Ի՞նչ է ասում Աստվածաշունչը լավ ծնող լինելու մասին։


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը լավ ծնող լինելու մասին։

Պատասխան՝
Ծնող լինելը կարող է դժվար ու փորձություններով լի մի պատասխանատվություն լինել, սակայն, միևնույն ժամանակ, մեր կյանքի ամենացանկալի և բավականությամբ լեցուն ընթացքն է։ Աստվածաշունչը բազմաթիվ անդրադարձներ ունի ճիշտ դաստիարակության և հաջողված ծնող լինելու թեմաներին, որոնց հիմնական նպատակը մեր երեխաներին աստվածապաշտ տղամարդիկ ու կանայք դարձնելն է։ Եվ առաջին բանը, որը պետք է անենք, նրանց Աստծո Խոսքի ճշմարտությունը սովորեցնելն է։

Աստծուն սիրելու և Նրա պատվիրաններին նվիրվածության օրինակ ծառայելու հետ մեկտեղ, մենք կարիք ունենք հնազանդվելու այդ նույն նվիրվածությունն ու սերը մեր երեխաներին փոխանցելու Բ Օրինաց 6․7-9 հատվածում Տեր Աստծո կողմից մեզ տրված պատվերին։ Այս հատվածը շեշտադրում է երեխաների նման դաստիարակության շարունակական բնույթը։ Այն պետք է իրագործվի մշտապես՝ տանը, ճանապարհին, գիշերը կամ առավոտյան։ Աստվածաշնչյան ճշմարտությունները պետք է մեր ընտանիքների հիմքը լինեն։ Այս սկզբունքների հանդեպ մեր ակնածանքով լի հնազանդությունը մեր երեխաներին կուսուցանի, որ Աստծուն երկրպագելը մեր կյանքերում պետք է լինի չընդհատվող գործընթաց, այլ ոչ թե կիրակի օրերի կամ երեկոյան աղոթքի ժամանակ կատարվող իրադարձություն։

Թեև մեր երեխաները շատ բան սովորում են ուղղակի ուսուցման արդյունքում, սակայն շատ ավելին են սովորում՝ հետևելով մեր օրինակին։ Այս պատճառով է, որ մենք պետք է չափազանց ուշադիր լինենք այն ամենի հանդեպ, ինչ անում ենք և խոսում։ Մենք նախ պետք է ընդունենք Աստծուց մեզ տրված հանձնարարությունը։ Ամուսիններն ու կանայք պետք է փոխադարձ հարգանք ունենան միմյանց հանդեպ և հնազանդվեն իրար (Եփեսացիս 5․21)։ Միևնույն ժամանակ, Աստված նաև իշխանության դիրք է սահմանել, որպեսզի պահպանվի կարգուկանոնը։ «Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված» (Ա Կորնթացիս 11․3)։ Մենք գիտենք, որ Քրիստոս ստորադաս չէ Աստծուն, ճիշտ ինչպես կինը ստորադաս չէ իր ամուսնուն։ Սակայն Աստված մեզ սովորեցնում է, որ առանց իշխանության հանդեպ հնազանդության չի կարող լինել կարգուկանոն։ Ամուսնու պատասխանատվությունը, որպես ընտանիքի գլուխ, կայանում է իր կնոջը սեփական անձի պես սիրելու մեջ՝ այն նույն զոհաբեր սիրո նմանությամբ, ինչպիսին Քրիստոս ուներ դեպի Եկեղեցին (Եփեսացիս 5․25-29)։

Նման սիրով հագեցած առաջնորդության հանդեպ արձագանքի առումով կնոջ կողմից ոչ մի դժվարություն չի ներկայացնում ամուսնու իշխանությանը հնազանդվելը (Եփեսացիս 5․24, Կողոսացիս 3․18)։ Նրա առաջնային պատասխանատվությունը իր ամուսնուն սիրելն ու պատվելն է, իմաստության ու անարատության կյանքով ապրելը և ընտանիքի համար հոգ տանելը (Տիտոս 2․4-5)։ Կանայք բնույթով ավելի հոգատար են, քան տղամարդիկ, քանի որ նրանք ստեղծվել են որպես երեխաների համար առաջնային խնամք ապահովողներ։

Ծնող լինելու անքակտելի մաս են կազմում դաստիարակությունն ու խրատը։ Առակաց 13․24 խոսքն ասում է․ «Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան»։ Առանց դաստիարակության ու խրատի մեծացող երեխաների մոտ զարգանում է անցանկալի և անարժան լինելու զգացողություն։ Նրանց պակասում է ուղղորդումն ու ինքնատիրապետումը։ Տարիքի հետ նրանք ավելի շատ են դրսևորում ընմբոստության որակներ ու գրեթե չեն ընդունում իրենց վրա կարգված իշխանություն ունեցողներին՝ ներառյալ Աստծուն։ «Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր» (Առակաց 19․18)։ Միևնույն ժամանակ, դաստիարակությունը պետք է հավասարակշռված լինի սիրով, այլապես երեխաները կմեծանան վիրավորվածության զգացումով, հիասթափված և ըմբոստ (Կողոսացիս 3․21)։ Աստված գիտակցում է, որ դաստիարակության դրսևորումները կարող են ցավոտ լինել (Եբրայեցիս 12․11), սակայն երբ դրանց հետևում է սիրով հագեցած խրատը, ապա այն երեխայի համար դառնում է օգտակար մի բան։ «Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք» (Եփեսացիս 6․4)։

Կարևոր է երեխաներին պատանի տարիքից եկեղեցու ընտանիքի ու ծառայությունների մեջ ներգրավելը։ Պարբերաբար հաճախեք Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունն ընդունող եկեղեցի (Եբրայեցիս 10․25), այնպես արեք, որ Ձեր երեխաները տեսնեն, որ Դուք Աստծո Խոսքն եք ուսումնասիրում, և նաև ուսումնասիրեք այն նրանց հետ միասին։ Նրանց հետ քննարկեք իրենց շուրջ գոյություն ունեցող աշխարհի առանձնահատկությունները և կյանքի առօրյա դրսևորումների օգնությամբ նրանց սովորեցրեք Աստծո փառքի մասին։ «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից» (Առակաց 22․6)։ Լավ ծնող լինելու հիմնական դրսևորումը Ձեր օրինակին հետևող և Աստծուն հնազանդ ու երկրպագող կյանք ապրող երեխաներ մեծացնելն է։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը լավ ծնող լինելու մասին։