Արդյոք Սուրբ Հոգու հրաշագործության պարգևներն այսօր էլ իրակա՞ն են:


Հարց՝ Արդյոք Սուրբ Հոգու հրաշագործության պարգևներն այսօր էլ իրակա՞ն են:

Պատասխան՝
Նախ, կարևոր է հասկանալ, որ հարցն այն չէ, թե արդյոք Աստված այսօր էլ գործո՞ւմ է հրաշքներ, թե՞ ոչ։ Անմտություն և ոչ աստվածաշնչյան կլիներ պնդելը, թե Աստված այսօր չի բժշկում մարդկանց, չի խոսում նրանց հետ և չի գործում նշաններ ու հրաշքներ պարունակող գործեր։ Հարցն այն է, թե արդյոք Ա Կորնթացիս 12-14 գլուխներում նկարագրվող Հոգու հրաշագործության պարգևները այսօր գործո՞ւմ են եկեղեցում, թե՞ ոչ։ Հարցը նաև այն չէ, թե կարո՞ղ է արդյոք Սուրբ Հոգին ինչ-որ մեկին օժտել նման պարգևով։ Այս ողջ քննարկումից զատ մենք ընդունում ենք, որ Սուրբ Հոգին ազատ է բաշխելու պարգևները ըստ Իր ինքնիշխան կամքի (Ա ԿՈրնթացիս 12․7-11)։

Գործք Առաքելոց գրքում և թղթերում նկարագրված հրաշքների ճնշող մեծամասնությունը կատարվել են առաքյալների և նրանց անմիջական օգնականների ձեռքով։ Պողոս առաքյալը խոսում է այն մասին, թե ինչու․ «Բայց առաքյալ լինելու նշանները կատարվեցին ձեր մեջ ամենայն համբերությամբ, նշաններով և հրաշքներով ու զորություններով» (Բ Կորնթացիս 12․12)։ Եթե Քրիստոսի մեջ յուրաքանչյուր հավատացյալ ունենար նշաններ, հրաշքներ ու զորություններ գործելու պարգևը, ապա նշանները, հրաշքներն ու զորությունները չէին կարող ծառայել որպես առաքյալ լինելու ապացույցներ։ Գործք 2․22 խոսքը մեզ տեղեկացնում է, որ Հիսուսին տրված էր զորություն, հրաշքներ ու նշաններ գործելը։ Գործք 14․3 խոսքը նկարագրում է, թե ինչպես է Ավետարանի ուղերձը «հաստատվում» այն հրաշքներով, որոնք կատարվում էին Պողոսի և Բառնաբասի միջոցով։

Ա Կորնթացիս 12–14 գլուխները անմիջական առնչություն ունեն Հոգու պարգևների թեմային։ Տեքստից տպավորություն ենք ստանում, որ նաև որոշ «ոչ առանձնահատուկ» քրիստոնյաների է տրվում հրաշագործության որոշ պարգևներ ունենալու հնարավորությունը (12․8-10,28-30)։ Այս հատվածները չեն խոսում այն մասին, թե որքան տարածված էին այդ պարգևները եկեղեցում։ Վերը նշված հատվածներից տեղեկացանք, որ առաքյալները ունեին հրաշքներ ու զորություններ գործելու «նշանը» և որ սովորական քրիստոնյաներին նման պարգևներով օժտելը, ամենայն հավանականությամբ, բացառության նման էր, այլ ոչ թե ընդունված կերպ։ Բացի առաքյալներից ու նրանց օգնականներից Նոր Կտակարանում որևէ տեղ չենք հանդիպում, որ հասարակ քրիստոնյաները դրսևորեն Սուրբ Հոգու հրաշագործության պարգևները։

Կարևոր է ըմբռնել, որ վաղ շրջանի եկեղեցին չուներ ձևավորված Աստվածաշունչը այն տեսքով, որով մենք ունենք այն հիմա (Բ Տիմոթեոս 3․16-17)։ Հետևաբար, մարգարեության, գիտության և իմաստության խոսքի, ինչպես նաև մյուս պարգևները անհրաժեշտ էին, որպեսզի քրիստոնյաները տեղյակ լինեին Աստծո կողմից իրենց հանդեպ ունեցած ակնկալիքներին։ Մարգարեության պարգևը մարդկանց հնարավորություն էր տալիս ընդունելու Աստծո նոր ճշմարտություններն ու հայտնությունները։ Այժմ Աստծո հայտնությունը ամբողջական է Աստվածաշնչում և «բացահայտող» պարգևների կարիքն այլևս չկա առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ էր Նոր Կտակարանի ժամանակներում։

Աստված ամեն օր է հրաշքներ գործում ու մարդկանց բժշկում։ Աստված այսօր էլ խոսում է՝ լինի դա լսելի ձայնով, մեր մտքերի կամ զգացողությունների ու տպավորությունների միջոցով։ Աստված այսօր էլ զարամանահրաշ հրաշքներ է գործում, նշաններ ու զորություններ կատարում և երբեմն դրանք անում է նաև հավատացյալների միջոցով։ Սակայն այս ամենը միշտ չէ, որ կարելի է որակել որպես Սուրբ Հոգու հրաշագործության պարգևների դրսևորումներ։ Հրաշագործության պարգևների հիմնական նպատակը Ավետարանի ճշմարիտ լինելու և առաքյալների՝ Աստծո ճշմարիտ ուղերձը փոխանցողներ լինելու ապացույց ծառայելն էր։ Աստվածաշունչը հստակ չի ասում, թե հրաշագործության պարգևներն այլևս դադարել են գործելուց, սակայն հիմք է ստեղծում այն հարցի պատասխանի համար, թե ինչու այդ պարգևները չեն գործում այն նույն ծավալով, որով գործել են նորկտակարանյան ժամանակներում։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք Սուրբ Հոգու հրաշագործության պարգևներն այսօր էլ իրակա՞ն են: