Ովքե՞ր էին Ծննդոց 6․1-4 հատվածում նկարագրված Աստծո որդիներն ու մարդկանց դուստրերը:


Հարց՝ Ովքե՞ր էին Ծննդոց 6․1-4 հատվածում նկարագրված Աստծո որդիներն ու մարդկանց դուստրերը:

Պատասխան՝
Ծննդոց 6․1-4 հատվածը խոսում է Աստծո որդիների ու մարդկանց դուստրերի մասին։ Մի քանի մոտեցում գոյություն ունի այն հարցին, թե ովքեր էին Աստծո որդիները և ինչու մարդկանց դուստրերից ծնված նրանց երեխաները հետագայում ձևավորեցին հսկաների սերունդը (հավանաբար, հենց այդ դրա մասին է խոսում Նեֆիլիմ բառը)։

Այս հատվածում Աստծո որդիների մասին երեք հիմնական տեսակետներն են՝ 1) նրանք ընկած հրեշտակներն էին, 2) նրանք զորավոր ու իշխանավոր մարդիկ էին, և 3) նրանք Սեթի աստվածապաշտ սերունդն էին, ովքեր ամուսնանում էին Կայենի չար սերնդի աղջիկների հետ։ Առաջին տեսության համար ծանրակշիռ փաստարկ է այն, որ «Աստծո որդիներ» արտահայտությունը Հին Կտակարանում վերաբերում է հրեշտակներին (Հոբ 1․6, 2․1, 38․7)։ Այս տեսակետի հիմնական խնդիրը Մատթեոս 22․30 խոսքն է, որը մեզ ասում է, որ հրեշտակները չեն ամուսնանում։ Աստվածաշունչը հիմք չի տալիս եզհարակացնելու, թե հրեշտակները սեռ ունեն կամ ունակ են բազմանալու։ Մյուս երկու տեսակետներում այս խնդիրը բացակայում է։

2) և 3) տեսակտների թույլ կողմը նրանում է, որ սովորական տղամարդկանց և սովորական կանանց ամուսնությունը չի բացատրում, թե ինչո՞ւ էր նրանց սերունդը նկարագրվում որպես «հսկաներ» կամ «զորավորներ ու վաղուց անվանի մարդիկ»։ Ավելին, ինչո՞ւ Աստված պետք է որոշեր երկիրը պատժել ջրհեղեղով (Ծննդոց 6․5-7), երբ երբևէ չէր արգելել Սեթի զորավոր սերնդին ամուսնանալ Կայենի սովորական սերնդի աղջիկների հետ։ Ծննդոց 6․5-7 խոսքերում նկարագրվող դատաստանը կապ ունի Ծննդոց 6․1-4 խոսքում տեղի ունեցածի հետ։ Միայն ընկած հրեշտակների անընդունելի ու պիղծ ամուսնությունը մարդկանց դուստրերի հետ կարող էր արդարացնել նման խիստ դատաստանը։

Ինչպես արդեն նշեցինք, առաջին տեսակետի թույլ կողմը Մատթեոս 22․30 խոսքն է, որտեղ կարդում ենք․ «Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում»։ Նախ նշենք, որ այս հատվածն ուղղակիորեն չի նշում, որ հրեշտակներն ունակ չեն ամուսնանալու։ Երկրորդ, Մատթեոս 22․30 խոսքը վերաբերում է Երկնքում գտնվող հրեշտակներին։ Այն չի վերաբերում ընկած հրեշտակներին, ովքեր անտեսում են Աստծո ստեղծած կարգը և նպատակ ունեն խոչընդոտելու Աստծո ծրագրին։ Այն փաստը, որ Աստծո սուրբ հրեշտակները չեն ամուսնանում կամ սեռական հարաբերություն չեն կարող ունենալ, դեռ չի նշանակում, թե նույնը չեն կարող անել սատանան ու նրա դևերը։

Այսպիսով, ամենահավանականը առաջին տեսակետն է։ Այո, կարող է հակասական հնչել, երբ ասում ենք, որ հրեշտակներն անսեռ արարածներ են և հետո պնդում, թե «Աստծո որդիները» ընկած հրեշտակներ էին, որոնք մերձենում էին մարդկանց դուստրերի հետ։ Այնուամենայնիվ, թեև հրեշտակները հոգևոր էակներ են (Եբրայեցիս 1․14), նրանք կարող են հայտնվել մարդկային կերպարանքով՝ ֆիզիկական մարմնով (Մարկոս 16․5)։ Սոդոմի և Գոմորի մարդիկ ուզում էին սեռական հարաբերություն ունենալ Ղովտի հետ եղող երկու հրեշտակների հետ (Ծննդոց 19․1-5)։ Հավանական է, որ հրեշտակները կարող են մարդկային կերպարանք ընդունել և ունենալ նաև սեռական հատկանիշներ ու, հավանաբար, անգամ նաև բազմանալ։ Իսկ ինչո՞ւ ընկած հրեշտակները չեն անում դա հիմա։ Գուցե, Աստված բանտարկել է այն ընկած հրեշտակներին, որոնք այս չար մեղքն են գործել, որպեսզի նրանք այլևս ունակ չլինեն կրկնելու դա (ինչպես նկարագրված է Հուդա 6 խոսքում)։ Ավելի վաղ հրեա աստվածաբանները, ապոկրիֆ և պսևդոապոկրիֆ գրվածքները միաձայն կերպով ընդունում էին, որ Ծննդոց 6․1-4 խոսքում նկարագրված «Աստծո որդիները» հենց հրեշտակներ են եղել։ Սակայն այս տեսակետները մեզ չեն փոխանցում վերջնական ճշմարտություններ։ Այնուամենայնիվ, Ծննդոց 6․1-4 հատվածի այն տեսակտը, որ ընկած հրեշտակները մերձենում էին մարդկանց դուստրերի հետ ունի ամուր համատեքստային, քերականական ու պատմական հիմք։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ովքե՞ր էին Ծննդոց 6․1-4 հատվածում նկարագրված Աստծո որդիներն ու մարդկանց դուստրերը: