settings icon
share icon
Հարց

Արդյոք ունիվերսալիզմը կամ ունիվերսալ փրկությունը ունի՞ աստվածաշնչյան հիմնավորում։

Պատասխան


Ունիվերսալիզմը հավատում է, թե բոլորն են փրկվելու։ Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, որոնք հարում են ունիվերսալ փրկության գաղափարին և հավատում, թե, ի վերջո, բոլոր մարդիկ էլ դրախտ են գնալու։ Գուցե, հավիտյան չարչարվելու միտքն է մարդկանց նման եզրահանգման և հավիտենական պատժի մասին աստվածաշնչյան հստակ ուսուցումները մերժելուն բերում։ Ոմանց համար նման հայացքներ ունենալու պատճառ է Աստծո սիրո և կարեկցանքի վրա չափից մեծ շեշտադրություն դնելը և Աստծո արդարությունն ու արդարադատությունն անտեսելը, ինչը մղում է նրանց հավատալու, թե Աստված, ի վերջո, անկախ ամեն ինչից, ողորմելու է բոլոր մարդկանց։ Սակայն որոշ մարդկանց հավիտենական տանջանքի պատիժը աստվածաշնչյան հստակ ուսուցում և անհերքելի ճշմարտություն է։

Նախևառաջ, նշենք, որ Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ չփրկագնված մարդիկ իրենց հավիտենությունն անցկացնելու են դժոխքի տանջանքների մեջ։ Հենց Տեր Հիսուսի խոսքերն են հաստատում այն փաստը, որ այն ժամանակահատվածը, որը փրկագնվածներն անցկացնելու են Երկնքում, ճիշտ այն նույն ժամանակահատվածն է, որը չփրկագնվածներն անցկացնելու են դժոխքում․ «Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը» (Մատթեոս 25.46): Ըստ այս խոսքի, չփրկված մարդկանց պատիժը նույնքան հավիտենական է, որքան փրկվածների երանության կյանքը։ Ոմանք հավատում են, թե տանջանքի վայրում եղողները մի օր դադարելու են գոյություն ունենալ, սակայն հենց Տեր Հիսուսն է ասում, որ այդ տանջանքը հավիտենական է։ Մատթեոս 25․41 և Մարկոս 9․44 խոսքերը դժոխքը բնութագրում են որպես «հավիտենական կրակ» և «չհանգչող կրակ»։

Ինչպե՞ս կարող է մարդը խուսափել այս չհանգչող կրակի տանջանքներից։ Շատերը համոզմամբ բոլոր ճանապարհները՝ կրոններն ու հավատալիքները, տարբեր կողմերից տանում են դեպի միևնույն նպատակակետը՝ Երկինք, կամ հարում այն տեսակետին, թե Աստված այնքա՜ն առատ է սիրով ու ողորմությամբ, որ թույլ է տալու բոլոր մարդկանց Երկինք մտնելը։ Աստված, իրականում, լի է սիրով և ողորմությամբ։ Հենց այս որակների շնորհիվ էր, որ Նա Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ուղարկեց երկիր, որպեսի Նա խաչի վրա մահանա մեր փոխարեն։ Եվ հենց Հիսուս Քրիստոսն է դեպի Երկինք տանող միակ ճանապարհը։ Գործք 4․12 խոսքում կարդում ենք․ «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ «Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմոթեոս 2․5)։ Հովհաննես 14․6 խոսքում Տեր Հիսուս ասում է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։ Իսկ Հովհաննես 3․16 խոսքում կարդում ենք․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Եթե մենք որոշենք մերժել Աստծո Որդու առաջարկած փրկությունը, ապա չենք կարող բավարարել փրկության պայմաններին և չենք կարող փրկվել (Հովհաննես 3․16,18,36)։

Նման աստվածաշնչյան հատվածների շնորհիվ հստակ է դառնում, որ ունիվերսալիզմը և ունիվերսալ փրկությունը ոչ աստվածաշնչյան հավատալիքներ են։ Ունիվերսալիզմը ուղիղ կերպով հակասում է այն ճշմարտություններին, որոնք մեզ փոխանցում է Աստվածաշունչը։ Թեև շատերը հավատացյալ քրիստոնյաներին մեղադրում են անհանդուրժողականության և «ճշմարտության միակ կրողները» լինելու հավակնության մեջ, կարևոր է հիշել, որ վերը բերված պնդումները հենց Տեր Հիսուսի խոսքերն են։ Քրիստոնյաները այս գաղափարները սեփական նախաձեռնությամբ չէ, որ զարգացրել են, այլ պարզապես հավատում են այն ամենին, ինչը Տեր Հիսուս Քրիստոսն է սովորեցրել։ Բազմաթիվ մարդիկ մերժում են այս ուղերձը, քանի որ չեն ուզում դեմ կանգնել սեփական մեղքերին և խոստովանել, որ դրանցից ազատվելու և փրկություն ընդունելու համար իրենք ունեն Տեր Հիսուսի կարիքը։ Պնդել, թե Աստծո կողմից Իր Որդու միջոցով առաջարկվող փրկության ճանապարհը մերժողները, միևնույնն է, փրկվելու են, նույնն է թե նսեմացնել Աստծո սրբությունն ու արդարադատությունը և մերժել մեր փոխարեն Քրիստոսի զոհի անհրաժեշտությունը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք ունիվերսալիզմը կամ ունիվերսալ փրկությունը ունի՞ աստվածաշնչյան հիմնավորում։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries