Ո՞րն է Տէրունական ընթրիքի (քրիստոնէական հաղորդութեան) նշանակութիւնը:



Հարց. Ո՞րն է Տէրունական ընթրիքի (քրիստոնէական հաղորդութեան) նշանակութիւնը:

Պատասխան.
Տէրունական ընթրիքի ուսումնասիրութիւնը հոգեպարար զբաղմունք է դրա խորունկ իմաստի եւ բովանդակութեան շնորհիւ: Զատկի դարաւոր տօնակատարութեան հերթական օրն էր, Իր մահուան նախօրէին, երբ Յիսուս սահմանեց մի նոր, նշանակալի խնջոյք, որ պահում ենք մինչեւ օրս: Դա քրիստոնէական երկրպագութեան անբաժանելի մասն է, այն յիշեցնում է մեզ Տիրոջ մահը եւ յարութիւնը եւ մեր հայեացքն ուղղում է Նրա ապագայ փառաւոր վերադարձին:

Զատիկը հրէից կրօնական տոմարի ամենասրբազան տօնն էր: Այն նշանաւորում էր Եգիպտոսի վերջին աղէտը, երբ մեռան եգիպտացիների առաջնեկները, իսկ իսրայէլացիները փրկուեցին շնորհիւ նրանց տների դրանդիներին քսած գառան արեան: Գառը այնուհետեւ խորովեցին եւ անթթխմոր հացով կերան: Աստուած պատուիրեց այդ տօնը նշել սերնդէսերունդ: Այս պատմութիւնը կարդում ենք Ելից 12 գլխում:

Վերջին ընթրիքին՝ Զատկի տօնին, Յիսուս ձեռքն առաւ հացը, գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց Իր աշակերտներին եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրւում է. այս արէ՛ք իմ յիշատակի համար: Այդպէս էլ ընթրիքից յետոյ բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնով, որ ձեզ համար թափւում է» (Ղուկ. 22.19-21): Եւ ընթրիքն աւարտեց օրհներգելով (Մատթէոս 26.30), ապա գիշերը գնացին Ձիթենեաց լեռը: Այնտեղ էր, որ Յուդան մատնեց Յիսուսին, ինչպէս որ կանխասուած էր: Յաջորդ օրը Նա խաչուեց:

Տէրունական ընթրիքի վերաբերեալ կարդում ենք Աւետարաններում (Մատթէոս 26.26-29, Մարկոս 14.17-25, Ղուկաս 22.7-22 եւ Յովհաննէս 13.21-30): Պօղոս առաքեալը Տէրունական ընթրիքին անդրադարձել է Ա Կորնթացիս 11.23-29-ում: Պօղոսն աւելացնում է մի բան, որ չենք գտնում Աւետարաններում. «Ուրեմն ով որ ուտի այս հացը կամ Տիրոջ բաժակը խմի անարժանաբար, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին ու արիւնին: Ուրեմն մարդ թող իր անձը փորձի ու յետոյ այն հացից ուտի ու այն բաժակից խմի: Որովհետեւ անարժանաբար ուտողն ու խմողն իր անձի համար դատապարտութիւն է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը» (Ա Կորնթ. 11.27-29): Հարց է ծագում՝ ի՞նչ ասել է «անարժանաբար» ուտել հացը եւ խմել բաժակը: Դա նշանակում է անպատուել հացի ու բաժակի ճշմարիտ իմաստը եւ ուրանալ այն վիթխարի գինը, որ մեր Տէրը վճարեց մեր փրկութեան համար: Կամ թերեւս այդ արարողութիւնը դարձնել անկենդան ու ձեւական ծէս կամ Տէրունական ընթրիքին ներկայանալ չխոստովանուած մեղքով: Պօղոսի հրահանգին հնազանդ՝ պարտաւոր ենք քննել մեր անձը նախքան այդ հացն ուտելը եւ այդ բաժակից խմելը:

Պօղոսի մէկ այլ դրոյթ նոյնպէս, որ չկայ Աւետարաններում. «Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահն էք պատմում, մինչեւ որ Նա գայ» (Ա Կորնթ. 11.26): Սա ժամանակային սահման է դնում այս արարողութեան վրայ՝ մինչեւ մեր Տիրոջ վերադարձը: Այս համառօտ պատումից իմանում ենք՝ ինչպէս Յիսուս երկու «նսեմ» տարրերով խորհրդանշեց Իր մարմինն ու արիւնը եւ դրանցով յուշարձան կանգնեցրեց Իր մահուանը: Զարդանախշ մարմարից չէր այդ յուշարձանը եւ ոչ էլ ձուլածոյ բրոնզից, այլ պարզ հացից ու գինուց:

Նա ասաց, որ հացը խորհրդանշում է Իր մարմինը, որ կոտրուելու էր: Ոչ թէ ոսկորը կոտրուեց, այլ Իր մարմինն այնպիսի կտտանքներ կրեց, որ անճանաչելի դարձաւ (Սաղմոս 22.12-17, Եսայիա 53.4-7): Գինին խորհրդանշում է Նրա արիւնը՝ նշելով այն սոսկալի մահը, որին շուտով պիտի մատնուէր: Նա՝ կատարեալ Որդին Աստուծոյ, դարձաւ Փրկչի վերաբերեալ հինկտարակարանային բազմաթիւ մարգարէութիւնների կատարումը (Ծննդոց 3.15, Սաղմոս 22, Եսայիա 53): Երբ ասաց՝ «Այս արէ՛ք իմ յիշատակի համար», նկատի ունէր, որ այս արարողութիւնը պիտի շարունակուէր ապագայում: Նաեւ նշում էր, որ Զատիկը, որ գառան զոհ էր պահանջում եւ սպասում էր Աստուծոյ Գառան գալստին, ով պիտի հեռացնէր աշխարհի մեղքը, կատարուեց Տէրունական ընթրիքով: Նոր Ուխտը փոխարինեց Հին Ուխտին, երբ Քրիստոս՝ Զատկի Գառը (Ա Կորնթացիս 5.7), զոհ մատուցուեց (Եբրայեցիս 8.8-13): Հինկտակարանային զոհակարգն անհրաժեշտ չէր այլեւս (Եբրայեցիս 9.25-28): Տէրունական ընթրիքը կամ քրիստոնէական հաղորդութիունը յիշատակութիւնն է այն ամենի, որ Քրիստոս արեց մեզ համար, եւ տօնակատարութիւնն է մեր ստացուածքի՝ յարդիւնս Նրա զոհի:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է Տէրունական ընթրիքի (քրիստոնէական հաղորդութեան) նշանակութիւնը: