Ինչպե՞ս կարող եմ իմանալ սիրահարվա՞ծ եմ, թե՞ ոչ։


Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ իմանալ սիրահարվա՞ծ եմ, թե՞ ոչ։

Պատասխան՝
Սերը շատ զորավոր զգացմունք է։ Այն մեր կյանքի մեծ մասի համար շարժիչ ուժ է հանդիսանում։ Այս զգացմունքի վրա հիմնվելով՝ մենք բազմաթիվ կարևոր որոշումներ ենք կայացնում և անգամ ամուսնանում ենք, քանի որ զգացողություն ենք ունենում, որ «սիրահարված ենք»։ Սա կարող է լինել պատճառը այն վիճակագրության, որ բոլոր առաջին ամուսնությունների մոտ կեսն ավարտվում է ամուսնալուծությամբ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ իրական սերը զգացողություն չէ, որը կարող գալ ու հեռանալ, այլ որոշում է։ Մենք ոչ թե պարզապես սիրում ենք մեզ սիրողներին, այլ պետք է սիրենք մեզ ատողներին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոս սիրեց նրանց, ովքեր արժանի չէին սիրվելու (Ղուկաս 6․35)։ «Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13․4-7)։

Եթե Դուք կողակից եք փնտրում, ապա կարող եք բավականին արագ «սիրահարվել», սակայն մի քանի հարց կա, որոնք կօգնեն բացահայտել, թե այդ զգացմունքն իրապե՞ս ճշմարիտ սեր է, թե՞ ոչ։ Նախ, ճշտեք, թե տվյալ անձնավորությունը հավատացյա՞լ է, թե՞ ոչ։ Արդյոք նա իր կյանքը հանձնե՞լ է Քրիստոսին։ Արդյոք փրկության հարցում միայն Քրիստոսն է նրա հույսը։ Նաև եթե պատրաստվում եք Ձեր սիրտն ու զգացմունքները նվիրել տվյալ անձնավորությանը, ապա հարց տվեք ինքներդ Ձեզ, թե պատրա՞ստ եք նրա հետ հարաբերությունը կարևորել ավելի, քան որևէ այլ մարդու հետ Ձեր ունեցած հարաբերություն, և միայն Աստծո հետ հարաբերությունը կարևորել այդ անձնավորության հետ ունեցած հարաբերությունից առավել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, նրանք մեկ մարմին են դառնում (Ծննդոց 2․24, Մատթեոս 19․5)։

Մեկ այլ բան նույնպես պետք է հաշվի առնել՝ արդյոք այդ անձնավորությունը ճի՞շտ թեկնածու է Ձեր կողակիցը դառնալու համար։ Նա Աստծուն դարձրե՞լ է իր կյանքի առաջին ու ամենակարևոր Անձը, թե՞ ոչ։ Արդյոք նա կկարողանա՞ իր ժամանակն ու էներգիան ներդնել ամուսնական հարաբերության մեջ այնպես, որ ձեր ամուսնությունը լինի հարատև։ Գոյություն չունի մի չափիչ, որով ստուգենք, թե ե՞րբ ենք սիրահարված և երբ՝ ոչ։ Սակայն կարևոր է զանազանել՝ մեր կյանքի առումով մենք մեր զգացմունքների՞ն ենք հետևում, թե՞ Աստծո կամքին։ Իրական սերը որոշում է, այլ ոչ թե միայն զգացմունք։ Ճշմարիտ աստվածաշնչյան սերը մարդուն մշտապես սիրելն է, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Ձեզ «սիրահարված» եք զգում։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս կարող եմ իմանալ սիրահարվա՞ծ եմ, թե՞ ոչ։