Ընդհանուր աղօթքն անհրաժե՞շտ է: Արդեօ՞ք միացեալ, խմբային աղօթքն աւելի զօրաւոր է, քան մեկուսի աղօթքը:



Հարց. Ընդհանուր աղօթքն անհրաժե՞շտ է: Արդեօ՞ք միացեալ, խմբային աղօթքն աւելի զօրաւոր է, քան մեկուսի աղօթքը:

Պատասխան.
Ընդհանուր, միացեալ աղօթքը եկեղեցու կեանքի կարեւոր մասն է, ինչպէս երկրպագութիւնը, առողջ վարդապետութիւնը, հաղորդութիւնը եւ ընկերակցութիւնը: Վաղ եկեղեցին պարբերաբար ժողովւում էր առաքեալների վարդապետութիւնը սովորելու, հաց կտրելու եւ միատեղ աղօթելու (Գործք 2.42): Հաւատացեալների համատեղ աղօթքը կարող է շատ արդիւնաւոր լինել: Այդպիսի աղօթքը շինութիւն եւ միութիւն է բերում մեզ, երբ մէկմէկու հաղորդակցում ենք մեր հաւատքը: Նոյն Սուրբ Հոգին, ով բնակւում է իւրաքանչիւր հաւատացեալիս մէջ, ցնծութեամբ է լցնում մեր սրտերը, երբ փառաբանութիւն ենք լսում մեր Տիրոջն ու Փրկչին՝ միահիւսելով մեզ ընկերակցութեան այնպիսի ուրոյն կապով, որ կեանքում որեւէ այլ տեղ գոյութիւն չունի:

Նրանց համար, ովքեր միայնակ են եւ կքած են ամէնօրեայ հոգսերի տակ, որքա՜ն քաջալերական է լսել, թէ իրենց հաւատակիցներն ինչպէս են բարձրացնում իրեն շնորհի գահին: Որքա՜ն սէր եւ կարեկցանք է ծնւում մէր մէջ այլոց հանդէպ, երբ բարեխօսում ենք նրանց համար: Միեւնոյն ժամանակ՝ միացեալ աղօթքը կարող է աղօթակից անհատների սրտի սոսկ արտոցոլումը լինել: Մենք պէտք է Աստծուն գանք խոնարհութեամբ (Յակոբոս 4.10), ճշմարտութեամբ (Սաղմոս 145.18), հնազանդութեամբ (Ա Յովհաննէս 3.21-22), գոհունակութեամբ (Փիլիպպեցիս 4.6) եւ վստահութեամբ (Եբրայեցիս 4.16): Ցաւօք, ընդհանուր աղօթքը կարող է նաեւ բեմահարթակ դառնալ նրանց համար, ում աղօթքն ուղղուած է ոչ թէ Աստծուն, այլ իրենց լսողներին: Յիսուս զգուշացնում է նման վարքից Մատթէոս 6.5-8-ում, որտեղ յորդորում է մեզ ցուցամոլ, երկարաշունչ կամ երեսպաշտ չլինել մեր աղօթքներում, այլ ծածուկ աղօթել մեր սենեակում, որպէսզի խուսափենք աղօթքը երեսպաշտութեան գործիք դարձնելու գայթակղութիւնից:

Աստուածաշնչում չի ասւում, թէ ընդհանուր աղօթքն «աւելի զօրաւոր» է, քան անհատական աղօթքները Աստուծոյ ձեռքը շարժելու առումով: Շատ ու շատ քրիստոնեաների համար աղօթքը Աստծուց «մի բան պոկելու» միջոց է, եւ խմբային աղօթքն էլ ըստ այդմ վերածւում է մեր ուզած բաների ցանկը ներկայացնելու յարմար առիթի: Աստուածաշնչեան աղօթքները, սակայն, բազմակողմանի են՝ ներառելով մեր անմնացորդ փափագը՝ գիտակից եւ մտերիմ հաղորդակցութեան մէջ մտնելու մեր սուրբ, կատարեալ եւ արդար Աստուծոյ հետ: Իսկ այն, որ այդպիսի Աստուած ականջ կդնի իր արարածներին, պաշտամունք եւ փառաբանութիւն է հեղում առատապէս (Սաղմոս 27.4; 63.1-8), սրտառուչ ապաշխարութիւն եւ խոստովանութիւն է բխեցնում (Սաղմոս 51, Ղուկաս 18.9-14), երախտագիտութեան եւ գոհութեան հեղեղ է թափում (Փիլիպպեցիս 4.6, Կողոսացիս 1.12) եւ բարեխօսական անկեղծ աղերս է յղում այլոց համար (Բ Թեսաղոնիկեցիս 1.11; 2.16):

Արդ՝ աղօթքը գործակցութիւն է Աստծուն՝ Նրա ծրագիրն իրականացնելու, այլ ոչ թէ շեղելու Նրան դէպի մեր ուզածը: Մեր աղօթքներն իրենց բարձրակէտին են հասնում, երբ մենք թողնում ենք մեր սեփական ցանկութիւնները եւ ենթարկւում Նրան, ով շատ աւելի լաւ գիտէ մեր հանգամանքները եւ «գիտէ, թէ ինչ բաներ են անհրաժեշտ ձեզ՝ իրենից խնդրելուց առաջ» (Մատթ. 6.8): Աստուածային կամքի համաձայն մատուցուած աղօթքները միշտ պատասխանի են արժանանում՝ մէկ հոգուց հնչի, թէ հազար:

Այն կարծիքը, թէ խմբային աղօթքները աւելի հաւանական է, որ «շարժեն» Աստուծոյ աջը, հիմնականում բխում է Մատթէոս 18.19-20-ի թիւր մեկնութիւնից. «Դարձեալ ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ձեզանից երկուսը երկրի վրայ միաբանուեն, այն ամենը, ինչի համար որ խնդրեն, կլինի իմ Հօրից, որ երկնքում է: Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հաւաքուած լինեն, ես այնտեղ, նրանց մէջ եմ»: Այս տողերը մի աւելի ընդարձակ հատուածից են, որը վերաբերում է եկեղեցու մեղսագործ անդամի նկատմամբ եկեղեցական կարգուկանոնի կիրառման ընթացակարգին: Սա մեկնել որպէս գործողութիւնների ազատութեան խոստում, որպէս «դատարկ չէք», որին երկու-երեք հոգու համաձայնութեամբ ինչ էլ գրես՝ կլինի, որքան էլ մեղսալի ու անմիտ, ոչ միայն խորթ է այդ հատուածի բովանդակութեանը, այլեւ հակասում է ամբողջ Սուրբ Գրքին, յատկապէս Աստուծոյ ինքնիշխանութեանը:

Ի լրումն ասուածին՝ ասել, թէ երբ երկու – երեք հոգի հաւաքւում են աղօթքի, մոգական զօրեղ ազդակ է հաղորդւում խնրանքին, զուրկ է աստուածաշնչային հիմքից: Անշուշտ Յիսուս ներկայ է, երբ երկու կամ երեք հոգի միաբան աղօթում են, բայց Յիսուս հաւասարապէս ներկայ է նաեւ, երբ միայն մէկ հաւատացեալ է մեկուսի աղօթում, նոյնիսկ եթէ այդ մէկը հազարաւոր մղոն հեռու է միւսներից: Համատեղ աղօթքը կարեւոր է, որովհետեւ միաբանութիւն է կերտում (Յովհաննէս 17.22-23), փոխադարձաբար քաջալերում է հաւատացեալներին (Ա Թեսաղոնիկեցիս 5.11) եւ խթանում է միմեանց հանդէպ սիրոյ եւ բարի գործերի (Եբրայեցիս 10.24):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ընդհանուր աղօթքն անհրաժե՞շտ է: Արդեօ՞ք միացեալ, խմբային աղօթքն աւելի զօրաւոր է, քան մեկուսի աղօթքը: