Հարց
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ռասիզմի մասին:
Պատասխան
Այս հարցի քննարկման մեջ կարևոր է հասկանալ, որ միայն մեկ ռասսա գոյություն ունի՝ մարդկային ռասսան։ Կովկասյանները, աֆրիկացիները, ասիացիները, հնդկացիները, արաբներն ու հրեաները տարբեր ռասսաների ներկայացուցիչներ չեն։ Ավելի շուտ, նրանք մարդկային ռասսայի տարբեր էթնոսների ներկայացուցիչներ են։ Բոլոր մարդկային էակները կրում են միևնույն ֆիզիկական հատկանիշները (անշուշտ, ոչ էական տարբերություններով)։ Եվ, որ ավելի կարևոր է, բոլոր մարդկային էակները արարված են Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդոց 1․26-27)։ Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Տեր Հիսուսին աշխարհ ուղարկեց, որպեսզի Նա Իր կյանքը դնի մեր փրկության համար (Հովհաննես 3․16)։ «Աշխարհ» բառն այստեղ ակնհայտորեն ներառում է բոլոր էթնիկական խմբերին։
Աստված աչառություն կամ կողմնակալություն չի դրսևորում (Բ Օրինաց 10․17, Գործք 10․34, Հռոմեացիս 2․11, Եփեսացիս 6․9), և ոչ էլ մենք պետք է նման որակներ դրսևորենք։ Հակոբոս 2․4 խոսքը աչառություն անողներին նկարագրում է որպես «չար խորհուրդների դատավորներ»։ Փոխարենը, մենք պետք է սիրենք մեր ընկերոջը մեր անձի պես (Հակոբոս 2․8)։ Հին Կտակարանում Աստված մարդկությունը երկու «ռասսայի» էր բաժանել՝ հրեաներ և հեթանոսներ։ Աստծո ակնկալիքն էր, որ հրեաները դառնային քահանաների թագավորություն, որը կծառայեր հեթանոս ազգերին։ Հիսուս Քրիստոս վերջ դրեց այս տարանջատմանը՝ կործանելով թշնամության բաժանարար պատը (Եփեսացիս 2․14)։ Ռասիզմի բոլոր դրսևորումները, կանխատրամադրվածությունը և խտրականությունները վիրավորանք են խաչի վրա Քրիստոսի կատարած գործին։
Տեր Հիսուս մեզ պատվիրել է սիրել իրար այնպես, ինչպես Նա է մեզ սիրել (Հովհաննես 13․34)։ Եթե Աստված անկողմնակալ է և մեզ անկողմնակալ սիրով է սիրում, ապա մենք էլ մյուսներին պետք է նման բարձր չափանիշ կրող սիրով սիրենք։ Տեր Հիսուս Մատթեոս 25-րդ գլխում սովորեցնում է, որ մեր ամենափոքր եղբայրներից մեկին արածը մենք անում ենք Տեր Հիսուսի հանդեպ։ Եթե մենք արհամարհանքով ենք որևէ մեկին վերաբերվում, ապա սխալ վերաբերմունք ենք ցուցաբերում Աստծո պատկերով ստեղծված մարդու հանդեպ։ Մենք ցավեցնում ենք մեկին, ում Աստված սիրում է և ում համար Իր կյանք է զոհել Տեր Հիսուսը։
Ռասիզմն իր տարբեր դրսևորումներով և ուժգնության մակարդակներով հազարավոր տարիներ շարունակ չարիք է եղել մարդկության համար։ Տարբեր էթնիկական խմբեր ներկայացնող եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսպես չպետք է շարունակվի։ Ռասիզմի, կանխատրամադրվածության և խտրականության զոհերը կարիք ունեն ներելու։ Եփեսացիս 4․32 խոսքում կարդում ենք․ «Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»։ Ռասիստները կարող են արժանի չլինել մեր ներմանը, սակայն մենք ավելի քիչ էինք արժանի Աստծո ներմանը։ Ռասիզմի, կանխատրամադրվածության և խտրականության հարողները կարիք ունեն ապաշխարելու։ «Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն» (Հռոմեացիս 6․13)։ Թող Գաղատացիս 3․28 խոսքը ամբողջավին դառնա իրականություն․ «Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով»։
English
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ռասիզմի մասին: