Ի՞նչ է նշանակում՝ Յիսուս Աստուծոյ Որդին է:



Հարց. Ի՞նչ է նշանակում՝ Յիսուս Աստուծոյ Որդին է:

Պատասխան.
Յիսուս Աստուծոյ Որդին է ոչ մարդկային հայր եւ որդի իմաստով: Աստուած չի ամուսնացել եւ զաւակ չի ունեցել: Աստուած չի կենակցել Մարիամի հետ, եւ նրանք միասին երեխայ չեն ծնել: Յիսուս Աստուծոյ Որդին է այն իմաստով, որ Աստուած է՝ մարդկային կերպարանքով յայտնուած (Յովհաննէս 1.1, 14): Յիսուս Աստուծոյ Որդին է այնքանով, որ յղացուել է Մարիամի որովայնում Սուրբ Հոգու միջոցով: Ղուկաս 1.35-ը ասում է. «Հրեշտակը պատասխանեց նրան. “Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ հովանի կլինի, դրա համար այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կկոչուի”»:

Հրեայ իշխանաւորների ատեանի առաջ դատի պահին քահանայապետը պահանջ դրեց Յիսուսի առջեւ. «Կենդանի Աստուծով եմ քեզ երդուեցնում, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին» (Մատթ. 26.63): «Յիսուսն էլ նրան ասաց. “Դո՛ւ ասացիր, սակայն ասում եմ ձեզ. սրանից յետոյ Մարդու Որդուն կտեսնէք Զօրութեան աջ կողմը նստած եւ երկնքի ամպերի վրայով գալիս”» (Մատթ. 26.64): Հրեայ առաջնորդները բարկութեամբ արձագանքեցին՝ մեղադրելով Յիսուսին հայհոյութեան մէջ (Մատթ. 26.65-66): Ապա եւ, երբ Պիղատոսի առաջ էին, «Հրեաները նրան պատասխանեցին. “Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է մեռնի, որովհետեւ ինքն իրեն Աստուծոյ Որդի դարձրեց”» (Յովհ. 19.7): Ինչո՞ւ պիտի իրեն Աստուծոյ Որդի կոչելը հայհոյութիւն համարուէր: Հրեայ առաջնորդները շատ ճիշտ հասկացան, թէ ինչ իմաստ ունէր «Աստուծոյ Որդի» անուանումը: Աստուծոյ Որդի լինել նշանակում է Աստուծոյ նոյն բնութիւնն ունենալ: Աստուծոյ Որդին «Աստծուց է»: Աստուծոյ հետ նոյն բնութիւնն ունենալու, փաստօրէն Աստուած լինելու պնդումը հայհոյութիւն էր հրեայ առաջնորդների համոզմամբ, դրա համար էլ պահանջում էին Յիսուսի մահը՝ համաձայն Ղեւտացոց 24.15-ի: Եբրայեցիս 1.3-ը շատ պարզ է արտայայտում դա. «Նրա փառքի լոյսը լինելով ու Նրա էութեան նկարագիրը»:

Մէկ այլ օրինակ է Յովհաննէս 17.12-ը, որտեղ Յուդան կոչւում է «կորստեան որդի»: Յովհաննէս 6.71-ից գիտենք, որ Յուդան Սիմօնի որդին էր: Ուրեմն ի՞նչ նկատի ունի Յովհաննէս 17.12-ը՝ Յուդային «կորստեան որդի» անուանելով: Յուդան բառացիօրէն «կորստի» կամ «կործանման» որդին չէր իհարկէ, այդ բառը սոսկ նրա կեանքի բնութագիրն է: Նա ինքը կորստի ու կործանումի մարմնացում էր: Նոյն օրինակով եւ Յիսուս Աստուծոյ Որդի է: Աստուծոյ Որդին Աստուած է: Յիսուս Աստուծոյ յայտնութիւն է (Յովհաննէս 1.1, 14):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում՝ Յիսուս Աստուծոյ Որդին է: