Ինչո՞ւ Աստված Եդեմի պարտեզում դրեց բարու և չարի գիտության ծառը:


Հարց՝ Ինչո՞ւ Աստված Եդեմի պարտեզում դրեց բարու և չարի գիտության ծառը:

Պատասխան՝
Աստված բարու և չարի ծառը դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի Ադամն ու Եվան Աստծուն հնազանդվելու կամ չհնազանդվելու հնարավորություն ունենան։ Նրանք ազատ էին անելու ամեն բան, ինչ կամենում էին, բացի բարու և չարի գիտության ծառի պտղից ուտելուց։ Ծննդոց 2․16-17 հատվածում կարդում ենք․ «Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Եթե Աստված Ադամին ու Եվային ընտրության հնարավորություն տված չլիներ, ապա նրանք կլինեին ռոբոտների պես և միայն կանեին այն բաները, որոնք Աստված նախօրոք ծրագրավորել էր։ Սակայն Աստված նրանց որպես «ազատ» էակներ էր ստեղծել՝ որոշումներ կայացնելու և բարու ու չարի միջև ընտրություն կատարելու ունակությամբ։ Որպեսզի Ադամն ու Եվան լինեին ազատ, նրանք պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենային։

Ծառի կամ ծառի պտղի մեջ ոչ մի չար բան, ըստ էության, չէր կարող լինել։ Քիչ հավանական է, որ հենց պտուղը Ադամի ու Եվայի համար բացեց ինչ-որ հավելյալ գիտելիք ունենալու ճանապարհը։ Այսինքն, ֆիզիկական պտղի մեջ կարող է որոշակի նյութեր ու վիտամին C լինել, որոնք օգտակար են մարմնի համար, սակայն այդ պտուղը մեծ վնասակարություն էր պարունակում իր մեջ հոգևոր առումով։ Հնեց անհնազանդության արարքն էր, որ հոգևորապես կործանարար էր։ Այդ մեղքը Ադամի ու Եվայի աչքերը բացեց չարիքի հանդեպ։ Առաջին անգամ նրանք հասկացան, թե ինչ է չարիքը, ունեցան ամոթի զգացում և ուզեցին թաքնվել Աստծուց։ Աստծո հանդեպ անհնազանդության մեղքը ապականություն բերեց նրանց կյանք և իրենց շրջապատող աշխարհի մեջ։ Որպես Աստծո դեմ անհնազանդության գործողություն, արգելված պտուղն ուտելն էր, որ Ադամին ու Եվային տվեց չարի և իրենց մերկության վերաբերյալ գիտելիքը (Ծննդոց 3․6-7)։

Աստված չէր կամենում, որպեսզի Ադամն ու Եվան մեղք գործեին։ Նա նախօրոք գիտեր, թե ինչպիսին էին լինելու մեղքի հետևանքները։ Աստված գիտեր, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու և նրանց արարքի հետևանքով չարիք, տառապանք և մահ են բերելու աշխարհ։ Ինչո՞ւ Աստված, այս ամենն իմանալով հանդերձ, թույլ տվեց սատանային, որպեսզի վերջինս գայթակղի Ադամին ու Եվային։ Աստված սատանային թույլ տվեց գայթակղել Ադամին ու Եվային, որպեսզի նրանց որոշում կայացնելու մղի։ Ադամն ու Եվան սեփական ազատ կամքի դրսևորմամբ ընտրեցին Աստծուն չհնազանդվելն ու արգելված պտուղը ուտելը։ Այդ ժամանակվանից սկսած նրանց անհնազանդության հետևանքները՝ չարիքը, մեղքը, տառապանքը, հիվանդությունն ու մահը, մուտք գործեցին մեզ շրջապատող աշխարհ։ Ադամի ու Եվայի որոշման հետևանքով է, որ յուրաքանյուր մարդ լույս աշխարհ է գալիս մեղքի բնույթով՝ մեղք գործելու հակվածությամբ։ Ադամի ու Եվայի որոշման պատճառով էր, որ Հիսուս Քրիստոս մահացավ խաչի վրա և Իր արյունը հեղեց մեր փոխարեն։ Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ մենք կարող ենք ազատվել մեղքի հետևանքներից և, ի վերջո, նաև հենց մեղքից։ Թող որ յուրաքանչյուրիս ներսում արձագանքի Պողոս առաքյալի խոսքերը, որոնք կարդում են Հռոմեացիս 7․24-25 հատվածում․ «Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչո՞ւ Աստված Եդեմի պարտեզում դրեց բարու և չարի գիտության ծառը: