Կարո՞ղ են արդյոք երկնքում լինողները տեսնել մեզ՝ երկրի վրա ապրողներիս:


Հարց՝ Կարո՞ղ են արդյոք երկնքում լինողները տեսնել մեզ՝ երկրի վրա ապրողներիս:

Պատասխան՝
Ոմանք Եբրայեցիս 12․1 խոսքն ընկալում են որպես երկնքում լինողների կողմից երկրի վրա լինողներին տեսնելու հուշում․ «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ․․․»: Այս «վկաները» Եբրայեցիս 11-րդ գլխում նկարագրված հավատքի հերոսներն են, և նրանցով «շրջապատված» լինելու փաստը որոշ մեկնաբանների մղել է եզրահանգման, որ այս հերոսները (և, հավանաբար, նաև այլ մարդիկ) կարող են Երկնքից տեսնել մեզ։

Մերօրյա մշակույթի մեջ տարածված է այն գաղափարը, թե մարդիկ Երկնքից տեսնում են երկրի վրա ապրողների կյանքը։ Սակայն որքան էլ մեզ հաճելի լինի մեր սիրելիների կողմից Երկնքից մեզ տեսնելու գաղափարը, պետք է նշենք, որ Եբրայեցիս 12․1 խոսքը նման բան չի ուսուցանում։ Եբրայեցիս թղթի հեղինակը 11-րդ գլխում որոշակի գործնական դասեր է մեզ փոխանցում և պատահական չէ, որ 12-րդ գլուխը սկսվում է «ուստի» բառով։ «Վկաները» այն մարդիկ են, որոնց Տերը գովում նախորդ գլխում իրենց հավատի համար, և նման մարդկանց մի մեծ բազմություն կա Երկնքում։ Հարցը նրանում է, թե ինչպե՞ս են նրանք «վկաներ» դառնում։

Եբրայեցիս 12․1 խոսքի սխալ մեկնաբանությունն ասում է, թե «վկաների մեծ բազմություն» կազմող տղամարդիկ ու կանայք երկրի վրա մեր ապրած հավատքի կյանքի վկաներն են։ Նրանց հինկտակարանյան պատմությունները հավատքի ու վախի միջև հերոսական ընտրության օրհնությունների վկայություններ են մեզ համար։ Եբրայեցիս 12․1 խոսքը կարելի է վերաձևակերպել այսպես․ «Ուստի, մենք հերոսական հավատքի այսքան իրական ու ճշմարիտ օրինակներ ունենալով․․․»։ Այսպիսով, ոչ թե Երկնքում լինողներն են մեզ տեսնում (ասես մեր կյանքը այնքա՜ն հետաքրքիր է երկրի վրա կամ նրանք ավելի կարևոր զբաղմունք չունեն Երկնքում), այլ մեզնից առաջ գնացածները մեզ համար լավագույն օրինակ են թողել։ Նրանց կյանքի պատմությունները հավատի, Աստծո և ճշմարտության զորավոր վկայություններ են մեզ համար։

Եբրայեցիս 12․1 խոսքի շարունակության մեջ կարդում ենք․ «․․․դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը»։ Մեզնից առաջ ապրած հավատացյալների համբերության ու հավատի կյանքի շնորհիվ մենք քաջալերվում ենք մեր հավատի մրցասպարեզի ընթացքի մեջ հավատարիմ մնալու հարցում։ Մենք հետևում ենք Աբրահամի և Մովսեսի, Ռախաբի և Գեդեոնի ու մյուսների օրինակին։

Ոմանք փորձում են որպես մահացած մարդկանց կողմից երկրի վրա ապրողներին տեսնելու փաստարկ ներկայացնել Ղուկաս 16․28 խոսքում հարուստ մարդու կողմից իր եղբայրներին հիշատակելը։ Սակայն այս հատվածը մեզ չի ասում, թե հարուստը կարողանում էր տեսնել իր եղբայրների ապրած կյանքը, այլ որ գիտեր, որ նրանք անհավատության կյանքով են ապրում։ Ոմանք էլ Հայտնություն 6․10 խոսքն են ներկայացնում որպես նույն պնդման փաստարկ, որտեղ նահատակները Աստծուց խնդրում են իրենց արյան վրեժն իրագործել։ Կրկին, այս հատվածը չի խոսում այն մասին, թե նահատակները տեսնում են երկրի վրա ապրողներին, այլ որ նրանք գիտեն, որ երկրի վրա ապրողներն Աստծո արդար դատաստանին են արժանանալու և Աստծուց խնդրում են, որ Նա սկսի գործել։

Աստվածաշունչը հատուկ չի նշում, որ Երկնքում լինողները չեն կարող տեսնել երկրի վրա ապրողներին, և այս հարցում մենք չենք կարող դոգմատիկ մոտեցում ցուցաբերել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա իրոք անհնարին է։ Երկնքում լինող մարդիկ հավանաբար զբաղված են այլ գործերով՝ Աստծուն երկրպագելով և Երկնքի փառքը վայելելով։

Անկախ նրանից, թե Երկնքում լինողները կարո՞ղ ենք տեսնել երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունները, թե՞ ոչ, մենք պետք է հասկանանք, որ մեր հավատքի մրցասպարեզը նրանց համար չենք վազում։ Մեր հույսը նրանց հավանությունը չէ, և ոչ էլ ակնկալում ենք նրանց ծափահարությունները։ Եբրայեցիս 12․2 խոսքը մեզ հուշում, է, թե որտեղ պետք է լինի մեր հայացքի կենտրոնացումը․ «․․․նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին․․․»։ Տեր Հիսուս է մեր երանելի հույսը և ոչ թե ուրիշ ինչ-որ մեկը (Տիտոս 2․13)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Կարո՞ղ են արդյոք երկնքում լինողները տեսնել մեզ՝ երկրի վրա ապրողներիս: