Կինը կարո՞ղ է հովիվ կամ քարոզիչ լինել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ծառայության մեջ լինող կանանց մասին:


Հարց՝ Կինը կարո՞ղ է հովիվ կամ քարոզիչ լինել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ծառայության մեջ լինող կանանց մասին:

Պատասխան՝
Հավանաբար, ավելի թեժ քննարկումների արժանացած թեմա դժվար է գտնել մերօրյա եկեղեցում, քան կանանց որպես հովիվ կամ քարոզիչ ծառայելու հարցը։ Այդ պատճառով սխալ կլինի այս հարցին նայել տղամարդկանց ու կանանց հակամարտության լույսի ներքո։ Կան կանայք, ովքեր հավատում են, որ կանայք չպետք է ծառայեն որպես հովիվներ և որ Աստվածաշունչը սահմանափակումներ է դնում կանանց ծառայության հարցում։ Կան նաև տղամադրիկ, ովքեր հավատում ենք, որ կանայք կարող են ծառայել որպես քարոզիչներ և որ ոչ մի սահմանափակում չի կարող լինել կանանց ծառայության հարցում։ Սա շովինիզմի կամ խտրականության հարց չէ, այլ աստվածաշնչյան մեկնաբանության։

Աստծո Խոսքը հայտարարում է․ «Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։ Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա» (Ա Տիմոթեոս 2․11–12)։ Եկեղեցու մեջ Աստված տարբեր դերակատարում է նախատեսել տղամարդկանց ու կանանց համար։ Դա հետևանք է Աստծո կողմից մարդկության արարման և մեղքի՝ աշխարհ մուտք գործելու կերպի (Ա Տիմոթեոս 2․13–14)։ Աստված Պողոս առաքյալի միջոցով եկեղեցուն է փոխանցում կանանց ուսուցչության կամ տղամարդկանց վրա հոգևոր իշխանություն ունենալու արգելքը։ Այդ արգելքով սահմանափակվում է կանանց հովվական ծառայությունը տղամարդկանց վրա, ինչը հստակ ներառում է նրանց քարոզելը, տղամարդկանց ուղղված հրապարակային ուսուցումները և նրանց վրա հոգևոր իշանություն ունենալը։

Կանանց հովվական ծառայության առումով նշված արգելքի հետ բազմաթիվ անհամաձայնություններ կան։ Դրանց ամենատարածված հիմնավորումներից մեկն ասում է, թե Պողոս առաքյալը կանանց ուսուցչության հարցում խոսում է այս սահամանափակման մասին, քանի որ առաջին դարում կանայք հիմնականում չունեին համապատասխան կրթություն։ Սակայն, Ա Տիմոթեոս 2․11–14 հատվածում ոչ մի ակնարկ չենք գտնում կրթական մակարդակի վերաբերյալ։ Եթե կրթված լինելը հիմք լիներ այս ծառայության համար, ապա Տեր Հիսուսի աշակերտներից շատերը որակավորված չէին լինի նման ծառայություն իրագործելու համար։ Երկրորդ հիմնական փաստարկն ընդդեմ վերը նշված արգելքի այն է, թե Պողոս առաքյալը միայն Եփեսոսի կանանց է արգելում ուսուցանել տղամարդկանց (Ա Տիմոթեոս թուղթը գրվել է Տիմոթեոսին, ով Եփեսոսի եկեղեցու հովիվն էր)։ Եփեսոսը հայտնի էր Արտեմիսի տաճարով, և կանայք հեղինակություն էին հեթանոսության կենտրոն հանդիսացող այդ բնակավայրում։ Հետևաբար, այս փաստարկը կառուցվում է այն ենթադրության վրա, թե Պողոս առաքյալը խոսում էր միայն Եփեսոսի կռապաշտական ավանդույթների մայրիշխանության դեմ, որի համեմատությամբ եկեղեցին պետք է տարբեր լիներ։ Այնուամենայնիվ, Ա Տիմոթեոս թղթում ոչ մի տեղ չենք հանդիպում Արտեմիսին երկրպագողների ու նրանց մոտեցումների մասին Պողոս առաքյալի անդրադարձներին, որով նա կհիմնավորեր Ա Տիմոթեոս 2․11–12 հատվածի սահմանափակումները։

Երրորդ փաստարկն ընդդեմ կանանց ծառայության սահամանափակումների կայանում է նրանում, թե Պողոս առաքյալը խոսում է միայն ամուսինների ու նրանց կանանց մասին, այլ ոչ թե ընդհանուր առմամբ տղամարդու և կնոջ։ Ա Տիմոթեոս 2-րդ գլխում կիրառվող «տղամարդ» և «կին» բառերը կարող են վերաբերել ամուսնուն ու նրա կնոջը, սակայն բառի հիմնական նշանակությունը շատ ավելի լայն է։ Հենց այդ նույն բառերն են օգտագործված նույն գլխի 8–10 խոսքերում։ Արդյոք միայն ամուսիննե՞րը պետք է սուրբ ձեռքեր բարձրացնեն առանց բարկության ու երկմտանքի (խոսք 8), թե՞ միայն նրանց կանայք պետք է պարկեշտ հագնվածք ունենան, հարատևեն բարի գործերի ու հարատևեն աստվածապաշտության մեջ (9–10 խոսքեր)։ Իհարկե, ո՛չ։ 8–10 խոսքերը հստակ վերաբերում են բոլոր տղամարդկանց ու բոլոր կանանց, այլ ոչ թե միայն ամուսիններին ու նրանց կանանց։ Այս հատվածի համատեքստում չկա որևէ բան, որ խոսի 11–14 խոսքերի միայն ամուսիններին ու նրանց կանանց վերաբերելու մասին։

Կանանց հովվական ծառայության սահամանափակման դեմ ուղղված ևս մեկ փաստարկ կա, որը կառուցվում է Աստվածաշնչում առաջնորդական դիրք ունեցած կանանց օրինակի վրա, որոնցից են Մարիամի, Դեբորայի և Հեդիդայի հինկտակարանյան օրինակները։ Ճշմարիտ է, որ այս կանայք Աստծո կողմից ընտրվել են հատուկ ծառայություն իրականացնելու համար և որ հավատի, քաջության և, այո՛, նաև առաջնորդության օրինակներ են։ Սակայն Հին Կտակարանում կանանց իշխանությունը չի կարելի նույնացնել եկեղեցում կանանց հովվության հետ։ Նորկտակարանյան թղթերը Աստծո ժողովրդի՝ Քրիստոսի Մարմին հանդիսացող եկեղեցու, նոր իրողությունն են նկարագրում։ Եվ այդ իրողությունը ներառում է իշխանության այնպիսի կառուցվածք, որը հատուկ է եկեղեցուն, այլ ոչ թե Իսրայելին կամ Հին Կտակարանում նկարագրված որևէ այլ միավորի։

Նմանատիպ փաստարկներ կան նաև Պրիսկիղայի և Փիբեի նորկտակարանյան օրինակների առնչությամբ։ Գործք 18-րդ գլխում Պրիսկիղան և Ակյուղասը ներկայացվում են որպես Քրիստոսի հավատարիմ ծառայողներ։ Պրիսկիղայի անունն առաջինն է նշվում, հավանաբար, շեշտադրելու համար ծառայության մեջ նրա ավելի ակնառու լինելն ամուսնու համեմատությամբ։ Արդյոք Պրիսկիղան ու նրա ամուսինը Ապողոսին ուսոցանո՞ւմ էին Քրիստոսի Ավետարանը։ Այո՛, նրանք իրենց տանը «ավելի ստույգ Աստծո ճանապարհը բացատրեցին նրան» (Գործք 18․26)։ Արդյոք Աստվածաշունչն ասո՞ւմ է, թե Պրիսկիղան հովվում էր եկեղեցին կամ հրապարակավ ուսուցանում մարդկանց կամ էլ համայնքի հոգևոր առաջնորդն էր։ Ո՛չ։ Որքանով Աստվածաշունչն է տեղեկացնում, Պրիսկիղան ներգրավված չէր որևէ ծառայության մեջ, որը հակասում էր Ա Տիմոթեոս 2․11–14 հատվածի սահամանափակումներին։

Հռոմեացիս 16․1 խոսքում Փիբեն անվանվում է եկեղեցու «սպասավոր» (կամ «ծառա») և բարձր գնահատականի է արժանանում Պողոսի կողմից։ Սակայն նման Պրիսկիղայի պարագային, աստվածաշնչում ոչ մի գրվածք չի խոսում Եկեղեցում Փիբեի տղամարդկանց վրա դրված հովիվ կամ ուսուցիչ լինելու մասին։ «Ուսուցանելու հարմար» որակումը երեցներին ուղղված պահանջ էր, բայց ոչ սարկավագներին (Ա Տիմոթեոս 3․1–13, Տիտոս 1․6–9)։

Ա Տիմոթեոս 2․11–14 հատվածի կառուցվածքը շատ պարզ ներկայացնում է, թե ինչո՞ւ կանայք չեն կարող հովիվ լինել։ 13-րդ խոսքը սկսում է «որովհետև» բառով, ինչը խոսում է 11–12 խոսքերում Պողոս առաքյալի ասածի հիմնավորման մասին։ Ինչո՞ւ կանայք չեն կարող ուսուցանել կամ իշխանություն ունենալ տղամարդկանց վրա։ Քանի որ «նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։ Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց» (13–14 խոսքեր)։ Աստված նախ Ադամին ստեղծեց և հետո միայն Եվային՝ վերջինիս տալով Ադամի «օգնականը» լինելու առաքելությունը։ Արարման հերթականությունը համընդհանուր կիրառություն ունի ինչպես ընտանիքում (Եփեսացիս 5․22–33), այնպես էլ եկեղեցումիշխանության բաշխման հարցում։

Ա Տիմոթեոս 2․14 խոսքում ներկայացված Եվայի խաբվելու փաստը նույնպես բերվում է որպես հիմնավորում, թե ինչու կանայք չեն կարող լինել հովիվներ կամ հոգևոր իշխանություն ունենալ տղամարդկանց վրա։ Սա չի նշանակում, որ կանայք հակում ունեն մեղքի հանդեպ կամ բոլորն էլ ավելի հեշտորեն են խաբվում, քան տղամարդիկ։ Եթե բոլոր կանայք այդ թուլությունն ունենային, ապա ինչո՞ւ էր թույլատրվում նրանց կողմից երեխաներին (որոնք նույնպես կարող են հեշտորեն խաբվել) և մյուս կանանց ուսուցանելը (որոնք կրկին հեշտորեն խաբվողների մեջ են)։ Այս հատվածը պարզապես ասում է, որ կանայք տղմարդկանց չպետք է սովորեցնեն կամ հոգևոր իշխանություն ունենան նրանց վրա, քանի որ Եվան խաբվեց։ Աստված որոշել է եկեղեցում ուսուցման հիմնական իշխանությունը տալ տղամարդկանց։

Բազմաթիվ կանայք հմուտ են հյուրասիրության, ողորմության, ուսուցչության, ավետարանչության և գթության ծառայությունների մեջ։ Տեղական եկեղեցու բազմաթիվ ծառայություններ են կախված կանանցից։ Կանանց համար եկեղեցում արգելված չէ հրապարակային աղոթքներ ունենալն ու մարգարեական ծառայությունը (Ա Կորնթացիս 11․5), այլ արգելված է միայն տղամարդկանց վրա հոգևոր իշխանություն ունենալը։ Աստվածաշունչը ոչ մի տեղ չի արգելում կանանց կողմից Սուրբ Հոգու պարգևների գործածությունը (Ա Կորնթացիս 12)։ Կանայք տղամարդկանց նմանությամբ կանչված են մյուսներին ծառայելու, որպեսզի ի ցույց դնեն Սուրբ Հոգու պտուղը (Գաղատացիս 5․22–23), և կորածներին փոխանցեն փրկության Բարի լուրը (Մատթեոս 28․18–20, Գործք 1․8, Ա Պետրոս 3․15)։

Աստված եկեղեցում միայն տղամարդուն է կարգել հոգևոր ուսուցման իշխանության դիրքում ծառայելու համար։ Սա այն պատճառով չէ, որ տղամարդիկ ավելի լավ ուսուցիչներ են, քան կանայք, կամ կանայք ստորադաս են և զիջում են տղամարդկանց իրենց մտային կարողություններով (ինչը ճշմարիտ չէ)։ Սա պարզապես Աստծո որոշած կարգն է եկեղեցու համար։ Տղամարդիկ պետք է հոգևոր իշխանության օրինակ լինեն իրենց ապրելակերպով և խոսքերով։ Կանայք պետք է ավելի ցածր իշխանության դիրք զբաղեցնեն։ Կանանց խրախուսվում է մյուս կանանց ուսուցանելը (Տիտոս 2․3–5)։ Աստվածաշունչը կանանց չի արգելու նաև երեխաներին ուսուցանելը։ Միակ բանը, որն Աստվածաշունչն արգելում է, տղմարդկանց վրա հոգևոր իշխանություն ունենալն է և նրանց ուսուցանելը։ Այս սահամանափակումը բացառում է կանանց ծառայությունը որպես տղամարդկանց հովիվ։ Սակայն այս սահմանափակումը կանանց ոչ մի կերպ նվազ կարևոր չի դարձնում եկեղեցում, այլ փոխարենը նրանց ուղղորդում է Աստծո ծրագրի և Նրա կողմից շնորհված պարգևներին համապատասխան ծառայությունների վրա կենտրոնանալուն։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Կինը կարո՞ղ է հովիվ կամ քարոզիչ լինել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ծառայության մեջ լինող կանանց մասին: