Ո՞րն է ճիշտ կրոնն ինձ համար:


Հարց՝ Ո՞րն է ճիշտ կրոնն ինձ համար:

Պատասխան՝
Արագ սննդի ռեստորանները մեզ հնարավորություն են ընձեռում պատվիրելու սնունդը հենց այնպիսի պատրաստմամբ, ինչպիսին մենք ենք նախընտրում։ Սուրճի որոշ խանութներ հարյուրավոր տեսակների ու համերի սուրճ են առաջարկում։ Անգամ տներ կամ մեքենաներ գնելիս մեզ տալիս են տարբեր կահավորանքով կամ հնարավորություններով գնում կատարելու առաջարկներ։ Մենք այլևս չենք ապրում պարզապես միայն շոկոլադե, վանիլային կամ ելակի պաղպաղակի աշխարհում։ Ընտրությունն ընդլայնվել է։ Դուք կարող եք գտնել ցանկացած բան, որը համապատասխան է Ձեր կարիքներին ու ցանկություններին։

Իսկ ի՞նչ ասենք մարդու համար նախընտրելի կրոնի առկայության մասին։ Կրոն, որը չի ծնում մեղավորության զգացում, չունի պահանջներ և մարդուն չի ծանրաբեռնում նրան անհանգստացնող «սա կարելի է, իսկ դա չի կարելի» տիպի հրահանգներով։ Այսօր գոյություն ունեն նաև հենց այսպիսի կրոններ։ Սակայն արդյոք կրոնը մի այնպիսի՞ բան է, որը մենք ընտրում ենք այնպես, ինչպես կընտրեինք պաղպաղակի համերը։

Բազմաթիվ ձայներ կան, որոնք փորձում են մեր ուշադրությանն արժանանալ, որպեսզի մենք խորհենք այն մասին, թե ինչո՞ւ Հիսուսին պետք է բարձր դասենք, օրինակ, Մուհամեդից կամ Կոնֆուցիոսից, Բուդդայից կամ Չարլզ Ռասելից ու Ջոզեֆ Սմիթից։ Ի վերջո, չէ՞ որ մարդիկ կարծում են, թե բոլոր կրոններն էլ ճանապարհներ են դեպի Երկինք։ Սակայն արդյոք կրոնները հիմնականում նույն բա՞նն են ուսուցանում։ Ճշմարտությունը նրանում է, որ բոլոր կրոնները չէ, որ մարդուն առաջնորդում են դեպի Երկինք, ճիշտ այնպես, ինչպես բոլոր ճանապարհները չեն տանում դեպի նույն վայրը։

Միայն Հիսուս է Աստծո իշխանությամբ խոսել, քանի որ միայն Նա է հաղթել մահին։ Մուհամեդը, Կոնֆուցիոսը և մյուսները իրենց գերեզմանների մեջ են մինչ օրս։ Սակայն Հիսուս Իր իսկ զորությամբ հռոմեական խաչի դաժան մահապատժից և երեք օր մահացած լինելուց հետո դուրս եկավ սեփական գերեզմանից։ Ցանկացած ոք, ով մահվան վրա նման իշխանություն ունի, արժանի է մեր ուշադրությանը։ Ցանկացած ոք, ով մահվան վրա նման իշխանություն ունի, արժանի է, որ նրա խոսքերին ականջալուր լինենք։

Հիսուսի հարության ապացույցները ցնցող են։ Նախ, Քրիստոսի հարության ավելի քան հինգ հարյուր ականատես է եղել։ Սա բավականին մեծ թիվ է։ Հինգ հարյուր մարդու ձայնը անհնարին է անտեսել։ Կա նաև դատարկ գերեզմանի հարցը։ Հիսուսի թշնամիները կարող էին հեշտությամբ լռեցնել հարության մասին ցանկացած խոսակցություն՝ մարդկանց պարզապես ցույց տալով նրա մահացած ու քայքայված մարմինը։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Գերեզմանը դատարկ էր։ Արդյոք առաքյալնե՞րն էին գողացել մարմինը գերեզմանից։ Դա հավանական չէ։ Նման կեղծարարությունը կանխելու նպատակով Հիսուսի գերեզմանը պահպանվում էր զինվորների զինված ջոկատի կողմից։ Հաշվի առնելով, որ Հիսուսի ամենամոտ հետևորդները փախել էին վախից Նրա ձերբակալության ու խաչելության ժամանակ, շատ անհավանական է, որ սարսափած ձկնորսների այս խումբը դեմ առ դեմ բախվեր լավ պատրաստված զինվորների այս հատուկ ջոկատին։ Եվ նրանք երբեք հանուն խաբեության չէին զոհի իրենց կյանքն ու չէին նահատակվի, ինչպես դա արեցին հետագայում հանուն ճշմարտության։ Ամենապարզ փաստը նրանում է, որ Հիսուսի հարությանը չկա որևէ հակափաստարկ։

Եվս մեկ անգամ նշենք, որ մահվան վրա իշանություն ունեցողին արժե լսել։ Հիսուս ապացուցել է մահվան վրա Իր իշխանության զորությունը։ Հետևաբար, մենք կարիք ունենք հասկանալու Նրա խոսքերի իմաստը։ Նա պնդում էր, որ Ինքը փրկության միակ ճանապարհն է (Հովհաննես 14․6)։ Նա ճանապարհներից մեկը չէ։ Նա միակ ճանապարհն է։

Եվ նույն Հիսուսն ասում է․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28)։ Սա բարդ աշխարհ է, և կյանքը լի է դժվարություններով։ Մեզնից շատերը արնաշաղախ են, կապտուկներով ու պատերազմական սպիներով պատված։ Համաձա՞յն եք։ Այսպիով, ի՞նչ եք կամենում ունենալ՝ վերականգնո՞ւմ, թե՞ պարզապես որևէ կրոն։ Կենդանի Փրկչի՞ն, թե՞ բազմաթիվ մահացած մարգարեների։ Իմաստալի հաղորդակցությո՞ւն, թե՞ դատարկ ծիսակատարություններ։ Հիսուս բազմաթիվ հնարավորություններից մեկը չէ։ Նա միակ հնարավորությունն է։

Եթե Դուք ներում եք փնտրում, ապա Հիսուսն է ճշմարիտ «կրոնը» (Գործք 10․43)։ Եթե Դուք Աստծո հետ իմաստալի հարաբերություն եք որոնում, ապա Հիսուսն է ճշմարիտ «կրոնը» (Հովհաննես 10․10)։ Եթե Դուք Երկնքում հավիտենական կյանքին եք ձգտում, ապա Հիսուսն է ճշմարիտ «կրոնը» (Հովհաննես 3․16)։ Հավատացե՛ք ու վստահե՛ք Հիսուս Քրիստոսին որպես Ձեր Փրկչի և երբեք չեք հիասթափվի այդ որոշման համար։ Վստահե՛ք Նրան Ձեր մեղքերի ներման հարցում և երբեք հուսախաբ չեք լինի։

Եթե ուզում եք «ճիշտ հարաբերություն» ունենալ Աստծո հետ, ապա աղոթեք այս պարզ աղոթքով։ Հիշե՛ք, որ այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Մենք մեղքից փրկվում ենք միայն Քրիստոսին վստահելու արդյունքում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատն արտահայտելու և Ձեր փրկության համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ո՞րն է ճիշտ կրոնն ինձ համար: