Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հոգևոր պատերազմի մասին:


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հոգևոր պատերազմի մասին:

Պատասխան՝
Հոգևոր պատերազմի վերաբերյալ գոյություն ունի երկու հիմնական սխալ՝ գերագնահատում և թերագնահատում։ Ոմանք յուրաքանչյուր մեղքի, յուրաքանչյուր հակառակության և յուրաքանչյուր խնդրի համար մեղադրում են դևերին, որոնց դուրս քշել է պետք։ Մյուսները բացարձակապես անտեսում են հոգևոր իրականությունը և հոգևոր ուժերի դեմ պատերազմելու աստվածաշնչյան ուսուցումը։ Հոգևոր պատերազմում հաղթելու բանալին այս հարցում աստվածաշնչյան հավասարակշռությունը գտնելն է։ Տեր Հիսուս երբեմն դևերին դուրս էր քշում մարդկանց միջից, իսկ երբեմն մարդկանց բժշկում էր առանց դևերի մասին որևէ խոսք ասելու։ Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում է պատերազմել իրենց մեջ առկա մեղքի դեմ (Հռոմեացիս 6) և զգուշացնում մեզ, որպեսզի դեմ կանգնենք սատանայի հնարքներին (Եփեսացիս 6․10–18)։

Եփեսացիս 6․10–12 հատվածում կարդում ենք․ «Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ»: Այս հատվածը մեզ մի կարևոր ճշմարտություն է սովորեցնում․ մենք միայն Աստծո զորությամբ ենք կարող ամուր կանգնել թշնամու առջև, միայն Աստծո սպառազինությունն է ունակ մեզ պաշտպանելու, և մեր պատերազմը այս աշխարհում առկա չար հոգևոր ուժերի դեմ է։

Եփեսացիս 6․13–18 հատվածը նկարագրում է Աստծո կողմից մեզ տրված հոգևոր սպառազինությունը։ Մենք պետք է սպառազինվենք ճշմարտության գոտիով, արդարության զրահով, խաղաղության ավետարանով, հավատքի վահանով, փրկության սաղավարտով, Հոգու սրով և Սուրբ Հոգով աղոթելով։ Ի՞նչ են խորհրդանշում հոգևոր սպառազինության այս բաղադրիչները հոգևոր պատերազմի առումով։ Մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը, հավատանք ճշմարտությանը և խոսենք ճշմարտություն։ Մենք պետք է խաղաղություն գտնենք այն փաստի մեջ, որ մենք արդար ենք հռչակված Քրիստոսի կողմից մեզ համար կատարված զոհի շնորհիվ։ Մենք պետք է բաժնեկցենք Ավետարանը մարդկանց հետ՝ անկախ այն հակազդեցությունից, որին կհանդիպենք այդ անելու ընթացքում։ Մենք չպետք է սասանենք մեր հավատը, պետք է վստահենք Աստծուն՝ անկախ նրանից, թե որքան ուժգին են թշնամու գրոհները։ Մեր հիմնական պաշտպանությունը փրկված լինելու մեր վստահությունն է։ Սա մի վստահություն է առ այն, որ ոչ մի հոգևոր ուժ չի կարող այն մեզնից խլել։ Մեր հարձակողական զենքը Աստծո Խոսքն է և ոչ թե մեր սեփական կարծիքներն ու զգացողությունները։ Եվ մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգու զորությամբ և Նրա կամքի մեջ։

Տեր Հիսուսը մեր լավագույն օրինակն է հոգևոր պատերազմի ժամանակ գայթակղություններին դիմակայելու հարցում։ Տեսե՛ք, թե ինչպես էր Նա դիմակայում սատանայի ուղղակի հարձակումներին, երբ փորձվում էր անապատում (Մատթեոս 4․1–11)։ Յուրաքանչյուր փորձություն հաղթահարվում էր «գրված է» խոսքերով։ Կենդանի Աստծո Խոսքը սատանայի գայթակղությունների դեմ ամենազորավոր զենքն է։ «Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմոս 119․11)։

Հոգևոր պատերազմի հարցում մենք պետք է նաև զգուշավոր լինենք։ Տեր Հիսուսի անունը մի կախարդական հռչակում չէ, որից փախչում են դևերը։ Սկևայի յոթ որդիների պատմությունը օրինակ է այն բանի, թե ինչ է պատահում, երբ մարդիկ կարծում են, թե ունեն մի իշխանություն, որն իրականում չունեն (Գործք 19․13–16)։ Անգամ Միքայել հրեշտակապետը չնախատեց սատանային իր սեփական զորությամբ, այլ ասաց․ «Տերը քեզ հանդիմանի» (Հուդա 1․9)։ Երբ սկսում ենք խոսել սատանայի հետ, մենք Եվայի նմանությամբ կանգնում ենք մոլորվելու վտանգի առջև (Ծննդոց 3․1–7)։ Մեր կենտրոնացումը պետք է լին Աստծո վրա, այլ ոչ թե դիվային ուժերի։ Մենք պետք է Աստծո հետ խոսենք, այլ ոչ թե նրանց։

Որպես ամփոփում, նշենք հոգևոր պատերազմում հաղթանակելու բանալիները։ Մենք պետք է մեր հույսն Աստծո զորության վրա դնենք, այլ ոչ թե մեր սեփական։ Մենք պետք է Աստծո ամբողջական սպառազինությամբ զինվենք։ Մենք պետք է օգտագործենք Աստվածաշնչի զորությունը՝ Աստծո Խոսքը Հոգու սուրն է։ Մենք պետք է աղոթենք անկոտրում կերպով և սրբության մեջ՝ մեր աղաչանքները բարձրացնելով Աստծուն։ Մենք պետք է ամուր կանգնենք (Եփեսացիս 6․13–14), պետք է հանձնվենք Աստծուն, պետք է հակառակ կանգնենք սատանային (Հակոբոս 4․7)՝ գիտակցելով, որ Զորքերի Տերը մեր պաշտպանն է։ «Հիրավի, Նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ» (Սաղմոս 62․2).

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հոգևոր պատերազմի մասին: