Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ֆինանսների անձնական կառավարման վերաբերյալ։


Հարց՝ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ֆինանսների անձնական կառավարման վերաբերյալ։

Պատասխան՝
Աստվածաշունչը շատ տեղերում է խոսում ֆինանսների մասին։ Պարտքով գումար վերցնելու մասին Աստվածաշնչի խորհուրդը մեզ հեռու է պահում նման քայլի դիմելուց։ Տե՛ս Առակաց 6․1-5, 20․16, 22․7,26-27 հատվածները («Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։ … Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում. Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն»)։ Կրկին ու կրկին Աստվածաշունչը զգուշացնում է մեզ հարստության կուտակման վտանգների մասին և քաջալերում փոխարենը խորհել հոգևոր հարստության մասին։ Առակաց 28․20 խոսքում կարդում ենք․ «Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա»։ Տե՛ս նաև Առակաց 10․15, 11․4, 18․11, 23․5 հատվածները։

Առակաց 6․6-11 հատվածը իմաստություն է փոխանցում ծուլության և, որպես դրա անշրջելի հետևանք, ֆինանսական խնդիրների մասին։ Այս հատվածը մեզ խորհուրդ է տալիս նայել ժրաջան մրջյունին, որը սեփական կարիքների համար սնունդ է կուտակում։ Այստեղ նաև զգուշացում ենք ստանում, որ չքնենք այն ժամանակ, երբ պետք է որոշակի եկամտաբեր գործ անենք։ Ծույլը այն մարդն է, ով աշխատանքի ժամանակ նախընտրում է հանգստանալը։ Նրա վերջը վստահաբար աղքատությունն ու կարիքն է։ Մյուս ծայրահեղությունը գումար վաստակելու մոլուցքն է։ Ըստ Ժողովող 5․10 խոսքի, նման մարդը երբեք չի ունենում այնքան հարստություն, որ դրանով բավարարվի, և մշտապես ձգտում է ավելին ու ավելին ձեռք բերել։ Ա Տիմոթեոս 6․6-11 հատվածը նույնպես մեզ զգուշացնում է հարստանալու ձգտման թակարդի մասին։

Մեր անձի համար հարստություն կուտակելու փոխարեն աստվածաշնչյան սկզբունքը մեր ուշադրությունը կենտրոնացնում է բաշխելու, այլ ոչ թե կուտակելու վրա։ «Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին» (Բ Կորնթացիս 9․6-7)։ Մենք պետք է Աստծո կողմից մեզ վստահված միջոցների բարի տնտեսը լինենք։ Ղուկաս 16․1-13 հատվածում Տեր Հիսուսը պատմում է անիրավ տնտեսի առակը, որպեսզի զգուշացնի մեզ սխալ տնտես լինելուց։ Այս պատմության իմաստը հետևյալն էր․ «Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի» (խ. 11)։ Մենք նաև պատասխանատվություն ենք կրում մեր ընտանիքի անդամների հանդեպ խնամքի հարցում։ Ա Տիմոթեոս 5․8 խոսքը հիշեցնում է․ «Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է»։

Ամփոփենք՝ նշելով, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում ֆինանսների հանդեպ մեր վերաբերմունքի մասին։ Այս հարցի պատասխանը կարելի է ամփոփել մեկ բառի մեջ՝ իմաստություն։ Մենք պետք է իմաստությամբ վարվենք մեր ֆինանսների հետ։ Մենք պետք է խնայողություն ունենանք, այլ ոչ թե վատնենք մեր ունեցվածքը։ Մենք պետք է ծախսենք դրանք, սակայն խելամտորեն ու զսպվածությամբ։ Մենք Աստծո գործի համար պետք է նվիրատվություններ տանք ուրախությամբ ու զոհաբեր սրտով։ Մենք մեր ֆինանսներով պետք է օգնենք մյուսներին, սակայն կրկին խելամտությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Հարուստ լինելը սխալ բան չէ, սակայն մեղք է փողասիրությունը։ Աղքատ լինելը նույնպես սխալ բան չէ, սակայն սխալ է անիմաստ կերպով և սխալ բաների վրա գումար վատնելը։ Աստվածաշունչը մեզ հստակ հորդորում է ֆինանսների հետ վարվել իմաստությամբ։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ֆինանսների անձնական կառավարման վերաբերյալ։