Ո՞վ է Յիսուս Քրիստոս:



Հարց. Ո՞վ է Յիսուս Քրիստոս:

Պատասխան.
Ի տարբերութիւն «արդեօք Աստուած կայ» հարցի՝ շատ քչերն են վիճարկում Յիսուս Քրիստոսի գոյութիւնը: Ընդհանուր առմամբ ընդունւում է, որ Յիսուս իրապէս մարդ էր, որն ապրել է երկրի վրայ, Իսրայէլում, 2000 տարի առաջ: Վէճը ծագում է այն պահից, երբ Յիսուսի լրիւ ինքնութեան հարցն է քննարկւում: Գրեթէ բոլոր հիմնական կրօնները ուսուցանում են, որ Յիսուս մարգարէ է, բարի ուսուցիչ կամ բարեպաշտ մի մարդ: Խնդիրն այն է, որ Աստուածաշունչը հաստատապէս ասում է, որ Յիսուս անսահման աւելին է, քան մարգարէ, բարի ուսուցիչ կամ բարեպաշտ մարդ:

Ահա ինչ է գրում Քլայվ Ս. Լուիսն իր Պարզ քրիստոնէութիւն գրքում. «Փորձում եմ այսպիսով հեռու պահել որեւէ մէկին, որ Նրա [Յիսուս Քրիստոսի] մասին իսկապէս յիմար բաներ չասի, որ յաճախ լսում ենք. «Պատրաստ եմ ընդունել Յիսուսին որպէս մեծաբարոյ ուսուցիչ, բայց չեմ կարող ընդունել Նրա այն պնդումը, թէ Աստուած է»: Ահա հէնց սա է, որ չպէտք է ասենք: Մարդը, որ սոսկ մարդ է եւ ասում է բաներ, որ Յիսուս է ասել, չի կարող մեծաբարոյ ուսուցիչ լինել: Նա կա՛մ խենթ է, այն աստիճան, որը ասում է թէ ձու է՝ առանց կճեպի խաշած, կա՛մ էլ նոյն ինքը՝ դժոխքի Սատանան է: Ի՛նքդ ընտրիր: Այս մարդը կա՛մ Աստուծոյ Որդին էր եւ է, կա՛մ խելագար է, կա՛մ աւելի վատ մի բան: Կարող ես Նրան հոգեբուժարանում արգելել, կարող ես թքել վրան կամ սպանել իբրեւ դեւի, կա՛մ էլ պիտի Նրա ոտքերն ընկնելով Տէր եւ Աստուած կոչես: Միայն թէ եկէք մեծահոգի անմտութիւններ չասենք՝ իբր Նա մարդկանց մեծ ուսուցիչ է եղել: Յիսուս այդ տարբերակը մեզ չի տուել եւ ոչ էլ միտք է ունեցել տալու»:

Ուրեմն ի՞նչ է ասում Յիսուս Իր մասին: Ո՞վ է Նա՝ ըստ Սուրբ Գրքի: Նախ եկէք քննենք Յիսուսի բառերը Յովհաննու 10.30-ում. «Ես եւ Հայրը մի ենք»: Առաջին հայեացքից սա գուցէեւ Աստուած լինելու պնդում չէ: Բայց տեսէ՛ք, թէ ինչպէս են հրեաները հակազդում Նրա այս յայտարարութեանը. «Բարի գործի համար չենք քարկոծում քեզ, այլ հայհոյութեան համար, որ դու, մարդ լինելով, քեզ Աստուած ես դարձնում» (Յովհ. 10.33): Հրեաները Յիսուս Քրիստոսի յայտարարութիւնը հասկացան որպէս Աստուած լինելու յաւակնութիւն: Այնուհետեւ տեսնում ենք, որ Յիսուս չփորձեց ուղղել նրանց, չասաց՝ «Ես չեմ պնդում, թէ Աստուած եմ»: Սա հաստատում է, որ Յիսուս «Ես եւ Հայրը մի ենք» խօսքով իսկապէս ասում էր, որ Աստուած է: Յովհաննու 8.58-ը մէկ այլ օրինակ է: Յիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես»: Դարձեալ, ի պատասխան Նրա բառերի, հրեաները քարեր առան եւ ուզում էին Նրան սպանել (Յովհ.8.59): Յիսուսի ինքնութեան «Ես եմ» խօսքը ուղղակի յղում է Աստուծոյ հինկտակարանային անուանը (Ելից 3.14): Ինչո՞ւ պիտի հրեաները կրկին ուզէին քարկոծել, եթէ Յիսուս ասած չլինէր մի բան, որ նրանց համոզմամբ հայհոյութիւն էր, նոյնն է թէ՝ Աստուած լինելու յաւակնութիւն:

Յովհաննու 1.1-ը ասում է՝ «Բանը Աստուած էր»: Յովհաննու 1.14-ը ասում է՝ «Բանը մարմին եղաւ»: Պարզ ասում է, որ Յիսուս մարմնացեալ Աստուած է: Թովմաս առաքեալն ասում է Յիսուսին. «Իմ Տէ՛ր եւ իմ Աստուա՛ծ» (Յովհ. 20.28): Յիսուս չի ուղղում նրան: Պօղոս առաքեալը Նրան բնութագրում է որպէս «մեծ Աստուած եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոս» (Տիտոս 2.13): Պետրոս առաքեալն էլ նոյնն է ասում. «... մեր Աստուծոյ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի» (Բ Պետր. 1.1): Հայր Աստուած նոյնպէս վկայում է Յիսուսի ինքնութիւնը. «Սակայն Որդուն ասում է՝ «Քո գահը, ո՛վ Աստուած, յաւիտեանս յաւիտենից է. քո թագաւորութեան գաւազանն արդարութեան գաւազան է» (Եբր. 1.8): Յիսուսի վերաբերեալ հինկտակարանային մարգարէութիւնները ազդարարում են Նրա աստուածութիւնը. «Մեզ մի մանուկ ծնուեց, մեզ որդի տրուեց, եւ իշխանութիւնը Նրա վրայ պիտի լինի: Նրա անունը պիտի կոչուի Սքանչելի, Խորհրդակից, Հզօր Աստուած, Յաւիտենութեան Հայր, Խաղաղութեան Իշխան» (Եսայիա 9.6):

Այսպիսով, ինչպէս Քլայվ Լուիսն է ասում, Յիսուսին բարի ուսուցիչ համարելը ընդունելի տարբերակ չէ: Յիսուս պարզ ու աներկբայ պնդում է, որ Աստուած է: Եթէ Աստուած չէ, ուրեմն խաբեբայ է, հետեւաբար, մարգարէ, բարի ուսուցիչ կամ ազնուաբարոյ մարդ լինել չի կարող: Ժամանակակից «գիտնականները» Յիսուսի խօսքերը բացատրելու իրենց փորձերում պնդում են, իբր «ճշմարիտ պատմական Յիսուս» չի ասել այն խօսքերից շատերը, որոնք Աստուածաշունչը վերագրում է Նրան: Ո՞վ ենք մենք, որ վէճի բռնուենք Աստուծոյ Խօսքի հետ, թէ Յիսուս այս բանն ասել է, թէ ոչ: Ինչպէ՞ս կարող է ոմն գիտնական, որ ապրում է Յիսուսից երկու հազար տարի անց, աւելի ճշգրիտ իմանայ, թէ Յիսուս ինչ է ասել կամ ինչ չի ասել, քան նրանք, ովքեր Նրա հետ ապրել են, ծառայել են եւ անմիջապէս Նրանից սովորել են (Յովհ. 14.26):

Ինչո՞ւ Յիսուսի ինքնութեանը վերաբերող այս հարցը այդքան կարեւոր է: Ի՞նչ կապ ունի՝ Յիսուս Աստուած է, թէ ոչ: Ամենակարեւոր պատճառը, որ Յիսուս պէտք է Աստուած լինէր, այն է, որ եթէ Աստուած չէ, ապա Նրա մահը բաւարար չէ ողջ աշխարհի մեղքերի գինը վճարելու համար (Ա Յովհ. 2.2): Միայն Աստուած կարող էր այսպիսի անսահման պատիժը հատուցել (Հռոմ. 5.8, Բ Կորնթ. 5.21): Յիսուս պէտք է Աստուած լինէր, որ ի զօրու լինէր վճարելու մեր պարտքը: Յիսուս պէտք է նաեւ մարդ լինէր, որ մեռնէր: Փրկութիւնը միայն Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի միջոցով է: Յիսուս Աստուած է, դրա համար էլ փրկութեան միակ ճանապարհն է: Յիսուս Աստուած է, դրա համար էլ ասում է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ոք Հօր մօտ չի գալիս, եթէ ոչ՝ ինձնով» (Յովհ. 14.6):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞վ է Յիսուս Քրիստոս: