settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը կյանքի իմաստը գտնելու վերաբերյալ։

Պատասխան


Աստվածաշունչը բավականին հստակ կերպով ներկայացնում է, թե ինչը պետք է լինի մեր կյանքի իմաստը։ Թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարանում կային մարդիկ, որոնք որոնում և գտնում էին կյանքի իմաստը։ Այս արեգակի տակ ապրած ամենաիմաստուն մարդկանցից մեկը՝ Սողոմոնը, իր համար բացահայտեց այս կյանքի ողջ ունայնությունը, երբ, ինչպես նա է նշում, մարդն ապրում է միայն այս աշխարհի համար։ Նա այս մասին խոսում է Ժողովող գրքի ամփոփման մեջ․ «Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր Նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։ Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար» (Ժողովող 12․13-14)։ Սողոմոնն ասում է, որ կյանքի իմաստը մեր մտքերով ու կյանքի գործերով Աստծուն պատվելն է, ինչը պետք է դրսևորվի Նրա պատվիրանները պահելու մեջ, քանի որ մի օր մենք կանգնելու ենք Աստծո առջև դատաստանի համար։ Մեր կյանքի իմաստի մի մասը Աստծուց երկյուղելն ու Նրան հնազանդվելն է։

Մեր կյանքի իմաստի մյուս մասը այս երկրի վրա մեր կյանքը հավիտենության հեռանկարից տեսնելն է։ Ի տարբերություն այն մարդկանց, որոնց կենտրոնացումն այս կյանքի վրա է, Դավիթ թագավորը իր վայելքը այն կյանքի մեջ էր փնտրում, որը դեռ պիտի գար։ Նա ասում է․ «Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ Քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ Քո կերպարանքից» (Սաղմոս 17․15)։ Դավթի համար ամբողջական վայելքը իրականություն էր դառնալու այն ժամանակ, երբ նա արթնանա (այս կյանքից հետո) և թե՛ տեսնի Աստծո կերպարանքը (հաղորդակցվի Աստծո հետ), թե՛ լինի Նրա նման (Ա Հովհաննես 3․2)։

Սաղմոս 73-ում Ասափը խոսում է, թե ինչպես էր գայթակղվել ու նախանձել ամբարիշտ մարդկանց՝ տեսնելով նրանց անհոգ կյանքը և մյուսներին ճնշելով իրենց հաջողությունը կառուցելը, սակայն հետո նա տեսնում է նրանց ապագան։ Ի հակադրություն իր տեսածի, Ասափը 25-րդ խոսքում բացահայտում է, թե ինչն է կարևոր իր համար․ «Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ Քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում»։ Ասափի համար Աստծո հետ հարաբերությունն ամենակարևոր բանն էր կյանքում։ Առանց այս հարաբերության կյանքը որևէ իրական իմաստ չէր կարող ունենալ։

Պողոս առաքյալը խոսում է իր կրոնական ձեռքբերումների ու նվաճումների մասին նախքան հարություն առած Քրիստոսին հանդիպելը, և այդ ամենը աղբ էր, եթե դրանք համեմատեինք Քրիստոսին ճանաչելու գերազանցության հետ։ Փիլիպպեցիս 3․9-10 հատվածում Պողոս առաքյալն ասում է, որ ուրիշ բան չի ցանկանում, այլ որ միայն Քրիստոսին ճանաչի և «նրա մեջ գտնվի», ունենա Նրա արդարությունը և ապրի Նրա հանդեպ հավատքով, եթե անգամ դա նշանակելու էր չարչարանք ու մահ։ Պողոս առաքյալի կյանքի նպատակը Քրիստոսին ճանաչելն էր, Նրա հանդեպ հավատի շնորհիվ Նրա արդարությունն ունենալը և Նրա հետ հաղորդակցության մեջ ապրելը, անգամ եթե դա նաև չարչարվել ու տառապել էր նշանակելու (Բ Տիմոթեոս 3․12)։ Ի վերջո, պետք է նշենք նաև, որ Պողոս առաքյալը սպասում էր այն ժամանակին, երբ մաս էր կազմելու «մեռելների հարությանը»։

Մեր կյանքի նպատակը, ըստ Աստծո սկզբնական արարչագործության, հետևյալն էր՝ 1) Աստծուն փառավորելը և Նրա հետ հաղորդակցությունը վայելելը, 2) մյուսների հետ լավ հարաբերություններ ունենալը, 3) աշխատելը և 4) երկրի վրա իշխելը։ Սակայն մարդն ընկավ մեղքի մեջ, խաթարվեց Աստծո հետ հաղորդակցությունը, աղավաղվեցին մյուսների հետ հարաբերությունները, աշխատանքը դարձավ հոգնեցուցիչ և մարդու համար տանջալի դարձավ բնության վրա իր իշխանությունը պահելը։ Միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ Աստծո հետ հարաբերության վերականգնման արդյունքում է հնարավոր վերագտնել կյանքի իրական իմաստը։

Մարդու կյանքի նպատակը Աստծուն փառավորելն է և Նրան հավիտյան վայելելը։ Մենք փառավորում ենք Աստծուն Նրանից երկյուղելով ու Նրան հնազանդվելով, մեր աչքերը մեր երկնային տան վրա հառած և Նրա հետ մտերմության միջոցով։ Մենք վայելում ենք Աստծուն, երբ հետևում ենք մեր կյանքի համար Աստծո ունեցած ծրագրին, ինչը մեզ հանարավորություն է տալիս փորձառաբար ապրելու իրական ու հարատև ցնծությունը՝ այն լիառատ կյանքը, որն Աստված է պատրաստել մեզ համար։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը կյանքի իմաստը գտնելու վերաբերյալ։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries