Պե՞տք է արդյոք քրիստոնյա հավատացյալը հանդուրժող լինի մյուս մարդկանց կրոնական հավատալիքների հանդեպ։


Հարց՝ Պե՞տք է արդյոք քրիստոնյա հավատացյալը հանդուրժող լինի մյուս մարդկանց կրոնական հավատալիքների հանդեպ։

Պատասխան՝
«Հանդուրժողականության» մեր ժամանակաշրջանում բարոյական հարաբերականությունը մեծարվում է որպես բարձրագույն արժեք։ «Հանդուրժողականության» ջատագովներն ասում են, թե բոլոր փիլիսոփայությունները, գաղափարներն ու հավատքի համակարգերը նույն չափով են արժանի հարգանքի։ Այն մարդիկ, ովքեր հավատքի մի համակարգը նախընտրում են մյուսներից, իսկ որ ավելի վատ է՝ պնդում են դրա միակ բացարձակ ճշմարիտ լինելը, տգետ են չլուսավորված և անգամ ֆանատիկ։

Անշուշտ, տարբեր կրոնները սեփական ճշմարտացիության վերաբերյալ պնդումներ ունեն, և ռելատիվիստների համար բարդ է տրամաբանական հաշտություն ստեղծել վառ դրսևորված հակասությունների առկայության պարագայում։ Օրինակ, Աստվածաշունչը հետևյալ պնդումն է անում․ «Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը» (Եբրայեցիս 9․27), իսկ արևելյան կրոնները ուսուցանում են վերամարմնավորման ուսմունքը։ Հիմա ո՞ր ուսմունքն է ճշմարիտ՝ մենք մե՞կ անգամ ենք մահանում, թե՞ բազմաթիվ անգամներ։ Երկու ուսուցումները միևնույն ժամանակ չեն կարող լինել ճշմարիտ։ Ռելատիվիստները փորձում են վերասահմանել ճշմարտություններն այնպես, որ այս հակասական աշխարհում բազմաթիվ հակադիր «ճշմարտությունները» համատեղ գոյակցեն խաղաղության մեջ։

Տեր Հիսուս ասել է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14․6)։ Քրիստոնյաները Ճշմարտությունն ընդունում են ոչ թե որպես հասկացություն, այլ որպես Անձ։ Ճշմարտության նման ընկալումը քրիստոնյաներին տարանջատում է մեր օրերի այսպես կոչված «ազատամիտներից»։ Քրիստոնյաները հրապարակայնորեն դավանում են մահացածների միջից Քրիստոսի հարություն առնելու փաստը (Հռոմեացիս 10․9-10)։ Եթե քրիստոնյան իր ամբողջ էությամբ հավատում է հարության փաստին, ապա ինչպե՞ս կարող է «ազատամիտ» մոտեցում ունենալ անհավատների այն համոզմանը, թե Հիսուսը երբեք էլ հարություն չի առել։ Քրիստոնյայի համար Աստծո Խոսքի հստակ ուսուցումը մերժելը Աստծուն ուղղված վիրավորանք է։

Ուշադրություն դրաձրեք, որ մինչ այժմ մենք մեր օրինակների մեջ միայն հավատքի հիմք հանդիսացող թեմաներին անդրադարձանք։ Կան հարցեր, (ինչպես, օրինակ, Քրիստոսի մարմնով հարություն առած լինելը), որոնք քննարկման ենթակա չեն։ Մյուս հարցերում կարող են քննարկումներ լինել, ինչպես, օրինակ, Եբրայեցիս թղթի հեղինակի հարցը կամ Պողոս առաքյալի նկարագրած «մարմնի խայթոցը»։ Մենք չպետք է կենտրոնանանք երկրորդական հարցերի շուրջ բանավեճերի վրա (Բ Տիմոթեոս 2․23, Տիտոս 3․9)։

Անգամ երբ հիմնարար վարդապետությունների շուրջ բանավեճ/երկխոսություն է ծավալվում, քրիստոնյան պետք է զսպվածություն և հարգանք դրսևորի։ Մի բան է մարդու տեսակետի հետ անհամաձայնություն ունենալը և բացարձակապես այլ բան՝ մարդուն նվաստացնելը։ Մենք պետք է ամուր բռնենք ճշմարտությունը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է կարեկցանքով լցված լինենք այն մարդկանց հանդեպ, ովքեր հարցականի տակ են դնում այդ նույն ճշմարտությունը։ Տեր Հիսուսի նմանությամբ մենք ամբողջովին լեցուն պետք է լինենք թե՛ շնորհքով և թե՛ ճշմարտությամբ (Հովհաննես 1․14)։ Պետրոս առաքյալը հիանալի հավասարակշռություն է խորհուրդ տալիս տեղին պատասխանի և խոնարհության վերաբերմունքի միջև․ «․․․միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի» (Ա Պետրոս 3․15)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Պե՞տք է արդյոք քրիստոնյա հավատացյալը հանդուրժող լինի մյուս մարդկանց կրոնական հավատալիքների հանդեպ։