Ի՞նչն է թույլատրելի կամ անթույլատրելի քրիստոնյա հավատացյալների սեռական հարաբերություններում։


Հարց՝ Ի՞նչն է թույլատրելի կամ անթույլատրելի քրիստոնյա հավատացյալների սեռական հարաբերություններում։

Պատասխան՝
Աստվածաշունչն ասում է․ «Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի» (Եբրայեցիս 13․4)։ Աստվածաշունչը չի խոսում այն մասին, թե ամուսնու և կնոջ համար ինչն է արգելված սեռական կյանքում։ Ամուսիններին ու կանանց Աստվածաշունչը հրահանգում է հետևյալը․ «Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ» (Ա Կորնթացիս 7․5)։ Այս խոսքը հիմք է դնում ամուսնության սահմաններում սեռական կյանքի կարևոր սկզբունքի համար։ Ինչպիսին էլ լինի սեռական կյանքը, ինչպիսի դրսևորումներ էլ լինեն, ամեն բան պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ։ Ո՛չ կինը և ո՛չ էլ ամուսինն իրավունք չունեն միմյանց դրդելու կամ ստիպելու սեռական հարաբերության ժամանակ անել մի բան, որը կողմերից մեկին ընդունելի չէ կամ, ըստ նրա համոզման, սխալ է։ Եթե ամուսինն ու կինը իրենց սեռական կյանքը կառուցում են փոխադարձ համաձայնությամբ և իրենց խղճի համեմատ, ապա Աստվածաշունչը ոչ մի հիմք չի տալիս պնդելու, թե նրանք այս կամ այն հարցում սխալ են վարվում։

Սակայն կան բաներ, որոնք բացարձակապես ընդունելի չեն ամուսնական զույգի համար։ Զույգերով փոխադարձ համաձայնությամբ մյուս զույգի ամուսնու և կնոջ հետ սեռական խառը հարաբերություն ունենալը ակնհայտ շնություն է (Գաղատացիս 5․19, Եփեսացիս 5․3, Կողոսացիս 3․5, Ա Թեսաղոնիկեցիս 4․3)։ Շնությունը մնում է մեղք, անգամ եթե Ձեր կողակիցը թույլ է տալիս, հավանություն է տալիս կամ անգամ իր մասնակցությունն ունենում դրանում։ Պոռնոգրաֆիան վերաբերում է «մարմնի ցանկությանն ու աչքերի ցանկությանը (Ա Հովհաննես 2․16) և, հետևաբար, դատապարտելի է Աստծո կողմից։ Ամուսինն ու կինը երբեք չպետք է փորձեն պոռնոգրաֆիայի սովորեցրածը ներմուծել իրենց սեռական հարաբերությունների մեջ։ Նշված սկզբունքներից բացի այլ արգելքներ Աստվածաշունչը չի դնում ամուսինների սեռական հարաբերությունների առումով, քանի դեռ նրանք այդ հարաբերությունը կառուցում են փոխադարձ համաձայնության մթնոլորտում։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչն է թույլատրելի կամ անթույլատրելի քրիստոնյա հավատացյալների սեռական հարաբերություններում։