Ի՞նչ է նախասահմանությունը։ Արդյոք նախասահմանության գաղափարն աստվածաշնչյա՞ն է:


Հարց՝ Ի՞նչ է նախասահմանությունը։ Արդյոք նախասահմանության գաղափարն աստվածաշնչյա՞ն է:

Պատասխան՝
Հռոմեացիս 8․29-30 հատվածում կարդում ենք․ «Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց»։ Իսկ Եփեսացիս 1․5,11 հատվածում կարդում ենք հետևյալը․ «Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, … Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն»։ Բազմաթիվ մարդիկ թշնամական տրամադրվածություն ունեն նախասահմանության վարդապետության հանդեպ։ Այնուամենայնիվ, նախասահմանությունը աստվածաշնչյան վարդապետություն է։ Կարևոր է հասկանալ, թե ո՞րն է նախասահմանության ճիշտ աստվածաշնչյան իմաստը։

Աստվածաշնչի վերը բերված հատվածների բնագրում «նախասահմանված» բառը հունարեն proorizo բառն է, որը կրում է «նախօրոք որոշված», «սահմանված» կամ «ժամանակից առաջ որոշված» իմաստները։ Այսպիսով, նախասահմանությունը Աստծո կողմից որոշակի իրադարձությունների կատարվելու որոշումն է նախքան դրանց կատարվելը։ Ի՞նչ է Աստված որոշել նախօրոք։ Ըստ Հռոմեացիս 8․29-30 հատվածի, Աստված նախասահմանել է, որ որոշ մարդիկ կերպարանակից լինեն Իր Որդու պատկերին, կանչվեն, արդարացվեն և փառավորվեն։ Ավելին, Աստված նախասահմանել է, որ որոշ մարդիկ պետք է փրկվեն։ Աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ խոսում են Քրիստոսի մեջ հավատացյալների ընտրված լինելու մասին (Մատթեոս 24․22,31, Մարկոս 13․20,27, Հռոմեացիս 8․33, 9․11, 11․5-7,28, Եփեսացիս 1․11, Կողոսացիս 3․12, Ա Թեսաղոնիկեցիս 1․4, Ա Տիմոթեոս 5․21, Բ Տիմոթեոս 2․10, Տիտոս 1․1, Ա Պետրոս 1․1-2, 2․9, Բ Պետրոս 1․10)։ Նախասահմանությունը աստվածաշնչյան վարդապետություն է այն մասին, որ Աստված Իր ինքնիշխանության մեջ որոշ անհատների ընտրում է փրկության համար։

Նախասահմանության վարդապետության դեմ հիմնական հակափաստարկները կառուցվում են այն ենթադրության վրա, թե այն անարդար է։ Ինչո՞ւ Աստված պետք է ընտրի ոմանց փրկության համար, իսկ մյուսներին՝ ոչ։ Կարևոր է հիշել, որ մեզնից ոչ ոք արժանի չէ փրկվելու։ Բոլորս ենք մեղանչել (Հռոմեացիս 3․23) և արժանի ենք հավիտենական պատժի (Հռոմեացիս 6․23)։ Որպես հետևանք, Աստված կատարելապես արդար կլիներ, եթե բոլորիս ուղարկեր հավիտենական տանջանքի վայր։ Սակայն Աստված որոշեց փրկել մեզնից ոմանց։ Նա անարդար չէ այն մարդկանց հանդեպ, ովքեր ընտրված չեն, քանի որ նրանք ընդունում են այն, ինչին արժանի են։ Աստծո կողմից ոմանց հանդեպ ողորմած լինելու որոշումը անարդարություն չէ մյուսների հանդեպ։ Ոչ ոք արժանի չէ Աստծուց ողորմություն ընդունելուն։ Հետևաբար, ոչ ոք չի կարող Աստծուն մեղադրել, որ չի ստացել Նրա ողորմությունը։ Ասվածի օրինակ կարող է լինել այն տեսարանը, երբ մեկը քսան մուրացկաններից հինգին որոշակի գումար է տալիս։ Արդյոք այն տասնհինգ հոգին անարդա՞ր կհամարեն այդ մարդուն։ Գուցե։ Սակայն արդյոք նրանք իրավունք ունե՞ն նման վերաբերմունք ունենալու։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ մարդը նրանցից ոչ մեկին որևէ գումար պարտք չէր։ Նա պարզապես որոշեց նրանցից ոմանց հանդեպ ողորմածություն դրսևորելու։

Եթե Աստված է որոշում, թե ովքեր են փրկվելու, ապա արդյոք այդ փաստը չի՞ սահմանափակում Քրիստոսին հավատալու հարցում որոշում կայացնելու մեր ազատ կամքը։ Աստվածաշունչն ասում է, որ մենք ընտրություն ունենք՝ բոլոր Քրիստոսին հավատացողները կփրկվեն (Հովհաննես 3․16, Հռոմեացիս 10․9-10)։ Աստվածաշունչը երբեք չի նկարագրում, որ Աստված մերժի Քրիստոսին հավատացող որևէ անհատի կամ հեռանա որևէ մեկից, ով անկեղծ սրտով որոնում է Նրան (Բ Օրինաց 4․29)։ Ինչ-որ խորհրդավոր կերպով Աստծո նախասահմանությունը ներդաշնակորեն գործում է Աստծուն մոտենալու փափագ ունեցող մարդու կյանքում (Հովհաննես 6․44), ով հավատում է փրկության համար (Հռոմեացիս 1․16)։ Աստված նախասահմանել է փրկվողներին, սակայն մենք պետք է հավատանք Քրիստոսին, որպեսզի փրկվենք։ Այս երկու փաստերն էլ հավասարապես ճշմարիտ են։ Հռոմեացիս 11․33 խոսքը հայտարարում է․ «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները»։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է նախասահմանությունը։ Արդյոք նախասահմանության գաղափարն աստվածաշնչյա՞ն է: