Ի՞նչ է «Աւագ չորեքշաբթին»:



Հարց. Ի՞նչ է «Աւագ չորեքշաբթին»:

Պատասխան.
«Աւագ չորեքշաբթին» մեծ պասի առաջին օրն է: Կոչւում է նաեւ «օր մոխրոց», որովհետեւ ընդունուած է այդ օրը մոխրով խաչի նշան անել ճակատին: Տօնւում է Զատկից ուղիղ 40 օր առաջ (ի բացառեալ կիրակիները), հետեւաբար «մոխրոց օրը» միշտ չորեքշաբթի է: Աստուածաշնչում «աւագ չորեքշաբթին» չի յիշատակւում, որովհետեւ չի յիշատակւում մեծ պասը (կամ պահքը):

Պասը ըստ ամենայնի պիտի ժուժկալութեան, չափաւորութեան, ծոմապահութեան, մեղսալի գործերից ու սովորութիւններից հրաժարուելու ժամանակամիջոց լինի: Աւագ չորեքշաբթիով սկսւում է հոգեւոր կարգապահութեան այս ընթացքը: Աւագ չորեքշաբթին եւ պասը պահում են կաթոլիկ հաւատացաեալների մեծ մասը եւ բողոքական որոշ յարանուանութիւններ: Արեւելեան ուղղափառ եկեղեցին «աւագ չորեքշաբթին» չի նշում, դրա փոխարէն ուղղափառների պահքը սկսւում է այսպէս կոչուած «մաքուր երկուշաբթիով»:

Աստուածաշնչում թէեւ «աւագ չորեքշաբթին» չի յիշատակւում, բայց նշւում են դէպքեր, երբ հող ու մոխիր էին անում գլխին ի նշան ապաշխարութեան կամ ողբի (Բ Թագաւորաց 13.19, Եսթեր 4.1, Յոբ 2.8, Դանիէլ 9.3): Մեր օրերում ճակատին մոխրով խաչ անելու ավանդոյթը ենթադրաբար տուեալ անձին նոյնացնում է Յիսուս Քրիստոսի հետ:

Քրիստոնեան պէ՞տք է պահի «աւագ չորեքշաբթին»: Քանի որ Սուրբ Գիրքը ոչ մի տեղ նման բան չի պատուիրում կամ չի արգելում, ապա քրիստոնեաները ազատ են աղօթալիր, ինքնորոյն որոշելու՝ պահել, թէ չպահել «աւագ չորեքշաբթին»:

Եթէ քրիստոնեան վճռում է պահել «աւագ չորեքշաբթին» կամ պասը, ապա կարեւոր է, որ դա լինի ըստ աստուածաշնչեան հայեցակարգի: Յիսուս զգուշացրեց մեզ ցուցադրական, երեսպաշտ ծոմապահութիւնից. «Եւ երբ ծոմ էք պահում, տրտում մի՛ եղէք, ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նրանք իրենց երեսները տրտմեցնում են, որպէսզի ծոմ պահող երեւան մարդկանց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են: Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծի՛ր ու երեսդ լուա՛, որպէսզի մարդկա՛նց ծոմ պահող չերեւաս, այլ քո Հօրը, որ ծածուկ տեղում է» (Մատթ. 6.16-18): Չպէտք է թոյլ տանք, որ հոգեւոր կարգապահութիւնը վերածուի հոգեւոր հպարտութեան:

Մեղսալի արարքներից ապաշխարելը լավ բան է, բայց քրիստոնեան դա պիտի անի ամէն օր, ոչ սոսկ պասի ընթացքում: Քրիստոսին նմանուելը քրիստոնեայի համար հրաշալի բան է, բայց դարձեալ այդ նմանուելը պիտի ամէն օր լինի: Եւ յիշենք, որ ոչ մի ծէս չի կարող մարդուս սիրտը ուղղել դէպի Աստուած:

Աւագ չորեքշաբթիի օրացոյց.
2014 – մարտ 5
2015 – փետրուար 18
2016 – փետրուար 10
2017 – մարտ 1
2018 – փետրուար 14
2019 – մարտ 6
2020 – փետրուար 26



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է «Աւագ չորեքշաբթին»: