Հարց
Ի՞նչ է փոխանորդական քավությունը:
Պատասխան
Փոխանորդական քավությունը վերաբերում է մեղավորների փոխարեն Տեր Հիսուս Քրիստոսի մահվանը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ անմեղ մարդ չկա (Հռոմեացիս 3․9-18,23)։ Մեր մեղքերի հատուցումը մահն է։ Հռոմեացիս 6․23 խոսքում կարդում ենք․ «Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։
Այս խոսքը մեզ մի քանի բան է ուսուցանում։ Առանց Քրիստոսի մենք կմահանանք ու հավիտենությունը կանցկացնենք տանջանքի վայրում որպես մեր մեղքերի համար արժանի պատիժ։ Մահը Աստվածաշնչում կրում է «բաժանում» իմաստը։ Բոլորն են մահանալու, սակայն ոմանք կշարունակեն կյանքը Տիրոջ հետ հավիտենական դրախտում, իսկ ոմանք՝ հավիտենական դժոխքում։ Նշված խոսքի երկրորդ հատվածը մեզ սովորեցնում է, որ հավիտենական կյանքը մեզ հասու է միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Հենց սա է փոխանորդական քավությունը։
Հիսուս Քրիստոս խաչի վրա մահացավ մեր փոխարեն։ Այդ մե՛նք էինք արժանի խաչի տանջանքներով մահանալուն, քանի որ մենք ենք, որ մեղքի կյանքով ենք ապրել։ Սակայն Քրիստոս մեր պատիժն Իր վրա վերցրեց և մեր փոխարեն մահացավ։ Նա փոխարինեց մեզ Իրենով և կրեց այն, ինչին մենք էինք արժանի։ «Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5․21)։
«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2․24)։ Այստեղ կրկին մենք տեսնում ենք, որ Քրիստոս մեր մեղքերի գինը վճարեց խաչի վրա։ Մի քանի խոսք անց կրկին կարդում ենք․ «Որովհետև Քրիստոսը մեկ անգամ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև Նա մարմնով մեռավ, սակայն կենդանի եղավ Հոգով (Ա Պետրոս 3․18)։ Աստվածաշնչյան այս հատվածները ոչ միայն ուսուցանում են Քրիստոսի մեր փոխարեն կատարած փոխանորդական զոհի մասին, այլև խոսում են այդ զոհի քավություն լինելու մասին՝ ի նկատի ունենալով այն, որ Նա լիովին վճարեց մեղավոր մարդկանց արժանի պատժի գինը։
Փոխանորդական քավության մասին խոսող աստվածաշնչյան մեկ այլ հատված է Եսայիա 53․5 խոսքը։ Այստեղ խոսվում է Քրիստոսի գալուստի մասին, Ով մեր մեղքերի համար պետք է մահանար խաչի վրա։ Մարգարեությունը բավականին մանրամասնորեն է ներկայացնում խաչելությունը, որը ճիշտ այդպես էլ իրականացավ հետագայում։ «Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ Ուշարդություն դարձրեք փոխանորդական զոհի գաղափարին։ Այստեղ նույնպես կարդում ենք, որ Քրիստոս մեր փոխարեն վճարեց մեր մեղքերի գինը։
Մենք մեր մեղքերի համար կարող ենք վճարել միայն այն ժամանակ, երբ ինքներս պատժվենք և հավիտենությունը դժոխքի տանջանքների մեջ անցկացնենք։ Սակայն Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհ եկավ, որպեսզի մեր փոխարեն վճարի մեր մեղքերի գինը։ Եվ քանի որ Նա արեց դա մեր փոխարեն, ապա մենք այժմ հնարավորություն ունենք ոչ միայն մեր մեղքերի համար ներում ընդունելու, այլև հավիտենությունը Նրա հետ անցկացնելու։ Սա անելու համար մենք պետք հավատանք այն ամենին, ինչ Քրիստոս արեց խաչի վրա։ Մենք անկարող ենք փրկելու ինքներս մեզ։ Մենք կարիք ունենք փոխանորդական քավության։ Քրիստոսի մահը հենց այդ փոխանորդական քավությունն է։
English
Ի՞նչ է փոխանորդական քավությունը: