Հարց
Ե՞րբ է տեղի ունենալու հափշտակությունը Մեծ նեղությունների համեմատությամբ:
Պատասխան
Հափշտակության ժամանակը Մեծ նեղությունների համեմատությամբ ժամանակակից եկեղեցու ամենահակասական քննարկումների առիթ տված թեմաներից է։ Հիմնականում ընդունված երեք տեսակետներն են՝ նախքան նեղություները, նեղությունների կեսին և նեղություններից հետո։ Չորրորդ համընդհանուր ընդունված տեսակետը՝ նախքան բարկությունը տեղի ունեցող հափշտակությունը, նեղությունների կեսի տեսակետին շատ նման է, սակայն որոշակի փոփոխություններով։
Նախ, կարևոր է հասկանալ նեղությունների նպատակը։ Ըստ Դանիել 9․27 խոսքի, յոթանասուներորդ «յոթնյակը» (յոթ տարվա ժամանակահատվածը) դեռ պիտի գա։ Յոթանասուն յոթնյակների մասին Դանիելի մարգարեությունը (Դանիել 9․20-27) ամբողջովին Իսրայելին է վերաբերում։ Այն մի ժամանակահատված է նկարագրում, որի ընթացքում Աստված Իր ուշադրությունը կենտրոնացնում է հատկապես Իսրայելի վրա։ Յոթանասուներորդ յոթնյակը՝ նեղությունների ժամանակաշրջանը, պետք է որ նույնպես լինի մի ժամանակահատված, որի ընթացքում Աստված կրկին կենտրոնանալու է Իսրայելի վրա։ Թեև սա չի նշանակում, թե եկեղեցուն դա չի վերաբերում, սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է եկեղեցին այդ ժամանակ լինի երկրի վրա։
Հափշտակությունը նկարագրող հիմնական աստվածաշնչյան մեջբերումը Ա Թեսաղոնիկեցիս 4․13-18 հատվածն է։ Այս հատվածը խոսում է այն մասին, որ այդ պահին ապրող բոլոր հավատացյալները բոլոր մինչ այդ մահացած հավատացյալների հետ միասին օդի մեջ հանդիպելու են Տեր Հիսուսին և Նրա հետ են լինելու հավիտյան։ Հափշտակությունը Աստծո կողմից Իր Եկեղեցուն երկրի վրայից վերցնելն է։ Մի քանի խոսք անց՝ Ա Թեսաղոնիկեցիս 5․9 հատվածում Պողոս առաքյալն ասում է․ «Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Հայտնության գիրքը, որի հիմնական մասը վերաբերում է նեղությունների ժամանակահատվածին, մարգարեական մի ուղերձ է նեղությունների ժամանակ երկրի վրա Աստծո բարկության հեղման մասին։ Հակասական է թվում, որ մի կողմից Աստված խոստանում է հավատացյալներին, որ նրանք չեն տառապի Աստծո բարկության դրսևորումներից, իսկ մյուս կողմից՝ թողնում նրանց երկրի վրա, որպեսզի տառապեն նեղությունների ժամանակ Իր բարկության հեղման հետևանքներից։ Հավատացյալներին Իր բարկությունից ազատելու խոստումը երկրի վրայից նրանց վերցնելու խոստումից անմիջապես հետո տպավորություն է ստեղծում, որ այս երկու իրադարձություններն իրար հետ սերտորեն կապված են։
Հափշտակության վերաբերյալ ևս մեկ կարևոր աստվածաշնչյան հատված է Հայտնություն 3․10 խոսքը, որտեղ Քրիստոս խոստանում է փրկել հավատացյալներին «փորձության ժամին», որը պիտի գա երկրի վրա։ Սա կարող է երկու բան նշանակել։ Կա՛մ Քրիստոս կպաշտպանի հավատացյալների փորձությունների ժամանակ, կա՛մ Նա կազատի հավատացյալներին եկող փորձություններից։ Երկուսն էլ կարելի է ճիշտ եզրահանգում համարել, եթե ուսումնասիրենք հունարեն տեքստի իմաստը։ Սակայն կարևոր է հասկանալ նաև, թե հավատացյալներին տրված այս խոստումը ինչի՞ց է փրկում։ Այն սովորական փորձություն չէ, այլ փորձության «ժամ»։ Քրիստոս խոստանում է փրկել հավատացյալներին այն ժամանակահատվածի ընթացքում, որում տեղի են ունենալու փարձությունները, որին մենք նեղությունների ժամանակաշրջան ենք անվանում։ Նեղությունները նպատակը, հափշտակության նպատակը, Ա Թեսաղոնիկեցիս 5․9 խոսքի նպատակը և Հայտնություն 3․10 խոսքի մեկնությունը հստակ կերպով խոսում են նախքան նեղությունները տեղի ունեցող հափշտակության տեսակետի ճշմարիտ լինելու մասին։ Եթե Աստվածաշունչը մեկնաբանենք բառացիորեն ու հետևողականորեն, ապա նախքան նեղությունները հափշտակության տեղի ունենալու տեսանկյունը Աստվածաշնչի վրա հիմնված ամենահավանական մոտեցումն է։
English
Ե՞րբ է տեղի ունենալու հափշտակությունը Մեծ նեղությունների համեմատությամբ: