Արդյոք Աստծո աչքին բոլոր մեղքերը հավասա՞ր են:


Հարց՝ Արդյոք Աստծո աչքին բոլոր մեղքերը հավասա՞ր են:

Պատասխան՝
Մատթեոս 5․21-28 հատվածում Տեր Հիսուսը շնությունը հավասարեցնում է սրտում կիրք ունենալու հետ, իսկ սպանություն գործելը՝ սրտում ատելություն ունենալու հետ։ Սակայն սա չի նշանակում, թե այդ մեղքերը նույնն են։ Տեր Հիսուսը փարիսեցիներին ուզում էր հասկացնել, որ մեղքը մեղք է, եթե անգամ միայն ուզում էիք դա անել, սակայն չեք իրագործել Ձեր մտադրությունը։ Տեր Հիսուսի ժամանակների կրոնական առաջնորդները սովորեցնում էին, որ նորմալ է ցանկացած մեղավոր միտք ունենալը, քանի դեռ այդ մտքերը չեն վերածվել գործողությունների։ Տեր Հիսուս փորձում էր նրանց հասկացնել, որ Աստված դատելու է մարդկանց մտքերն ու շարժառիթները, ինչպես որ դատելու է նրանց արարքները։ Նա սովորեցնում էր, որ մեր արարքները բխում են մեր սրտի իրական վիճակից (Մատթեոս 12․34)։

Այսպիսով, թեև Տեր Հիսուս ասում էր, որ կիրքն ու շնությունը երկուսն էլ մեղք են, դա դեռ չի նշանակում, որ դրանք հավասարազոր մեղքեր են։ Շատ ավելի վատ բան է մարդ սպանելը, քան նրան ատելը, թեև երկուսն էլ մեղքեր են Աստծո աչքին։ Գոյություն ունեն մեղքի ծանրության աստիճաններ։ Որոշ մեղքեր ավելի ծանր են, քան մյուսները։ Միևնույն ժամանակ, փրկության և հավիտենական հետևանքների առումով բոլոր մեղքերն էլ նույն հետևանքներն ունեն։ Ցանկացած մեղք հավիտենական դատապարտության է տանում մարդուն (Հռոմեացիս 6․23)։ Յուրաքանչյուր մեղք, անկախ նրանից, թե որքան «փոքր» է այն, գործվում է անսահման ու հավիտենական Աստծո դեմ և, հետևաբար, արժանի է անսահման ու հավիտենական պատժի։ Մյուս կողմից, չկա այնպիսի մեղք, որն այնքա՜ն «մեծ» լինի, որ Աստված չկարողանա այն ներել։ Տեր Հիսուսը մահացավ, որպեսզի վճարի մեր մեղք երի գինը (Ա Հովհաննես 2․2)։ Տեր Հիսուսը մեր բոլոր մեղքերի համար է մահացել (Բ Կորնթացիս 5․21)։ Արդյոք բոլոր մեղքե՞րն են հավասար Աստծո աչքին։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Դրանց թողած ազդեցության առումով՝ ո՛չ։ Դրանց համար նախատեսված պատժի առումով՝ այո՛։ Ներման առումով՝ այո՛։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք Աստծո աչքին բոլոր մեղքերը հավասա՞ր են: