Հարց
Ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն լսել Հիսուսի մասին։ Արդյոք Աստված դատապարտելո՞ւ է այն մադուն, ով երբեք չի լսել Նրա մասին:
Պատասխան
Բոլոր մարդիկ պատասխան են տալու Աստծո առջև անկախ այն փաստից նրանք լսե՞լ են Նրա մասին, թե՞ ոչ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված Իրեն հստակ կերպով հայտնել է բնության (Հռոմեացիս 1․20) և մարդկանց սրտերի մեջ (Ժողովող 3․11)։ Խնդիրը նրանում է, որ մարդկիկ մեղավոր բնույթ ունեն։ Մենք մերժում ենք Աստծո մասին այս գիտությունը և ապստամբում Նրա դեմ (Հռոմեացիս 1․21-23)։ Եթե չլիներ Աստծո շնորհը, մենք կտրվեինք մեր սրտերի մեղավոր ցանկություններին, որոնք մշտապես մարդուն տանում են այնպիսի իրավիճակների, որտեղ նա տեսնում է Աստծուց հեռու կյանքի սին և ունայն էությունը։ Այսպիսին է Աստծուն հարատևորեն մերժողների իրողությունը (Հռոմեացիս 1․24-32)։
Իրականում, այնպես չէ, որ կան մարդիկ, ովքեր երբեք չեն լսել Աստծո մասին։ Ավելի շուտ, խնդիրը նրանում է, որ նրանք մերժում են իրենց լսածը և այն, ինչն ակնհայտ է բնության մեջ։ Բ Օրինաց 4․29 խոսքը հայտարարում է․ «․․․դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես Նրան»։ Այս խոսքը մեզ մի կարևոր սկզբունք է սովորեցնում՝ յուրաքանչյուր ոք, ով իրապես որոնի Աստծուն, գտնելու Նրան։ Եթե մարդը ճշմարտապես ուզում է ճանաչել Աստծուն, ապա Աստված Ինքն Իրեն կհայտնի նրան։
Խնդիրը նրանում է, որ «Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի» (Հռոմեացիս 3․11)։ Մարդիկ մերժում են բնության մեջ և իրենց իսկ սրտերում առկա Աստծո գիտությունը և, փոխարենը, որոշում երկրպագել իրենց իսկ կողմից ստեղծված «աստծուն»։ Անմտություն է բանավիճել Աստծո արդարության առումով, երբ Աստված դժոխք է ուղարկում այն մարդուն, ով երբեք հնարավորություն չի ունեցել լսելու Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը։ Մարդիկ պատասխանատվություն են կրում Աստծո առջև այն ամենի համար, ինչ Աստված արդեն իսկ հայտնել է նրանց։ Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ մերժում են այս գիտությունը, և, հետևաբար, Աստված արդար է նրանց պատժելու հարցում։
Ավետարանը երբեք չլսածների մասին նման բանավեճերի մեջ խորամուխ լինելու փոխարեն, մենք՝ քրիստոնյաներս, պետք է առավելագույնն անենք, որպեսզի նրանք կարողանան լսել Բարի լուրը։ Մենք կանչված ենք Ավետարանը բոլոր ազգերին տանելու (Մատթեոս 28․19-20, Գործք 1․8)։ Մենք գիտենք, որ մարդիկ մերժում են Աստծո մասին բնության մեջ հայտնված գիտությունը, և այդ փաստը պետք է մեզ մղի Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության Բարի լուրը նրանց հասցնելուն։ Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո շնորհն ընդունելու շնորհիվ է, որ մարդը կարող է ազատվել իր մեղքերից և փրկվել հավիտենությունն Աստծուց առանձնացված վայրում անցկացնելու հեռանկարից։
Եթե ենթադրենք, որ նրանք, ովքեր երբեք չեն լսել Ավետարանը կարող են Աստծո ողորմությանն արժանանալ, մենք մի ահավոր խնդրի մեջ ենք հայտնվում։ Եթե Ավետարանը երբեք չլսած մարդիկ կարող են փրկվել, ապա տրամաբանական է, որ մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի ոչ ոք երբեք չլսի Ավետարանը։ Այդ պարագայում ամենավատ բանը, որ կարող ենք անել, մարդուն Ավետարանի Բարի լուրը փոխանցելն է, քանի որ գոյություն ունի հավանականություն, որ նա կմերժի այն։ Եթե դա տեղի ունենա, ապա նա կդատապարտի։ Սակայն Ավետարանը չլսած մարդիկ չեն կարող փրկվել, այլապես ո՞րն էր Մեծ Հանձնարարականի և ավետարանչության նպատակը։ Եթե Ավետարանը երբևէ չլսած մարդիկ արդեն իսկ փրկված էին, ապա մենք նրանց վտանգում ենք կորցնելու այդ փրկությունը, երբ նրանց ենք փոխանցում փրկության Բարի լուրը, իսկ նրանք մերժում են այն։
English
Ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն լսել Հիսուսի մասին։ Արդյոք Աստված դատապարտելո՞ւ է այն մադուն, ով երբեք չի լսել Նրա մասին: