Ինչպէ՞ս են մարդիկ փրկուել նախքան մեր մեղքերի համար Յիսուսի մեռնելը:



Հարց. Ինչպէ՞ս են մարդիկ փրկուել նախքան մեր մեղքերի համար Յիսուսի մեռնելը:

Պատասխան.
Մարդու անկումից յետոյ փրկութեան հիմքը մշտապէս եղել է Քրիստոսի մահը: Ոչ ոք, թէ՛ մինչեւ խաչը, թէ՛ խաչից ի վեր, երբեւէ չի փրկուել առանց համաշխարհային պատմութեան այդ առանցքային իրադարձութեան: Քրիստոսի մահը հատուցեց հինկտակարանային սրբերի անցած մեղքերի և նորկտակարանային սրբերի ապագայ մեղքերի պատիժը:

Փրկութեան համար միակ պահանջը մշտապէս եղել է հաւատը: Փրկութեան համար հաւատի միակ առարկան մշտապէս եղել է Աստուած: Սաղմոսերգուն ասում է՝ «Երանի՜ ամենքին, որ Նրան են յուսացած» (Սաղմ. 2.12): Ծննդոց 15.6-ը ասում է, որ Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ դա բաւական էր, որ Աստուած արդարութիւն համարեր դա նրան (տե՛ս նաեւ Հռոմայեցիս 4.3-8): Հին Կտակարանի զոհակարգը չէր վերացնում մեղքը, ինչպէս պարզորոշ սովորեցնում է Եբրայեցիս 10.1-10 հատուածը, սակայն ցոյց էր տալիս այն օրը, երբ Աստուծոյ Որդին պիտի հեղէր Իր արիւնը մարդկային մեղսաւոր ցեղի համար:

Դարերի ընթացքում փոխուել է թերեւս միայն հաւատի բովանդակութիւնը: Հաւատալու աստուածային պահանջը հիմնուած է յայտնութեան այն քանակութեան վրայ, որ Նա տուել է մարդկութեանը մինչեւ տուեալ պահը: Սա կոչւում է յարաճուն յայտնութիւն: Ադամը հաւատաց Աստուծոյ տուած խոստմանը (Ծննդոց 3.15), ըստ որի կնոջ Սերմը յաղթելու էր Սատանային: Ադամը հաւատաց Նրան, իր հաւատը դրսեւորեց Եւային տուած անուամբ (3.20), եւ Տէրն անմիջապէս ի նկատի առաւ դա՝ կաշուէ հանդերձով ծածկելով նրանց (3.21): Այդ պահին դա այն ամենն էր, որ Ադամը գիտէր, բայց հաւատաց դրան:

Աբրահամը հաւատաց Աստծուն ըստ խոստմանց եւ նոր յայտնութեան, որ Աստուած տուեց նրան Ծննդոց 12 եւ 15 գլուխներում: Սուրբ Գիրքը գրուած չէր մինչեւ Մովսէսը, բայց մարդկութիւնը պատասխանատու էր այն ամենի համար, որ Աստուած արդէն յայտնել էր: Ամբողջ Հին Կտակարանում հաւատաւորները փրկութեան հասան, որովհետեւ հաւատացին, որ Աստուած մի օր լուծելու էր իրենց մեղաւորութեան խնդիրը: Այսօր յետ ենք նայում՝ հաւատալով, որ Նա արդէն հոգացել է մեր մեղքերի խնդիրը խաչի վրայ (Յովհաննէս 3.16, Եբրայեցիս 9.28):

Հապա Քրիստոսի ժամանակակից հաւատացեալնե՞րը նախքան խաչը եւ յարութիւնը: Նրա՞նք ինչին հաւատացին: Արդեօ՞ք հասկացան իրենց մեղքերի համար Քրիստոսի մահուան ամբողջ պատկերը: Իր ծառայութեան աւելի ուշ շրջանում «Յիսուս սկսեց աշակերտներին յայտնել, թէ Ինքը պէտք է Երուսաղէմ գնայ, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի» (Մատթ. 16.21-22): Ինչպէ՞ս արձագանքնեցին աշակերտներն այս խօսքին: «Պետրոսը, Նրան մի կողմ տանելով, սկսեց յանդիմանել Նրան ու ասաց՝ “Քա՛ւ լիցի քեզ, Տէր, այդ բանը թող չլինի քեզ”»: Պետրոսն ու միւս աշակերտները չգիտէին ողջ ճշմարտութիւնը, բայց փրկուեցին, որովհետեւ հաւատացին, որ Աստուած կհոգայ իրենց արդարացման խնդիրը: Թէ ինչպէս՝ ստոյգ չգիտէին, ոչ աւելի, քան Ադամը, Աբրահամը, Մովսէսը կամ Դաւիթը, բայց նրանք բոլորն էլ հաւատացին Աստծուն:

Այսօր մենք շատ աւելի ընդարձակ յայտնութիւն ունենք, քան մինչեւ Քրիստոսի յարութիւնն ապրած մարդիկ. մենք գիտենք լրիւ պատկերը: «Շատ անգամներ ու շատ ձեւերով Աստուած առաջուց մարգարէների միջոցով մեր հայրերի հետ խօսելով՝ այս վերջին օրերին խօսեց մեզ հետ Որդու միջոցով, որին ամէն բանի ժառանգ դրեց, որի միջոցով աշխարհն էլ ստեղծեց» (Եբր. 1.1-2): Մեր փրկութիւնը տակաւին հիմնուած է Քրիստոսի մահուան վրայ, մեր հաւատը տակաւին փրկութեան պահանջն է, եւ մեր հաւատի առարկան մինչ օրս եւ մշտապէս Աստուած է: Այսօր մեզ համար մեր հաւատի բովանդակութիւնն այն է, որ Յիսուս Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար, թաղուեց եւ երրորդ օրը յարութիւն առաւ (Ա Կորնթացիս 15.3-4):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս են մարդիկ փրկուել նախքան մեր մեղքերի համար Յիսուսի մեռնելը: