւ հիմա յ, ե՛ւ յաւիտենութեան մէջ, Աստուծոյ հետ յարաբերութիւնը վերականգնելու մէջ է, որը Ադամի ու Եւայի մեղսագործութեան պատճառով կորսուած էր: Այսօր Աստուծոյ հետ այդ յարաբերութիւնը հնարաւոր է միայն Իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով (Գործք 4.12, Յովհ. 1.12; 14.6): Յաւիտենական կեանքը ձեռք ենք բերում, երբ ապաշխարում ենք մեր մեղքից (այսինքն՝ այլեւս չենք կամենում յարատեւել մեղքի մէջ), եւ Քրիստոս փոխում է մեզ՝ նոր արարած ստեղծելով, իսկ մենք ապաւինում ենք Յիսուս Քրիստոս մեր Փրկչին:

Կեանքի ճշմարիտ իմաստը միայն Յիսուս Քրիստոսին որպէս Փրկիչ ընդունելը չէ, որքան էլ հրաշալի լինի դա: Կեանքի ճշմարիտ իմաստը Քրիստոսին հետեւելն է որպէս Իր աշակերտը, Նրանից սովորելը, Նրա հետ ժամանակ անցկացնելը, Նրա Խօսքը սերտելը, աղօթքի միջոցով Նրա հետ հաղորդակցուելը, Նրա պատուիրաններին հնազանդ՝ Նրա հետ քայլելը: Եթէ դեռ հաւատացեալ չես (կամ թերեւս նորահաւատ ես), հաւանաբար ասում ես՝ «Ի՞նչ մի գրաւիչ ու հաճելի բան կայ այդ ամենում: Բայց լսի՛ր, թէ ինչ է ասում Յիսուս.

«Ինձ մօ՛տ եկէք, բոլո՛ր յոգնածներ ու բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ: Իմ լուծը ձեր վրա՛յ առէք եւ Ինձնի՛ց սովորեցէք, որովհետեւ հեզ եմ ու սրտով խոնարհ, եւ ձեր անձերին հանգստութիւն կգտնէք. որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթ. 11.28-30): «Ես եկայ, որ կեանք ունենան եւ էլ աւելի ունենան» (Յովհ. 10.10): «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող իր անձն ուրանայ, իր խաչն առնի ու գայ իմ յետեւից: Որովհետեւ ով որ իր անձը փրկել ուզի, կկորցնի այն, իսկ ով որ իր անձը կորցնի ինձ համար, կգտնի այն» (Մատթ. 16.24-25): «Տիրոջո՛վ ուրախացիր, եւ Նա կտայ քեզ սրտիդ խնդրուածքները» (Սաղմ. 37.4):

Սուրբգրային բոլոր այս խօսքերը մի կարեւոր բան են ասում՝ ընտրութիւնը մերն է: Կարող ենք շարունակել ինքներս ղեկավարել մեր կեանքը, որի արդիւնքը դատարկութիւն է, կամ էլ կարող ենք փնտրել Աստծուն եւ Նրա կամքը մեր ապրած կեանքի համար, որի արդիւնքն է լիարժէք կեանք, մեր սրտի ցանկութիւնների կատարում, բաւարարութիւն եւ գոհութիւն: Այդպէս է, որովհետեւ մեր Արարիչը սիրում է մեզ եւ լաւագոյնն է կամենում մեզ համար (թէեւ ոչ անպայման ամենադիւրին, բայց ամենագոհացուցիչ կեանքը):

Քրիստոնէական կեանքը համեմատենք մարզական հանդիսութիւն դիտող մարզասէրի ընտրութեանը. նա կարող է թանկարժէք տոմս գնել եւ մօտիկ ու յարմար դիրքից վայելել մարզական իրադարձութիւնը, կամ էլ կարող է քիչ վճարել ու հեռուից նայել: Մեր ընտրութիւնը պիտի լինի «առաջին շարքից» դիտել Աստուծոյ գործը, բայց, ցաւօք, շատերը դա չեն ընտրում: Աստծուն անմիջապէս գործի մէջ դիտելը Քրիստոսի սրտագին աշակերտների համար է, ովքեր իրենց ցանկութիւնները չեն փնտրում, այլ՝ Աստուծոյ կամքն ու նպատակները: Նրանք վճարել են գինը՝ կատարեալ նուիրումը Քրիստոսին ու Իր կամքին, նրանք լիարժէք կեանք են ապրում, նրանք կարող են երես առ երես նայել իրենց, նայել իրենց մերձաւորներին եւ իրենց Արարչին՝ առանց որեւէ բանի համար զղջալու: Իսկ դու վճարե՞լ ես այդ գինը: Պատրա՞ստ ես վճարելու: Եթէ այո, ապա իմաստն ու նպատակը երբեք այլեւ չեն պակասի քո կեանքից:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է կեանքի իմաստը: