Ի՞նչ է քրիստոնէութիւնը, եւ ինչի՞ն են հաւատում քրիստոնեաները:



Հարց. Ի՞նչ է քրիստոնէութիւնը, եւ ինչի՞ն են հաւատում քրիստոնեաները:

Պատասխան.
Քրիստոնէութեան առանցքային հաւատալիքները ամփոփուած են Ա Կորնթացիս 15.1-4 հատուածում: Յիսուս մեռաւ մեր մեղքերի համար, թաղուեց, յարութիւն առաւ եւ այդպիսով փրկութիւն է առաջարկում բոլորին, ով կընդունի Իրեն հաւատքով: Քրիստոնէութիւնն այլ կրօններից առանձնանում է նրանով, որ առաւելապէս փոխյարաբերութիւն է, քան թէ կրօնական գործելակերպ: «Կարելի – չի կարելի»-ների ինչ-որ ցանկի յարելու փոխարէն քրիստոնեայի նպատակը Աստուծոյ հետ մտերմութիւն հաստատելն է: Այդպիսի փոխյարաբերութիւնը հնարաւոր է լինում Յիսուս Քրիստոսի գործի եւ Սուրբ Հոգու ծառայութեան միջոցով:

Բացի առանցքային այս հաւատալիքներից շատ այլ բաներ կան (կամ առնուազն պիտի լինեն), որոնք ցոյց են տալիս, թե քրիստոնէութիւնը ինչ է եւ ինչին է հաւատում: Քրիստոնեաները հաւատում են, որ Աստուածաշունչը Աստծուց ներշնչուած Խօսքն է Աստուծոյ, եւ որ նրա ուսմունքը վերջնական հեղինակութիւն է հաւատի եւ գործելակերպի բոլոր հարցերում (Բ Տիմ. 3.16, Բ Պետ. 1.20-21): Քրիստոնեաները հաւատում են մէկ Աստուծոյ, ով գոյութիւն ունի երեք անձերում՝ Հայրը, Որդին (Յիսուս Քրիստոս) եւ Սուրբ Հոգին:

Քրիստոնեաները հաւատում են, որ մարդը յատուկ ստեղծուած է Աստուծոյ հետ յարաբերուելու համար, բայց մեղքը բոլոր մարդկանց հեռացնում է Աստծուց (Հռոմ. 5.12; 3.23): Քրիստոնէութիւնը սովորեցնում է, որ Յիսուս Քրիստոս ապրել է երկրի վրայ որպէս լիակատար Աստուած եւ լիակատար մարդ (Փիլիպ. 2.6-11), եւ մեռել է խաչի վրայ: Քրիստոնեաները հաւատում են, որ մահանալուց յետոյ Քրիստոս թաղուել է, ապա յարութիւն է առել եւ այժմ Հօր աջակողմում է՝ յաւերժ բարեխօսելով հաւատացեալների համար (Եբր. 7.25): Քրիստոնէութիւնն ազդարարում է, որ խաչի վրայ Յիսուսի մահը բաւարար է, որպէսզի վճարի բոլոր մարդկանց մեղքի պարտքը, եւ այս է, ահա, որ վերականգնում է Աստուծոյ եւ մարդու խախտուած փոխյարաբերութիւնը (Երբ. 9.11-14; 10.10, Հռոմ. 5.8; 6.23):

Քրիստոնէութիւնը սովորեցնում է, որ փրկուելու եւ մահից յետոյ երկինք գնալու համար մարդը անվերապահօրէն պիտի հաւատայ խաչի վրայ Քրիստոսի կատարած գործին: Երբ հաւատում ենք, որ Քրիստոս մեր փոխարէն մեռաւ եւ վճարեց մեր սեփական մեղքերի համար, ապա եւ յարութիւն առաւ, այնժամ միայն փրկւում ենք: Ոչ ոք ոչինչ չի կարող անել փրկութիւն վաստակելու համար: Ոչ ոք չի կարող «այնքան բարի» լինել, որ իրենով գոհացնի Աստծուն, որովհետեւ բոլորս էլ մեղաւոր ենք (Եսայիա 53.6; 64.6-7): Այլեւս անելիք չկայ, քանզի Քրիստոս արել է ամբողջ գործը: Յիսուս խաչի վրայ ասաց. «Կատարուած է» (Յովհ. 19.30), այսինքն՝ փրկագործութիւնը աւարտուած էր:

Քրիստոնէութեան համաձայն՝ փրկութիւնը ազատութիւն է հին, մեղսալի բնութիւնից եւ ազատութիւն է Աստուծոյ հետ ճշմարիտ յարաբերութեան հետեւելու: Որտեղ որ մի ժամանակ ստրուկ էինք մեղքին, այժմ ստրուկներ ենք Քրիստոսի (Հռոմ. 6.15-22): Հաւատացեալները քանի դեռ ապրում են երկրի վրայ իրենց մեղսաւոր մարմնում, մշտապէս պայքարի մէջ են լինելու մեղքի հետ: Այդուհանդերձ, նրանք կարող են յաղթել մեղքին՝ սերտելով եւ կիրառելով Աստուծոյ Խօսքը իրենց կեանքում եւ մնալով Սուրբ Հոգու հսկողութեան ներքոյ, այն է՝ ենթարկուելով Հոգու առաջնորդութեանը ամենօրեայ կեանքում:

Արդ՝ մինչ կրօնական շատ համակարգեր մարդուց պահանջում են այս բանն անել, այն բանը չանել, քրիստոնէութիւնը սովորեցնում է հաւատալ, որ Քրիստոս մեռաւ խաչի վրայ ի հատուցումն մեր մեղքերի, ապա եւ յարեաւ դարձեալ: Մեր մեղքի պարտքը վճարուած է այլեւս, եւ մենք կարող ենք հաղորդակցուել Աստուծոյ հետ: Կարող ենք յաղթել այս մեղաւոր բնութեանը եւ մտերիմ ու հնազանդ քայլել Աստուծոյ հետ: Ահա այս է աստուածաշնչեան ճշմարիտ քրիստոնէութիւնը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է քրիստոնէութիւնը, եւ ինչի՞ն են հաւատում քրիստոնեաները: