Ինչո՞ւ աղոթել։ Ի՞նչ իմաստ կա աղոթելու Աստծուն, երբ Նա արդեն իսկ գիտի, թե ինչ ենք խնդրելու։ Արդյոք աղոթքն ինչ-որ բան փոխո՞ւմ է։


Հարց՝ Ինչո՞ւ աղոթել։ Ի՞նչ իմաստ կա աղոթելու Աստծուն, երբ Նա արդեն իսկ գիտի, թե ինչ ենք խնդրելու։ Արդյոք աղոթքն ինչ-որ բան փոխո՞ւմ է։ Ի՞նչ իմաստ ունի աղօթելը, եթէ Աստուած գիտի ապագան եւ արդէն իսկ հսկում է ամէն բան: Ինչո՞ւ աղօթենք, եթէ չենք կարող Աստուծոյ միտքը փոխել:

Պատասխան՝
Քրիստոնյայի համար աղոթքը շնչելու նման մի բան պետք է լինի, որն ավելի հեշտ է անելը, քան չանելը։ Մենք տարբեր պատճառներ ունենք աղոթելու համար։ Մի կողմից, աղոթքն Աստծուն ծառայելու (Ղուկաս 2․36-38) և Նրան հնազանդվելու միջոց է։ Մենք աղոթում ենք, քանի որ Աստված հրահանգել է մեզ աղոթել (Փիլիպպեցիս 4․6-7)։ Մեզ աղոթքի հիանալի օրինակներ են թողել Տեր Հիսուսն ու վաղ շրջանի եկեղեցին (Մարկոս 1․35, Գործք 1․14, 2․42, 3․1, 4․23-31, 6․4, 13․1-3)։ Եթե Տեր Հիսուսը կարևորում էր աղոթելը, ապա մենք էլ պետք է նույն մոտեցումն ունենանք աղոթքին։

Աղոթելու մեկ այլ պատճառ է այն, որ Աստված աղոթքը հաստատել է որպես միջոց տարբեր իրավիճակներում Նրա առաջարկած լուծումներն ընդունելու համար։ Մենք աղոթում ենք կարևոր որոշումներին նախապատրաստվելիս (Ղուկաս 6․12-13), դիվային խոչընդոտները հաղթահարելու ժամանակ (Մատթեոս 17․14-21), հոգևոր հունձքի համար մշակներ բարձրացնելու ժամանակ (Ղուկաս 10․2), գայթակղությունները հաղթահարելու զորություն ընդունելու համար (Մատթեոս 26․41) և մյուսներին հոգևորապես զորացնելու միջոցներ ընդունելու համար (Եփեսացիս 6․18-19)։

Մենք Աստծուն ենք մոտենում մեր հատուկ խնդրվածքներով, և Աստծուց խոստում ունենք, որ մեր աղոթքներն անիմաստ ու անօգուտ չեն, անգամ եթե չենք ստանում այն, ինչի համար խնդրել էինք Աստծուն (Մատթեոս 6․6, Հռոմեացիս 8․26-27)։ Աստված խոստացել է, որ երբ ըստ Նրա կամքի որևէ բան ենք խնդրում, ապա Նա տալու է ամենն, ինչ խնդրենք (Ա Հովհաննես 5․14-15)։ Երբեմն Նա հետաձգում է պատասխանն Իր իմաստության համեմատ և մեր օգտի համար։ Նման իրավիճակներում մենք պետք է ջանասիրաբար ու անկոտրում կերպով շարունակենք աղոթել (Մատթեոս 7․7, Ղուկաս 18․1-8)։ Աղոթքը չպետք է դիտվի որպես միջոց, որն օգնում է մեր կամքը կատարելու նպատակով Աստծո որոշումների կայացման վրա ազդելուն, այլ որպես Աստծո կամքն այս երկրի վրա իրագործելու միջոց։ Աստծո իմաստությունն անհամեմատ ավելին է, քան մերը։

Այնպիսի իրավիճակներում, երբ մենք հստակ չգիտենք, թե ո՞րն է Աստծո կամքը, աղոթքը մեզ օգնում է Աստծո կամքը զանազանելու հարցում։ Եթե ասորի կինն իր դիվահար աղջկա համար չխնդրեր Տեր Հիսուսին, ապա նրա դուստրը չէր ազատագրվի (Մարկոս 7․26-30)։ Եթե Երիքովի ճանապարհի կույր մարդը չաղաղակեր Տեր Հիսուսին, ապա այդպես էլ կույր կմնար (Ղուկաս 18․35-43)։ Աստված ասել է, որ մենք հաճախ չունենք շատ բաներ, քանի որ չենք խնդրում (Հակոբոս 4․2)։ Որոշակի իմաստով, աղոթքը նման է մարդկանց հետ Ավետարանը բաժնեկցելուն։ Մենք չգիտենք, թե ով կարձագանքի Ավետարանի ուղերձին, քանի դեռ այն չենք բաժնեկցել ինչ-որ մեկի հետ։ Նույն կերպ, մենք երբեք չենք տեսնի աղոթքի արդյունքները, քանի դեռ չենք աղոթել։

Աղոթքի բացակայությունը խոսում է հավատի և Աստծո Խոսքի հանդեպ վստահության բացակայության մասին։ Մենք աղոթում ենք, որպես նշան Աստծո հանդեպ մեր ունեցած հավատի՝ վստահելով , որ Տերը կկատարի Իր Խոսքի մեջ տված խոստումները և շատ ավելի առատորեն կօրհնի մեր կյանքերը, քան որ խնդրում ենք Նրանից (Եփեսացիս 3․20)։ Աղոթքը մեր հիմնական միջոցն է Աստծո գործը մեր կյանքում տեսնելու համար։ Քանի որ աղոթքն Աստծո զորությանը միանալու մեջ միջոցն է, այն նաև միջոց է սատանային ու նրա զորքին պարտության մատնելու համար, որոնց մենք անկարող ենք հաղթել՝ սեփական ուժերին ապավինելով։ Հետևաբար, թող Աստված հաճախ մեզ տեսնի Իր գահի առջև, քանի որ մենք Քահանայապետ ունենք Երկնքում, Ով անցել է այն բոլոր չարչարանքներով, որոնցով մենք ենք անցնում (Եբրայեցիս 4․15-16)։ Մենք Նրա խոստումն ունենք այն մասին, որ արդար մարդու ջերմեռանդ աղոթքը շատ բան կարող է անել (Հակոբոս 5․16-18)։ Թող Աստծո անունը փառավորվի մեր կյանքերում, քանի որ մենք բավարար հավատք ունենք, որպեսզի հաճախակի Նրան մոտենանք աղոթքի միջոցով։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչո՞ւ աղոթել։ Ի՞նչ իմաստ կա աղոթելու Աստծուն, երբ Նա արդեն իսկ գիտի, թե ինչ ենք խնդրելու։ Արդյոք աղոթքն ինչ-որ բան փոխո՞ւմ է։