Նոյի ջրհեղեղը համաշխարհայի՞ն էր, թե՞ տեղային:


Հարց՝ Նոյի ջրհեղեղը համաշխարհայի՞ն էր, թե՞ տեղային:

Պատասխան՝
Ջրհեղեղի մասին աստվածաշնչյան հատվածները հստակ նշում են դրա համաշխարհային բնույթը։ Ծննդոց 7․11 խոսքում կարդում ենք․ «մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին, և երկնքի պատուհանները բացվեցին»։ Ծննդոց 1․6-7 և 2․6 հատվածները մեզ տեղեկություններ են փոխանցում, որ նախաջրհեղեղյան աշխարհի բնությունը և շրջակա միջավայրը բավականին տարբեր է եղել մերօրյա իրականությունից։ Նշված և աստվածաշնչյան այլ հատվածների վրա հիմնվելով՝ տրամաբանական կլինի ենթադրել, որ այն ժամանակ Երկիր մոլորակը պատված է եղել ջրի որոշակի շերտով։ Այս թաղանթը կարող է գոլորշու տեսքով եղած լինել կամ որոշակի օղակի տեսքով, ինչպես Սատուրնի սառցե օղակը։ Ջրի այս շերտը ստորերկրյա ջրերի շերտի հետ միասին լցվել են եկել երկրի վրա (Ծննդոց 2․6) և համաշխարհային ջրհեղեղի պատճառ դարձել։

Ամենահստակ աստվածաշնչյան հատվածը, որը խոսում է ջրհեղեղի մասշտաբների մասին, Ծննդոց 7․19-23 հատվածն է։ Այստեղ ջրերի առումով կարդում ենք, «Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները»։

Վերը բերված հատվածում մենք ոչ միայն տեսնում են «բոլոր» բառի շարունակական կիրառությունը, այլև կարդում ենք, որ «ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին» և «ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ»։ Այս նկարագրությունը հստակ խոսում է ջրհեղեղի համաշխարհային բնույթի մասին։ Եթե այն տեղային լիներ, ապա Աստված Նոյին ոչ թե պատվեր կտար տապանը կառուցելու վերաբերյալ, այլ կասեր, որ կենդանիների հետ միասին տեղափոխվեին ավելի ապահով մի վայր։ Այլապես ինչո՞ւ պետք է Աստված Նոյին պատվիրեր մի այնպիսի մեծ տապան կառուցել, որի մեջ երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանիները պետք է տեղավորվեին։ Եթե ջրհեղեղը համաշխարհային եղած չլիներ, ապա տապան կառուցելու կարիքը չէր առաջանա։

Պետրոս առաքյալը նույնպես խոսում է ջրհեղեղի համաշխարհային բնույթի մասին։ Բ Պետրոս 3․6-7 հատվածում կարդում ենք․ «Դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրհեղեղով կորսվեց, իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար»։ Այս հատվածում Պետրոս առաքյալը համեմատում է գալիք «համաշխարհային» դատաստանը Նոյի ժամանակների հետ և նշում, որ այն ժամանակ աշխարհը ջրհեղեղով է կործանվել։ Ավելին, բազմաթիվ աստվածաշնչյան հեղինակներ ընդունում են համաշխարհային ջրհեղեղի պատմական իրողությունը (Եսայիա 54․9, Ա Պետրոս 3․20, Բ Պետրոս 2․5, Եբրայեցիս 11․7)։ Եվ ի վերջո, հենց Տեր Հիսուսն էր խոսում համաշխարհային ջրհեղեղի մասին և այն բերում որպես օրինակ գալիք ավերածության, որը տեղի է ունենալու Իր վերադարձի ժամանակ (Մատթեոս 24․37-39, Ղուկաս 17․26-27)։

Բազմաթիվ ոչ աստվածաշնչյան վկայություններ կան, որոնք նույնպես խոսում են ջրհեղեղի տեսքով համաշխարհային աղետի մասին։ Յուրաքանչյուր աշխարհամասում գոյություն ունեն բրածո շերտեր և ածխի հսկայական պաշարներ, որոնց ձևավորման համար բուսականության մեծ պաշարներ են անհրաժեշտ եղել։ Օվկիանոսային բրածոներ են հայտնաբերվում աշխարհի բազմաթիվ լեռների գագաթներին։ Աշխարհի տարբեր վայրերում ապրող ժողովուրդների մշակույթները այս կամ այն կերպ պահպանել են ջրհեղեղի մասին առասպելներ։ Այս բոլոր փաստերը և շատ ուրիշ վկայություններ խոսում են ջրհեղեղի համաշխարհային բնույթի մասին։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Նոյի ջրհեղեղը համաշխարհայի՞ն էր, թե՞ տեղային: