settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Մեծ նեղությունը։ Որտեղի՞ց գիտենք, որ Մեծ նեղությունը յոթ տարի է տևելու:

Պատասխան


Մեծ նեղությունը ապագայում սպասվող յոթնամյա մի ժամանակահատված է, որի ընթացքում Աստված ավարտելու է Իսրայելին խրատելը և ամբողջացնելու է անհավատ աշխարհի հանդեպ Իր դատաստանը։ Եկեղեցին, որը կազմված է սեփական մեղքերից փրկության հարցում Տեր Հիսուսի Անձին և գործին վստահող մարդկանցից, երկրի վրա չի լինելու Մեծ նեղությունների ժամանակ։ Այն վերցվելու երկրի վրայից, և այդ իրադարձությանը մենք հափշտակություն ենք անվանում (Ա Թեսաղոնիկեցիս 4․13-18, Ա Կորնթացիս 15․51-53)։ Եկեղեցին փրված է գալիք բարկությունից (Ա Թեսաղոնիկեցիս 5․9)։ Աստվածաշնչի էջերում Մեծ նեղությունների մասին խոսվել է նաև այլ անվանումների ներքո, ինչպիսիք են՝ Տիրոջ Օրը (Եսայիա 2․12, 13․6-9, Հովել 1․15, 2․1-31, 3․14, Ա Թեսաղոնիկեցիս 5․2), նեղություն կամ նեղություններ (Բ Օրինաց 4․30, Սոփոնիա 1․15), Մեծ նեղություն, որը երբեմն վերաբերում է նեղությունների յոթնյակի առավել ծանր հարվածներ պարունակող երկրորդ կեսին (Մատթեոս 24․21), տագնապի ժամանակ (Դանիել 12․1, Սոփոնիա 1․15), Հակոբի նեղության ժամանակ (Երեմիա 30․7)։

Դանիել 9․24-27 հատվածի ըմբռնումը կարևոր է Մեծ նեղությունների նպատակն ու ժամանակաշրջանը ճիշտ հասկանալու համար։ Այս հատվածը խոսում է 70 շաբաթների մասին, որոնք հռչակվել են ընդդեմ «ձեր ժողովրդի»։ Դանիելի ժողովուրդը հրեաներն էին՝ Իսրայելի ազգը, և Դանիել 9․24 խոսքը խոսում է մի ժամանակաշրջանի մասին, երբ Աստված տվել է «հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու» համար։ Աստված հայտարարում է, որ «յոթանասուն յոթնյակ» է անհրաժեշտ այս ամենն իրագործելու համար։ Սա 70 անգամ յոթ տարի է կամ 490 տարի (որոշ թարգմանություններ այս ժամանակահատվածը ներկայացնում ենք, որպես 70 շաբաթներ)։ Սա հաստատվում է Դանիելի մարգարեության այս հատվածի մեկ այլ մասում։ 25 և 26 խոսքերում Դանիելին ասվում է, որ Մեսիան պիտի մահվան դատապարտվի «յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ» հետո (69 յոթնյակ), ինչը հաշվվելու է Երկուսաղեմը վերկանգնելու հրովարտակից սկսած։ Այլ խոսքերով ասած, Երկուսաղեմի վերկանգնման հրովարտակից 69 յոթնյակ անց (483 տարի) Մեսիան մահվան կդատապարտվի։ Աստվածաշնչի պատմաբանները հաստատում են, որ ճիշտ 483 տարի է անցել Երուսաղեմի վերականգնման հրովարտակից մինչև Քրիստոսի խաչելությունը։ Քրիստոնյա աստվածաբանների մեծամասնությունը, անկախ իրենց վախճանաբանական տեսակետներից (ապագայի իրադարձությունների մասին գիտություն), համաձայնում են Դանիելի 70 յոթնյակների վերը բերված մեկնաբանության հետ։

Եթե Երուսաղեմի վերականգնման հրովարտակից մինչև Մեսիայի մահը 483 տարի է անցել, ապա ըստ Դանիել 9․24 խոսքի միայն մեկ յոթնյակ է մնում «հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու» համար։ Այս վերջին յոթնյակը հայտնի է Մեծ նեղություն անվանմամբ։ Սա մի ժամանակահատված է, երբ Աստված ավարտին է հասցնում Իսրայելին իր մեղքերի համար պատժելը։

Դանիել 9․27 խոսքը ամփոփ կերպով ներկայացնում է Մեծ նեղությունների ժամանակահատվածի իրադարձությունները․ «Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և հացի ընծան։ Եվ տաճարի եզրի վրա ավերումի գարշությունը կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա»։ Այս հատվածը խոսում է այն անձնավորության մասին, որին Տեր Հիսուս կոչում է «ավերածության սրբապղծություն» (Մատթեոս 24․15) և «գազան» (Հայտնություն 13): Դանիել 9․27 խոսքն ասում է, որ գազանը յոթ տարվա ուխտ կկնքի, սակայն այդ յոթնյակի կեսին (նեղությունների երեքուկես տարուց հետո), խախտելու է ուխտը և դադարեցնելու է զոհը։ Հայտնություն 13-րդ գլուխը բացատրում է, որ գազանը իր նկարը կտեղադրի տաճարում և աշխարհի մարդկանց կպահանջի երկրպագել իրեն։ Հայտնություն 13․5 խոսքն ասում է, որ դա 42 ամիս է տևելու, ինչը երեքուկես տարի է։ Քանի որ Դանիել 9․27 խոսքն ասում է, որ այս ամենը տեղի է ունենալու յոթնյակի կեսին, և Հայտնություն 13․5 խոսքն ասում է, որ գազանն անելու է դա 42 ամիս, ապա դժվար չէ հաշվել, որ ընդհանուր ժամանակաշրջանը 84 ամիս է կամ յոթ տարի։ Տե՛ս նաև Դանիել 7․25 խոսքը, որտեղ «մի ժամանակ, երկու ժամանակ և կես ժամանակ» (ժամանակ=1 տարի, ժամանակ=2 տարի, կես ժամանակ=1/2 տարի, ընդհանուր՝ երեքուկես տարի) արտահայտությունը նույնպես խոսում է Մեծ նեղությունների երկրորդ կեսի մասին, երբ գազանը իր ողջ զորությունը կդրսևորի։

Մեծ նեղությունների մասին հետագա ընթերցանության համար տե՛ս Հայտնություն 11․2-3 հատվածը, որը խոսում է 1260 օրվա և 42 ամսվա մասին, և Դանիել 12․11-12 հատվածը, որը խոսում է 1290 և 1335 օրվա մասին։ Այս օրերը խոսում են Մեծ նեղությունների մեջտեղի ժամանակահատվածի մասին։ Դանիել 12-րդ գլխում տեղ գտած հավելյալ օրերը կարող են ներառել ազգերի դատաստանի ավարտի ժամանակահատվածը (Մատթեոս 25․31-46) և այն ժամանակահատվածը, որը նախապատրաստում է Քրիստոսի Հազարամյա թագավորությունը (Հայտնություն 20․4-6)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Մեծ նեղությունը։ Որտեղի՞ց գիտենք, որ Մեծ նեղությունը յոթ տարի է տևելու:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries