Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ այս կյանքից հետո Երկինք եմ գնալու:


Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ այս կյանքից հետո Երկինք եմ գնալու:

Պատասխան՝
Արդյոք վստա՞հ եք հավիտենական կյանք ունենալու հարցում և համոզվա՞ծ եք, որ մահանալուց հետո Երկինք եք գնալու։ Աստված ուզո՛ւմ է, որ Դուք համոզված լինեք։ Աստվածաշունչն ասում է՝ «Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք» (Ա Հովհաննես 5․13)։ Պատկերացրեք, թե հենց հիմա Աստծո առջև կանգնած եք, և Նա հարցնում է Ձեզ․ «Ինչո՞ւ պետք է թույլ տամ, որ Երկինք մտնես»։ Ի՞նչ կպատասխանեիք։ Գուցե չգիտեք՝ ինչ պատասխանել։ Կարևոր է իմանալ, որ Աստված սիրում է մեզ և հոգացել է, որպեսզի մենք վստահ լինենք մեր փրկված լինելու հարցում։ Աստվածաշունչը հետևյալ ձևակերպումն է տալիս վերը ասվածին․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)։

Նախ մենք պետք է հասկանանք, թե ի՞նչը կարող է խանգարել մեզ Երկինք գնալու հարցում։ Խնդիրը հետևյալն է՝ մեր մեղավոր բնույթը խոչընդոտում է Աստծո հետ մեր հարաբերությանը։ Մենք մեղավորներ ենք մեր բնույթով և մեր կամքի դրսևորմամբ։ «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմեացիս 3․23)։ Մենք անկարող ենք ինքներս մեզ փրկել։ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2․8-9)։ Մենք արժանի ենք մահվան ու դժոխքի մեջ հավիտենությունն անցկացնելուն «Որովհետև մեղքի հատուցումը մահն է» (Հռոմեացիս 6․23)։

Աստված սուրբ է և արդար։ Նա պետք է պատժի մեղքը։ Սակայն Նա սիրում է մեզ և ճանապարհ է հոգացել մեր մեղքերի ներման համար։ Տեր Հիսուս ասում է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14․6)։ Տեր Հիսուս մեր փոխարեն մահացավ խաչի վրա․ «Որովհետև Քրիստոսը մեկ անգամ չարչարվեց մեր մեղքերի համար, Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի» (Ա Պետրոս 3․18)։ Տեր Հիսուս հարություն առավ մահացածների միջից․ «Նա մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար» (Հռոմեացիս 4․25)։

Այսպիսով, վերադառնալով սկզբնական հարցին, թե Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այս կյանքից հետո Երկինք ենք գնալու, կարող ենք պատասխանել․ «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին և կփրկվես» (Գործք 16․31)։ «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1․12)։ Դուք կարող եք հավիտենական կյանքի պարգևն ընդունել որպես ՁՐԻ նվեր․ «․․․հավիտենական կյանքը Աստծու շնորհն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6․23)։ Այժմ Դուք կարող եք ապրել ամբողջական և իմաստալի կյանքով։ Տեր Հիսուս ասել է․ «․․․Ես եկա, որ նրանք կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10․10)։ Դուք կարո՛ղ եք հավիտենությունը Տեր Հիսուսի հետ Երկնքում անցկացնել, քանի որ Նա խոստացել է «Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, կրկին կգամ ու ձեզ Ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ լինեք» (Հովհաննես 14․3)։

Եթե ուզում եք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Ձեր Փրկչի և Աստծուց Ձեր մեղքերի համար ներում ստանալ, ապա աղոթեք այս պարզ աղոթքով։ Այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Միայն Քրիստոսին վստահելու արդյունքում է․ որ մենք մեղքերի ներում ենք ստանում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատն արտահայտելու և Ձեր մեղքերի ներման համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ այս կյանքից հետո Երկինք եմ գնալու: