Ի՞նչ է քրիստոնեական աշխարհայացքը:


Հարց՝ Ի՞նչ է քրիստոնեական աշխարհայացքը:

Պատասխան՝
«Աշխարհայացքը» որոշակի տեսանկյունից աշխարհի վերաբերյալ համապարփակ ընկալումն է։ «Քրիստոնեական աշխարհայացքը» քրիստոնեական տեսանկյունից աշխարհի վերաբերյալ համապարփակ ընկալումն է։ Անհատի աշխարհայացքը նրա ընկալած «մեծ պատկերն է»՝ աշխարհի մասին նրա բոլոր հավատալիքների ներդաշնակությունը։ Դա իրականության ընկալման նրա կերպն է։ Մարդու աշխարհայացքը նրա համար առօրյա որոշումների կայացման հիմքն է և, հետևաբար, չափազանց կարևոր է նրա կյանքում։

Սեղանի վրա դրված խնձորին մի քանի մարդ է նայում։ Բուսաբանը նայում է խնձորին ու դասկարգում այն։ Նկարիչը տեսնում նատյուրմորտ ու նկարում այն։ Հրուշակագործը տեսնում է կարկանդակի միջուկ և օգտագործում այն։ Երեխան միրգ է տեսնում և ուտում այն։ Յուրքանչյուր իրավիճակ ընկալելու մեր կերպը մեծապես որոշվում է մեր ընդհանուր աշխարհընկալումից։ Յուրաքանչյուր աշխարհայացք՝ քրիստոնեական կամ ոչ քրիստոնեական, առնչություն ունի առնվազն այս երեք հարցերի հետ՝

1) Որտեղի՞ց ենք մենք առաջացել (և ինչո՞ւ ենք այստեղ)
2) Ի՞նչն է սխալ այս աշխարհի մեջ։
3) Ինչպե՞ս կարող ենք ուղղել այն։

Մեր օրերի գերիշխող աշխարհայացքը նատուրալիզմն է, որը վերը նշված երեք հարցերին հետևյալ պատասխաններն է տալիս՝ 1) Մենք բնության պատահական գործողությունների արդյունք ենք, որոնք որևէ հատուկ իմաստ չեն կրել իրենց մեջ։ 2) Մենք բնության հանդեպ ունենք սխալ վերաբերմունք։ 3) Մենք աշխարհը կարող ենք փրկել բնապահպանական մոտեցումների շնորհիվ։ Նատուրալիստական աշխարհայացքը բազմաթիվ հարակից փիլիսոփայություններ է ծնել, որոնցից են հարաբերականությունը, գոյաբանությունը, պրագմատիզմը և ուտոպիականությունը։

Մյուս կողմից, քրիստոնեական աշխարհայացքը այդ նույն հարցերին պատասխանում է՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա՝ 1) Մենք արարված ենք Աստծո կողմից Նրա հետ հարաբերվելու և աշխարհը կառավարելու նպատակով (Ծննդոց 1․27-28, 2․15)։ 2) Մենք Աստծո դեմ մեղք գործեցինք և դրա պատճառով ողջ աշխարհն ընկավ անեծքի տակ (Ծննդոց 3)։ 3) Աստված Ինքը փրկագնեց աշխարհը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհի շնոհիվ (Ծննդոց 3․15, Ղուկաս 19․10) և մի օր վերկանգնելու է արարչագործության սկզբնական կատայալ վիճակը (Եսայիա 65․17-25)։ Քրիստոնեական աշխարհայացքը առաջնորդում է մեզ հավատալու բարոյական բացարձակ արժեքներին, հրաշքներին, մարդկային արժանապատվությանը և փրկագնման հնարավորությանը։

Կարևոր է հիշել, որ աշխարհայացքը բարդ կազմություն ունի։ Այն ազդում է կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա՝ ֆինանսներից մինչև բարոյականություն, քաղաքականությունից մինչև արվեստներ։ Իրական քրիստոնեությունը ավելին է, քան եկեղեցում գործածվող գաղափարների մի ամբողջություն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ քրիստոնեությունն, ինքնին, աշխարհայացք է։ Աստվածաշունչը անհատի մոտ երբեք չի տարբերակում նրա կյանքի «հոգևոր» և «աշխարհիկ» ոլորտները։ Քրիստոնյայի դեպքում գոյություն ունի միասյն քրիստոնեական կյանք։ Տեր Հիսուս հայտարարում էր, որ Ինքն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14․6) և դա անելով՝ Նա դարձավ մեր աշխարհայացքը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է քրիստոնեական աշխարհայացքը: