settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչն ամուսնության վերաբերյալ։

Պատասխան


Աստվածաշունչը Ծննդոց 2․23-24 հատվածում նկարագրում է ամուսնության և ընտանիքի ծնունդը․ «Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն»։ Աստված նախ արարեց տղամարդուն և հետո արարեց կնոջը որպես նրան օրհնություն։ Աստվածաշնչում նկարագրվում է, որ կնոջ արարումը Աստծո լուծումն էր այն խնդրին, որը ձևակերպվեց այսպես․ «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի․․․ (Ծննդոց 2․18)։

Երբ Աստվածաշունչը նկարագրում է առաջին ամուսնությունը, ապա Եվային բնութագրում է օգնական բառով (Ծննդոց 2․20)։ Այս համատեքստում «օգնել» նշանակում է «նվիրվել, պաշտպանել կամ օգնություն ցուցաբերել»։ Աստված Եվային արարեց, որպեսզի նա Ադամի կողքին լինի որպես նրա «կես», որ օգնի և աջակցի նրան։ Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ ամուսնությամբ տղամարդն ու կինը «մեկ մարմին» են դառնում։ Այս մեկությունը իր ամբողջական դրսևորումն է ունենում սեռական մտերմության ֆիզիկական միաձուլման մեջ։ Նոր Կտակարանը այս մեկության առումով նաև կարևոր զգուշացում է փոխանցում․ «․․․որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս 19․6)։

Պողոս առաքյալի թղթերից մի քանիսը անդրադառնում են ամուսնության թեմային և ուսուցանում ամուսնության սահմաններում հավատացյալների կողմից ճիշտ հարաբերությունների կառուցման մասին։ Նման ուսուցում կարելի է գտնել է Եփեսացիս 5․22-33 հատվածում։ Այս հատվածի ուսումնասիրությունը կարևոր ճշմարտություններ կարող է բացահայտել ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան ակնկալիքների մասին։

Եփեսացիս 5-րդ գլխում Աստվածաշունչը սովորեցնում է, որ աստվածաշնչյան ամուսնությունը ենթադրում է, որ թե՛ ամուսինը և թե՛ կինը որոշակի դերակատարում պետք է ունենան․ «Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և Ինքն է մարմնի Փրկիչը» (Եփեսացիս 5․22-23)։ «Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու Իր անձը նրա համար մատնեց» (Եփեսացիս 5․25)։ «Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն» (Եփեսացիս 5․28-29)։ «Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Եփեսացիս 5․31)։

Երբ հավատացյալ ամուսինն ու կինը կիրառում են ամուսնության աստվածաշնչյան սկզբունքները, նրանց ամուսնությունը ամուր և առողջ է լինում։ Աստվածաշնչյան հիմքի վրա կառուցված ամուսնությունը Քրիստոսին դարձնում է տղամարդու և կնոջ միության գլուխը։ Ամուսնության աստվածաշնչյան գաղափարը ներառում է ամուսնու և կնոջ մեկությունը, որը Քրիստոսի և Իր եկեղեցու մեկության օրինակն է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչն ամուսնության վերաբերյալ։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries