Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բժշկության մասին։ Արդյոք Քրիստոսի քավության մեջ կա՞ նաև բժշկություն։


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բժշկության մասին։ Արդյոք Քրիստոսի քավության մեջ կա՞ նաև բժշկություն։

Պատասխան՝
Եսայիա 53․5 խոսքը, որը մեջբերվում է նաև Ա Պետրոս 2․24 խոսքում, բժշկության մասին առանցքային խոսքն է, որը, սակայն, հաճախ սխալ է ընկալվում ու սխալ կիրառվում։ «Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ Այստեղ «բժշկվել» թարգմանված բառը կարող է և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական բժշկության իմաստով կիրառվել։ Սակայն թե՛ Եսայիա 53-րդ գլխի և թե՛ Ա Պետրոս 2-րդ գլխի համատեքստը մեզ հուշում են, որ այստեղ խոսքը հոգևոր բժշկության մասին է։ «Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2․24)։ Այստեղ խոսվում է մեղքի և արդարության մասին, այլ ոչ թե հիվանդության ու վարակների։ Հետևաբար, այս երկու խոսքերում էլ «բժշկված» լինելը կրում է ներված ու փրկված լինելու իմաստը, այլ ոչ թե ֆիզիակապես բժշկվելու։

Աստվածաշունչը հատուկ կերպով չի կապում ֆիզիկական բժշկությունը հոգևոր բժշկության հետ։ Երբեմն մարդկանց կյանքում ֆիզիկական բժշկություն է տեղի ունենում, երբ նրանք իրենց հավատն ուղղում են Քրիստոսին, սակայն միշտ չէ, որ այդպես է լինում։ Երբեմն Աստծո կամքն է մեր բժշկվելը, իսկ երբեմն՝ ոչ։ Հովհաննես առաքյալը մեզ ճիշտ տեսանկյունն է փոխանցում․ «Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5․14-15)։ Աստված այսօր էլ հրաշքներ է գործում։ Աստված այսօր էլ բժշկում է մարդկանց։ Տկարությունը, հիվանդությունը, ցավն ու մահը դեռևս այս աշխարհի իրողություններն են։ Քանի դեռ Տերը չի վերադարձել, կենդանի եղող մարդիկ մի օր մահանալու են, և նրանց մեծամասնությունը (ներառյալ քրիստոնյա հավատացյալներին) մահանալու են ֆիզիկական խնդիրների պատճառով (հիվանդություն, տկարություն կամ վնասվածք)։ Միշտ չէ, որ մեր ֆիզիկական բժշկությունը Աստծո կամքն է։

Ի վերջո, մեր կատարյալ ֆիզիկական բժշկությունը մեզ Երկնքում է սպասում։ Այնտեղ չի լինելու ցավ, տկարություն, հիվանդություն, տառապանք և մահ (Հայտնություն 21)։ Մենք պետք է ավելի քիչ անհանգստանանք այս աշխարհում մեր ֆիզիկական վիճակով և շատ ավելի շատ կենտրոնանանք մեր հոգևոր վիճակի վրա (Հռոմեացիս 12․1-2)։Այդ ժամանակ մենք կկարողանանք մեր սրտերը կենտրոնացնել Երկնքի վրա, որտեղ չեն լինելու ֆիզիկական խնդիրներ։ Հայտնություն 21․4 խոսքը նկարագրում է իրական բժշկությունը, որին պետք է փափագի մեր սիրտը․ «Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը բժշկության մասին։ Արդյոք Քրիստոսի քավության մեջ կա՞ նաև բժշկություն։