settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է եկեղեցու հափշտակությունը:

Պատասխան


Հափշտակություն բառը չի հանդիպում Աստվածաշնչում։ Այս տերմինը ծագել է լատիներեն բառից, որը կրում է «բարձրացնելով կրել, տեղափոխել կամ քաշելով պոկել» իմաստը։ «Բարձրացնելով կրելու» գաղափարը կամ եկեղեցու հափշտակությունը հստակ ուսուցանվում է Աստվածաշնչում։

Եկեղեցու հափշտակությունը մի իրադարձություն է, որի ժամանակ Աստված «քաշելով պոկելու» է բոլոր հավատացյալներին այս երկրի վրայից, որպեսզի Իր արդար դատաստանը հեղի երկրի վրա Մեծ նեղությունների ժամանակաշրջանում։ Եկեղեցու հափշտակությունը հիմնականում նկարագրվում է Ա Թեսաղոնիկեցիս 4․13–18 և Ա Կորնթացիս 15․50–54 հատվածներում։ Աստված հարություն է տալու բոլոր այն հավատացյալներին, ովքեր մինչ այդ մահացած են եղել, և մյուս հավատացյալների հետ միասին, որոնց նույնպես այդ ժամանակ փառավորված մարմիններ է պարգևելու, նրանց վերցնելու երկրի վրայից։ «Քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 4․16–17)։

Հափշտակությունը ներառելու է մեր մարմինների ակնթարթային փոխակերպումը, որի արդյունքում մեր նոր մարմինները հարմարեցված են լինելու հավիտենության համար։ «․․․բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան, ինչպես որ է» (Ա Հովհաննես 3․2)։ Հափշտակությունը պետք չէ շփոթել Տեր Հիսուսի երկրորդ գալուստի հետ։ Հափշտակության ժամանակ Տերը գալու է «ամպերի վրա», որպեսզի մեզ դիմավորի «մեզ օդում» (Ա Թեսաղոնիկեցիս 4․17)։ Երկրորդ գալուստի ժամանակ Տերն իջնելու է երկրի վրա և կանգնելու է Ձիթենյաց սարի վրա, ինչի արդյունքում երկրաշարժ է լինելու, որին էլ հաջորդելու է Աստծո թշնամիների պարտությունը (Զաքարիա 14․3–4)։

Հափշտակության վարդապետությունը չի ուսուցանվում Հին Կտակարանում, որի պատճառով Պողոս առաքյալն այն անվանում է դեռ չբացահայտված խորհուրդ․ «Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք» (Ա Կորնթացիս 15․51–52)։

Հափշտակությունը փառավոր մի իրադարձություն է, որին մենք՝ բոլոր հավատացյալներս, պետք է փափագենք մասնակից լինելու։ Վերջապես մենք ազատ կլինենք մեղքի ազդեցությունից։ Մենք հավիտյան լինելու ենք Աստծո ներկայության մեջ։ Չափազանց լայնածավալ քննարկում կա հափշտակության իմաստի ու մասշտաբների վերաբերյալ։ Նման բանավեճերը Աստծո կամքը չեն եկեղեցու համար։ Փոխարենը, հափշտակությունը եկեղեցու համար պետք է լինի հույսով լեցուն մխիթարության վարդապետություն։ Աստված ուզում է, որպեսզի մենք «միմյանց մխիթարենք այս խոսքերով» (Ա Թեսաղոնիկեցիս 4․18)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է եկեղեցու հափշտակությունը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries