Ի՞նչ է ասում Աստվածաշունչը նախաամուսնական սեռական կյանքի մասին:


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը նախաամուսնական սեռական կյանքի մասին:

Պատասխան՝
Աստվածաշնչում եբրայերեն կամ հունարեն հատուկ բառ չկա, որը նկարագրում է նախաամուսնական սեռական կյանքը։ Աստվածաշունչն անհերքելիորեն դատապարտում է սեռական անբարոյությունն ու շնությունը։ Սակայն արդյոք նախաամուսնական սեռական կյանքը նույնպե՞ս մեղք է։ Ըստ Ա Կորնթացիս 7․2 խոսքի, պատասխանը հստակ է՝ այո՛․ «Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա»։ Այս հատվածում Պողոս առաքյալը սովորեցնում է, որ ամուսնությունը սեռական անբարոյության դեմ «դեղամիջոց» է։ Ա Կորնթացիս 7․2 խոսքը ասում է, որ մարդկանց ինքնավերահսկման պակասի պատճառով և քանի որ բազմաթիվ մարդիկ առանց ամուսնության սեռական կապեր են ունենում, մարդիկ պետք է ամուսնանան, որպեսզի իրենց ցանկությունները բարոյական կերպով բավարարեն։

Քանի որ Ա Կորնթացիս 7․2 խոսքը հստակ նշում է, որ նախաամուսնական սեռական կապը սեռական անբարոյություն է, ապա Աստվածաշնչի բոլոր այն հատվածները, որոնք սեռական անբարոյության մեղքի մասին են խոսում, կարելի է կիրառել նաև նախաամուսնական սեռական կապի առումով։ Սեռական անբարոյության աստվածաշնչյան սահմանումը տարածվում է նաև նախաամուսնական սեռական կյանքի վրա։ Բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ կան, որոնք խոսում են այն մասին, որ նախաամուսնական սեռական կյանքը մեղք է (Գործք 15․20, Ա Կորնթացիս 5․1, 6․13,18, 10․8, Բ Կորնթացիս 12․21, Գաղատացիս 5․19, Եփեսացիս 5․3, Կողոսացիս 3․5, Ա Թեսաղոնիկեցիս 4․3, Հուդա 7)։ Աստվածաշունչը խոսում է նախքան ամուսնությունը սեռական կյանքից ի սպառ զսպվածության մասին։ Ամուսնու և նրա կնոջ միջև սեռական կյանքը միակ սեռական հարաբերությունն է, որն ընդունելի է Աստծո համար (Եբրայեցիս 13․4)։

Մենք չափից շատ ենք կենտրոնանում սեռական հարաբերության «հաճույքի» կողմի վրա՝ հաճախ հաշվի չառնելով մյուսն կողմը՝ որդեծնությունը։ Ամուսնական սեռական կյանքի մեջ կա հաճույք։ Աստված է մարդուն այդպես ստեղծել։ Նա կամենում է, որպեսզի տղամարդն ու կինը վայելեն սեռական կյանքն ամուսնության սահմաններում։ Երգ Երգոց գրքում և աստվածաշնչյան մի քանի այլ հատվածներում (ինչպիսին է Առակաց 5․19 խոսքը), հստակ նկարագրվում է սեռական հարաբերության հաճույքը։ Այնուամենայնիվ, ամուսնական զույգը պետք է նաև չմոռանա, որ Աստված սեռական հարաբերությունը մտահղացել է որդեծնության համար։ Այսպիսով, նախաամուսնական սեռական հարաբերությունը կրկնակի անգամ սխալ է։ Նման զույգը վայելում է սեռական հաճույքը, որը նրանց համար չէ նախատեսված, և մարդկային կյանք առաջացնելու ռիսկի է ենթարկվում, որը լույս աշխարհ կգա յուրաքանչյուր երեխայի համար Աստծո նախատեսած ընտանիքի սահմաններից դուրս։

Թեև ճիշտ և սխալ լինելու հարցը գործնականում պարզ է, եթե մարդն ընդունում է նախաամուսնական սեռական հարաբերության վերաբերյալ աստվածաշնչի մոտեցումը, պետք նշել նաև, որ այս մեղքից հեռու մնալը նշանակում է սեռական հիվանությունների փոխանցման քանակի նվազում, հղիության արհեստական ընդհատումների թվի զգալի կրճատում, անցանկալի մայրության և հղիությունների թվի կրճատում, ինչպես նաև առանց երկու ծնողների մեծացող երեխաների թվի կրճատում։ Զսպվածությունը Աստծո կողմից ընդունելի միակ պատասխանն է նախաամուսնական հարաբերությունների խնդրին։ Զսպվածությունը փրկում է կյանքեր, պաշտպանում երեխաներին, սեռական հարաբերություններին տալիս համապատասխան արժեք և, որ ամենակարևորն է, պատվում է Աստծուն։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը նախաամուսնական սեռական կյանքի մասին: