settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է նշանակում՝ մենք արարվել Աստծո պատկերով և նմանությամբ (Ծննդոց 1․26-27):

Պատասխան


Արարչագործության վերջին օրն Աստված ասաց․ «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք (Ծննդոց 1․26)։ Այսպիսով, Աստված Իր արարչագործությունն ավարտին հասցրեց «անահատական հպումով»։ Աստված Ադամին հողի փոշուց արարեց և նրան կյանք շնորհեց՝ Իր շունչը փչելով նրա մեջ (Ծննդոց 2․7)։ Համապատասխանաբար, կարելի է հետևություն անել, որ մարդն առանձնահատուկ տեղ է գրավում Աստծո արարչագործության մեջ՝ ունենալով թե՛ նյութական մարմին և թե՛ ոչ նյութական հոգի ու շունչ։

Ունենալ Աստծո «պատկերը» կամ «նմանությունը» ամենապարզ բացատրությամբ նշանակում է, որ մենք ստեղծվել ենք մյուսների մոտ Աստծո մասին պատկերացում ձևավորելու համար։ Ադամը մարմնի ու արյան նմանությամբ չէ, որ հիշեցնում էր Աստծուն։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված հոգի է» (Հովհաննես 4․24) և, հետևաբար, գոյություն ունի առանց մարմնի։ Սակայն Ադամի մարմինն արտացոլում էր Աստծո կյանքն այնքանով, որ այն արարվել էր կատարյալ առողջությամբ և ենթակա չէր մահվան։

Աստծո պատկերը (լատիներեն՝ imago dei) վերաբերում է մարդու ոչ նյութական բաղադրիչին։ Սա մարդկային ցեղն առանձնացնում է կենդանական աշխարհից և բարձրացնում այն իշխանության համար, որն Աստված սահմանել է, որպեսզի նրանք ունենան երկրի վրա (Ծննդոց 1․28)։ Սա մարդկանց ունակ է դարձնում նաև հաղորդ լինելու իրենց Արարչի հետ։ Դա մտային, բարոյական և սոցիալական նմանություն է։

Մտային առումով, մարդն արարվել է որպես բանական ու կամային էակ։ Այլ կերպ ասած, մարդկային արարածներն ունեն տրամաբանություն և կարող են ընտրություն կատարել։ Սա Աստծո մտածողության ու ազատության արտացոլանքն է։ Երբ որևէ մեկը մի սարքավորում է հայտնագործում, գիրք գրում, բնանկար նկարում, վայելում որևէ սիմֆոնիա, գումար հաշվում կամ տնային կենդանու որևէ անուն տալիս, նա դրանով հայտարարում է, որ արարված է Աստծո պատկերով։

Բարոյական առումով, մարդն արարվել է արդարության և կատարյալ անմեղության մեջ, ինչն Աստծո սրբության արտացոլանքն էր։ Աստված տեսավ Իր կողմից արարվածը (ներառյալ մարդուն) և ասաց․ «բարի է» (Ծննդոց 1․31)։ Մեր խիղճը կամ «բարոյական կողմնացույցը» խոսում է արարչագործության մեջ մեր սկզբնական վիճակի մասին։ Երբ որևէ մեկը օրենք է գրում, հեռանում է չարից, գովում լավ վարքագիծը կամ մեղավորության զգացում ունենում, նա հաստատում է Աստծո պատկերով ստեղծված լինելու փաստը։

Սոցիալական առումով, մարդն արարվել է հաղորդակցության համար։ Սա արտացոլում է Աստծո Երրորդության բնույթն ու Նրա սերը։ Եդեմում մարդու առաջնային հարաբերությունն Աստծո հետ էր (Ծննդոց 3․8), և Աստված առաջին կնոջն էլ ստեղծեց հենց այն բանի համար, որ «լավ չէր, որ մարդը միայնակ լիներ» (Ծննդոց 2․18)։ Ամեն անգամ, երբ որևէ մեկն ամուսնանում է, ընկերանում ինչ-որ մեկի հետ, գրկում երեխայի կամ եկեղեցի գնում, նա ի ցույց է դնում այն փաստը, որ մարդն արարվել է Աստծո նմանությամբ։

Աստծո պատկերով ստեղծված լինելու մասին է խոսում նաև այն, որ Ադամը ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ուներ։ Թեև նրանց արդարության բնույթ էր տրված, այնուամենայնիվ, Ադամն ու Եվան չար ընտրություն կատարեցին ու ապստամբեցին իրենց Արարչի դեմ։ Այդ անելով՝ նրանք իրենց մեջ աղավաղեցին Աստծո պատկերը և այդ աղավաղված պատկերը փոխանցեցին իրենց սերունդներին (Հռոմեացիս 5․12)։ Այսօր մենք դեռևս կրում ենք Աստծո պատկերը (Հակոբոս 3․9), սակայն դրա վրա դեռևս պահպանվում են մեղքի սպիները։ Մտային, բարոյական, սոցիալական և ֆիզիակական առումով մենք մեր վրա կրում ենք մեղքի հետևանքները։

Բարի լուրը նրանում է, որ երբ Աստված փրկագնում է մարդուն, վերջինս սկսում է իր մեջ Աստծո սկզբնական պատկերի վերականգնման ընթացքը՝ սկիզբ դնելով «նոր մարդո՛ւն, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտության արդարությունով և սրբությունով (Եփեսացիս 4․24)։ Այդ փրկագնումը հասանելի է միայն Աստծո շնորհով և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով, Ով մեզ փրկում է մեր մեղքերից, որոնք մեզ բաժանում են Աստծուց (Եփեսացիս 2․8-9)։ Քրիստոսի միջոցով մենք նոր արարածներ ենք, ովքեր իրենց մեջ կրում են Աստծո նմանությունը (Բ Կորնթացիս 5․17)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է նշանակում՝ մենք արարվել Աստծո պատկերով և նմանությամբ (Ծննդոց 1․26-27):
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries