Ինչպե՞ս կարող եմ զանազանել Աստծո ձայնը:


Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ զանազանել Աստծո ձայնը:

Պատասխան՝
Այս հարցը դարերի ընթացքում բազմաթիվ մարդիկ են տվել։ Սամուելը լսեց Աստծո ձայնը, սակայն չզանազանեց այնքան ժամանակ, քանի դեռ Հեղին նրան ցուցումներ չփոխանցեց (Ա Թագավորաց 3․1–10)։ Գեդեոնը ֆիզիկական հայտնություն ստացավ Աստծուց, սակայն դեռևս կասկածներ ուներ իր լսածի առումով այն աստիճան, որ նշան խնդրեց և ոչ թե մեկ, այլ երեք անգամ (Դատավորաց 6․17–22,36–40)։ Երբ մենք լսում ենք Աստծո ձայնը, ինչպե՞ս կարող ենք համեզված լինել, որ հենց Նա է խոսողը։ Նախ, մենք ունենք այն, ինչը չունեին ո՛չ Սամուելը և ո՛չ էլ Գեդեոնը։ Մենք ունենք ամբողջական Աստվածաշունչը՝ Աստծո ներշնչված Խոսքը, որը կարդում ենք, ուսումնասիրում և որի շուրջ մտորում ենք։ «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոս 3․16–17)։ Երբ մենք մեր կյանքի որոշակի խնդրի կամ որոշման հարցում հարցեր ենք ունենում, ապա պետք է առաջին հերթին ճշտենք, թե ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։ Աստված երբեք չի ուղղորդի մեզ Իր Խոսքին հակառակ ուղղությամբ (Տիտոս 1․2)։

Աստծո ձայնը լսելու համար մենք պետք է Աստծուն պատկանենք։ Տեր Հիսուս ասել է․ «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից» (Հովհաննես 10․27)։ Աստծո Խոսքը լսողները Նրան պատկանողներն են՝ Աստծո շնորհով Տեր Հիսուսի հանդեպ հավատի միջոցով փրկությունն ընդունածները։ Այս մարդիկ կազմում են Տեր Հիսուսի հոտը և լսում ու զանազանում են Նրա ձայնը, քանի որ ճանաչում են Նրան և ընդունել են որպես Հովիվ։ Որպեսզի զանազանենք Աստծո ձայնը, մենք պետք է պատկանենք Նրան։

Մենք Աստծո ձայնը լսում ենք, երբ ժամանակ ենք անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրության և Աստծո Խոսքի շուրջ լուռ մտորումների մեջ։ Որքան շատ ժամանակ ենք անցկացնում Աստծո և Նրա Խոսքի հետ, այնքան ավելի հեշտ ենք սկսում զանազանել Նրա ձայնն ու առաջնորդությունը մեր կյանքում։ Բանկում աշխատողներին սովորեցնում են տարբերել կեղծ թղթադրամները՝ նրանց մանրամասնորեն ծանոթացնելով իրական թղթադրամների առանձնահատկություններին։ Մենք այնքան լավ պետք է ծանոթ լինենք Աստծո Խոսքին, որ երբ ինչ-որ բան ենք լսում, որը չի համապատասխանում Աստվածաշնչին, ապա հստակ կարողանանք զանազանել, որ դա կեղծված է և Աստծո ձայնը չէ։

Թեև Աստված այսօր էլ կարող է լսելի ձայնով խոսել մարդկանց հետ, սակայն Նա հիմնականում խոսում է Իր գրավոր Խոսքի միջոցով։ Երբեմն Աստծո առաջնորդությունը գալիս է Նրա Սուրբ Հոգու, մեր խղճի, տարբեր իրավիճակների և մյուս մարդկանց հորդորների միջոցով։ Համեմատելով այն, թե ինչ ենք լսել աստվածաշնչյան ճշմարտությունների շնորհիվ, մենք կարող ենք սովորել զանազանել Աստծո ձայնը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս կարող եմ զանազանել Աստծո ձայնը: