Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Աստծո կամքն իմ կյանքի համար։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչն Աստծո կամքն իմ կյանքի հարցում ճանաչելու վերաբերյալ:


Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Աստծո կամքն իմ կյանքի համար։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչն Աստծո կամքն իմ կյանքի հարցում ճանաչելու վերաբերյալ:

Պատասխան՝
Կարևոր է Աստծո կամքը ճանաչելը։ Հիսուս ասել է, որ Իր ճշմարիտ հարազատները նրանք են, ովքեր ճանաչում և հնազանդվում են Աստծո կամքին․ «Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է Իմ եղբայրը, քույրն ու մայրը» (Մարկոս 3․35)։ Երկու որդիների մասին առակի փոխանցած ճշմարտության միջոցով Հիսուս հանդիմանում է քահանայապետերին ու ծերերին Հոր կամքը կատարելու հարցում ձախողվելու համար։ Մասնավորապես, նրանք «չէին զղջացել ու չէին հավատացել» (Մատթեոս 21․32)։ Աստծո կամքի առաջնային դրսևորումը մեր մեղքերից ապաշխարելն ու Քրիստոսին վստահելն է։ Եթե մենք այս առաջին քայլը չենք արել, ապա դեռևս չենք համաձայնվել Աստծո կամքի հետ։

Երբ հավատով ընդունում ենք Քրիստոսին, մենք Աստծո զավակներ ենք դառնում (Հովհաննես 1․12), իսկ Նա փափագում է մեզ առաջնորդել Իր ճանապարհով (Սաղմոս 143․10)։ Աստված չի ուզում Իր կամքը ծածկել մեզնից, այլ փափագում է այն հայտնել մեզ։ Իրականում, Նա արդեն իսկ մեզ բազմաթիվ ուղղորդումներ ու ցուցումներ է փոխանցել Իր Խոսքի միջոցով։ Մենք պետք է հետևենք այս հորդորին․ «ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով» (Ա Թեսաղոնիկեցիս 5․18)։ Մենք պետք է բարի գործեր անենք (Ա Պետրոս 2․15)։ Եվ «Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք» (Ա Թեսաղոնիկեցիս 4․3)։

Աստծո կամքը հնարավոր է ճշտել ու ճանաչել։ Հռոմեացիս 12․2 խոսքն ասում է․ «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը»։ Այս հատվածը մի կարևոր հերթականություն է մեզ փոխանցում՝ Աստծո զավակը նախ հրաժարվում է այս աշխարհի կերպարանքով կերպարանվելուց, իսկ հետո թույլ է տալիս, որպեսզի Սուրբ Հոգին փոխակերպի իրեն։ Երբ նրա միտքը նորոգվում է Աստծո ներգործության արդյունքում, այդ ժամանակ նա ունակ է դառնում ճանաչելու Աստծո կատարյալ կամքը։

Աստծո կամքը փնտրելու ժամանակ մենք պետք է վստահ լինենք, որ Աստվածաշունչը չի արգելում այն, ինչի շուրջ խորհում ենք։ Օրինակ, Աստվածաշունչն արգելում է գողանալը։ Եվ քանի որ Աստված հստակ խոսել է այս մասին, ապա մենք հաստատ գիտենք, որ Աստված չի կամենում, որպեսզի մենք բանկեր թալանողներ դառնանք։ Մենք չպետք է անգամ աղոթենք դա ճշտելու համար։ Նաև պետք է համոզվենք, որ այն, ինչի մասին խորհում ենք, փառավորում է Աստծուն և օգնում մեր և մյուսների հոգևոր աճին։

Աստծո կամքը ճանաչելը երբեմն բարդ ընթացք է, քանի որ համբերություն է պահանջում։ Բնական է, որ մարդն ուզում է Աստծո ամբողջական կամքը միանգամից իմանալ, սակայն Աստված, սովորաբար, այդպես չի վարվում։ Նա Իր կամքը քայլ առ քայլ է հայտնում ժամանակի ընթացքում, որտեղ յուրաքանչյուր քայլը հավատի քայլ է, և սովորեցնում է մեզ շարունակել Իրեն վստահելը։ Կարևոր է այն, որ քանի դեռ հետագա ուղղորդմանն ենք սպասում, այդ ընթացքում շարունակենք անել այն բարին, որը մեզ արդեն իսկ հայտնվել էր նախկինում (Հակոբոս 4․17)։

Հաճախ մենք ուզում ենք, որ Աստված մեզ մանրամասներ հայտնի՝ որտեղ աշխատենք, որտեղ ապրենք, ում հետ ամուսնանանք, ինչ ավտոմեքենա գնենք և այլն։ Աստված մեզ ընտրություն կատարելու հնարավորություն է տվել և, եթե մենք Նրան ենք հանձնվել, ապա Նա մեզ հատուկ կերպով զգուշացնում է, երբ մենք կանգնած ենք սխալ որոշումներ կայացնելու նախաշեմին (տե՛ս Գործք 16․6-7)։

Որքան լավ ենք որոշակի անձնավորության ճանաչում, այնքան ավելի լավ տեղեկացած ենք դառնում նրա ցանկություններին։ Օրինակ, երեխան նայում է դեպի փողոցը գլորվող գնդակին, սակայն չի վազում դրա հետևից, քանի որ գիտի, որ «հայրիկը արգելել է վազել դեպի փողոց գլորվող գնդակի հետևից»։ Նա կարիք չունի հայրիկից թույլտվություն խնդրելու յուրաքանչյուր անգամ, երբ գնդակը փողոցում է հայտնվում։ Նա գիտի, թե ինչ պետք է ասի իր հայրը, քանի որ ճանաչում է հորը։ Նույնը ճշմարիտ է Աստծո հետ ունեցած մեր հարաբերության առումով։ Աստծո հետ ընթացքի ժամանակ, Նրա խոսքին հնազանդվելու արդյունքում և Նրա Հոգուն հանձնվելու շնորհիվ մենք բացահայտում ենք, որ Քրիստոսի միտքն ենք մեր մեջ զարգացրել (Ա Կորնթացիս 2․16)։ Մենք ճանաչում ենք Նրան, և դա օգնում է մեզ ճանաչելու Նրա կամքը։ Մենք տեսնում ենք, որ Աստծո առաջնորդությունը հասանելի է մեզ։ «Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ» (Առակաց 11․5)։

Եթե մենք Աստծո հետ մտերմության մեջ ենք քայլում և ճշմարտապես փափագում ենք իրականացած տեսնել Նրա կամքը մեր կյանքում, ապա Աստված Իր ցանկությունները դնում է մեր սրտի մեջ։ Կարևորն այստեղ Աստծո կամքը փափագելն է և ոչ թե մերը։ «Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37․4)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Աստծո կամքն իմ կյանքի համար։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչն Աստծո կամքն իմ կյանքի հարցում ճանաչելու վերաբերյալ: