Հարց
Ի՞նչ է եկեղեցին:
Պատասխան
Շատերի համար այսօր եկեղեցին շինություն է։ Սա եկեղեցու աստվածաշնչյան ընկալումը չէ։ «Եկեղեցի» բառը թարգմանված է հունարեն էկլեսիա բառից, որը կրում է «հավաքույթ» կան «կանչված մարդիկ» իմաստը։ Եկեղեցու առաջնային իմաստը շինություն չէ նկարագրում, այլ մարդկանց։ Իմաստային հակասություն կա, որ երբ մարդկանց հարցնում եք, թե ո՞ր եկեղեցին են նրանք հաճախում, շատերը հասկանում են հենց շինությունը։ Հռոմեացիս 16:5 խոսքում կարդում ենք․ «ողջունե՛ք նրանց տանը հավաքվող եկեղեցուն»։ Պողոս առաքյալը խոսում է նրանց տանը հավաքվող եկեղեցու՝ հավատացյալների ամբողջության մասին, այլ ոչ թե շինության։
Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, որի գլուխը հենց Նա է։ Եփեսացիս 1․22-23 հատվածում կարդում ենք․ «Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում»։ Քրիստոսի Մարմինը կազմված է Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանցից, որին սկիզբ դրվեց Պենտեկոստեի օրը (Գործք 2-րդ գլուխ) և որը շարունակվելու է մինչև Քրիստոսի վերադարձը։ Քրիստոսի Մարմինը երկու դրսևորում ունի:
1) Տիեզերական Եկեղեցին բաղկացած է բոլոր այն մարդկանցից, որոնք անձնական հարաբերություն ունեն Հիսուս Քրիստոսի հետ։ «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք» (Ա Կորնթացիս 12․13)։ Այս խոսքն ասում է, որ յուրաքանչյուր հավատացյալ Քրիստոսի Մարմնի մաս է կազմում և, որպես դրա վկայություն, ընդունել է Սուրբ Հոգին։ Աստծո տիեզերական Եկեղեցին Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ բոլոր փրկություն ստացածներն են։
2) Տեղական եկեղեցին նկարագրվում է Գաղատացիս 1․1-2 հատվածում․ «Պողոսը՝ առաքյալ․․․ և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ․․․» Այստեղ տեսնում ենք, որ Գաղատիայի տարածաշրջանում բազմաթիվ եկեղեցիներ կային, որոնց մենք տեղական եկեղեցիներ ենք կոչում։ Մկրտական եկեղեցին, Ավետարանական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին և այլն, տիեզերական եկեղեցի չեն, այլ տեղական եկեղեցիներ՝ հավատացյալների տեղական համախումբ։ Տիեզերական Եկեղեցին բաղկացած է բոլոր այն մարդկանցից, որոնք պատկանում են Քրիստոսին և իրենց փրկության հարցում հենց Նրան են վստահել։ Տիեզերական Եկեղեցու այս անդամները պետք է փափագեն տեղական եկեղեցու հաղորդակցությանն ու հոգևոր խնամքին։
Ամփոփելով՝ ասենք որ, եկեղեցին շինություն կամ հարանվանություն չէ։ Ըստ Աստվածաշնչի, եկեղեցին Քրիստոսի Մարմինն է՝ փրկության հարցում իրենց հավատը Հիսուս Քրիստոսին ուղղած բոլոր մարդիկ (Հովհաննես 3․16, Ա Կորնթացիս 12․13)։ Տեղական եկեղեցին Քրիստոսի անունն իրենց վրա կրող մարդկանց համախումբն է։ Տեղական եկեղեցու անդամները կարող են լինել, բայց կարող են նաև չլինել տիեզերական Եկեղեցու անդամներ, ինչը կախված է նրանց հավատի անկեղծությունից։ Տեղական եկեղեցում է, որ հավատացյալները կարող են ամբողջական կերպով կիրառել «մարմնի» սկզբունքները, որոնք նկարագրված են Ա Կորնթացիս 12-րդ գլխում՝ քաջալերանք, ուսուցումներ և մեկը մյուսին Տեր Հիսուս Քրիստոսի գիտության ու շնորհի մեջ ամրացնելը։
English
Ի՞նչ է եկեղեցին: