Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ամուսնությանը։


Հարց՝ Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ամուսնությանը։

Պատասխան՝
Ամուսնությանն աստվածաշնչյան իմաստով նախապատրաստվելը նույն սկզբունքներն է իր մեջ կրում, որը կիրառելի է կյանքի ցանկացած իրադարձության նախապատրաստվելիս։ Մի սկզբունք կա, որը պետք է բնութագրի բոլոր վերստին ծնված քրիստոնյաների կյանքի յուրաքանչյուր ոլորտ․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22․37)։ Սա մի սարսափազդու հրահանգ չէ։ Այն հավատացյալների կյանքի առանցքն է։ Սա ամբողջ սրտով, հոգով ու մտքով Աստծո և Նրա Խոսքի վրա կենտրոնանալու մեր որոշումն է, որպեսզի մեր կյանքը լի լինի այնպիսի գործերով ու վարքագծով, որոնք հաճելի են Աստծուն։

Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունը հիմք է հանդիսանում մեր մյուս բոլոր հարաբերությունների ճիշտ կառուցման համար։ Ամուսնական հարաբերությունը հիմնված է Քրիստոսի և Իր Եկեղեցու հարաբերության մոդելի վրա (Եփեսացիս 5․22-33)։ Մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ պետք է առաջնորդվի Աստծո պատվիրաններով և Նրա ակնկալած կերպով ապրելու նվիրմամբ։ Մեր հնազանդությունն Աստծուն և Նրա Խոսքին մեզ զորացնում է կյանքում և ամուսնության մեջ Նրա նախատեսած նպատակներն իրագործելու համար։ Իսկ յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալի նպատակը պետք է լինի ամեն բանում Աստծուն փառավորելը (Ա Կորնթացիս 10․31)։

Ամուսնությանը նախապատրաստվելու, Քրիստոսին արժանի ընթացք ունենալու և Աստծո հետ Նրա Խոսքի միջոցով մտերմանալու համար (Բ Տիմոթեոս 3․16-17) կենտրոնացեք ամեն բանում հնազանդության կյանք ունենալու վրա։ Աստծուն հնազանդության մեջ ընթանալու հարցում հեշտ ճանապարհ գոյություն չունի։ Դա ընտրություն է, որը պետք է ամեն օր կատարենք և որի էությունը աշխարհի սկզբունքները մի կողմ դնելն ու Աստծուն հետևելն է։ Քրիստոսին արժանի կյանք ունենալ նշանակում է խոնարհաբար և ամենօրյա ու ամենժամյա նվիրումով նվիրվել միակ Ճանապարհին, միակ Ճշմարտությանը և միակ Կյանքին։ Սա է այն նախապատրաստությունը, որը յուրաքանչյուր հավատացյալ կարիք ունի իրագործելու և պատրաստվելու այն մեծ պարգևն ընդունելուն, որը կոչվում է ամուսնություն։

Հոգևորապես հասուն և Աստծո հետ քայլող անձնավորությունը ավելի է պատրաստ ամուսնությանը, քան որևէ այլ մարդ։ Ամուսնությունը նվիրում, փափագ, հեզություն, սեր և հարգանք է պահանջում։ Այս հատկանիշները բնութագրում են Աստծո հետ մտերիմ հարաբերության մեջ լինող մարդուն։ Ամուսնությանը նախապատրաստվելիս մարդը պետք է թույլ տա Աստծուն, որպեսզի Նա փոխի տվյալ մարդու բնավորությունն ու դարձնի հենց Աստծո ուզած որակները կրող մեկը (Հռոմեացիս 12․1-2)։ Եթե հանձվեք Աստծուն, ապա Նա Ձեզ պատրաստ կդարձնի ամուսնությանը, նախքան այդ հիասքանչ օրը Ձեր կյանքում կդառնա իրականություն։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ամուսնությանը։