Աստուած տակաւին խօսո՞ւմ է այսօր:



Հարց. Աստուած տակաւին խօսո՞ւմ է այսօր:

Պատասխան.
Սուրբ Գրքում բազմիցս հանդիպում ենք Աստծուն մարդկանց հետ բարձրաձայն խօսելիս (Ելից 3.14, Յեսու 1.1, Դատաւորաց 6.18, Ա Թագաւորաց 3.11, Բ Թագաւորաց 2.1, Յոբ 40.1, Եսայիա 7.3, Երեմիա 1.7, Գործք 8.26; 9.15-ը այդպիսի մի քանի օրինակ են միայն): Սուրբգրային որեւէ պատճառ չկայ, թէ ինչու Աստուած որեւէ մարդու հետ ձայնով չի խօսելու կամ չի կարող խօսել այսօր: Աստուծոյ՝ ձայնով խօսելու հարիւրաւոր դէպքերը, սակայն, պիտի նկատի առնել, որ եղել են մարդկութեան պատմութեան չորս հազարամեակի ընթացքում: Աստուծոյ՝ բարձրաձայն խօսելը առաւելապէս բացառութիւն է, քան թէ կանոն: Նոյնիսկ Աստուածաշնչում արձանագրուած օրինակներում երբեմն պարզ չէ՝ լսելի ձայն էր դա, ներքին ձայն, թէ մտաւոր տպաւորութիւն:

Աստուած այսօր էլ խօսում է մարդկանց հետ: Նախ՝ խօսում է Իր Խօսքի՝ Սուրբ Գրքի միջոցով (Բ Տիմոթէոս 3.16-17). Եսայիա 55.11-ը ասում է. «Այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ ու չկատարի այն, ինչի համար որ ուղարկել եմ»: Աստուածաշունչը Աստուծոյ գրի առնուած խօսքն է, այն ամենը, որ մեզ պէտք է փրկուելու եւ քրիստոնէական կեանք ապրելու: Բ Պետրոս 1.3-ը հռչակում է. «Նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց այն ամենը, ինչ կեանքի եւ աստուածպաշտութեան համար պէտք է Նրա՛ գիտութեամբ, ով մեզ կանչեց փառքով ու առաքինութեամբ»:

Երկրորդ. Աստուած խօսում է տպաւորութիւններով, իրադարձութիւններով եւ մտքերով: Օգնում է մեզ մեր խղճմտանքի միջոցով զանազանելու ճիշտը սխալից, լաւը՝ վատից (Ա Տիմոթէոս 1.5, Ա Պետրոս 3.16): Աստուած մեր միտքը յարմարեցնում է Իր խոհերին, Իր կամքին (Հռոմայեցիս 12.2): Նա թոյլ է տալիս, որ մեր կեանքում պատահող դէպքերը ուղղորդեն մեզ, փոխեն մեզ եւ օգնեն հոգեւորապէս աճելու (Յակոբոս 1.2-5, Եբրայեցիս 12.5-11): Ա Պետրոս 1.6-7-ը յիշեցնում է. «Նրանով կուրախանաք, թէեւ հիմա, ինչպէս հարկն է պահանջում, պէս-պէս փորձանքների մէջ մի քիչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատի փորձառութիւնն աւելի պատուական լինի, քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձւում, գուութեան, պատուի ու փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ»:

Եւ վերջապէս, Աստուած երբեմն խօսում է բարձրաձայն, թէեւ խիստ կասկածելի է, որ սա այնքան յաճախ է պատահում, որքան ոմանք պնդում են: Կրկնենք. նոյնիսկ Աստուածաշնչում գրուած դէպքերը բացառութիւն են, քան թէ օրինաչափութիւն: Եթէ որեւէ մէկից լսում էք, թէ Աստուած խօսել է իր հետ, ասուածը մի՛շտ համամետէք Աստուածաշնչի հետ: Եթէ Աստուած խօսէր այսօր, Նրա խօսքը պիտի լիովին համահունչ լինէր այն ամենին, ինչ Նա արդէն ասել է Սուրբ Գրքում (Բ Տիմոթէոս 3.16-17): Աստուած չի հակասում Իրեն:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Աստուած տակաւին խօսո՞ւմ է այսօր: