Ի՞նչ է Աստվածաշունչն ասում քրիստոնեական ծոմապահության մասին:


Հարց՝ Ի՞նչ է Աստվածաշունչն ասում քրիստոնեական ծոմապահության մասին:

Պատասխան՝
Աստվածաշունչը հատուկ կերպով չի հրահանգում քրիստոնյաներին ծոմ պահելու հարցում։ Աստված չի պահանջում ծոմ պահելը։ Սակայն, միևնույն ժամանակ, Աստվածաշունչը ծոմապահությունը ներկայացնում է որպես բարի և օգտակար մի բան։ Գործք Առաքելոց գրքում նկարագրվում է, որ հավատացյալները ծոմ էին պահում կարևոր որոշումներ կայացնելուց առաջ (Գործք 13․2, 14․23)։ Ծոմն ու աղոթքը հաճախ փոխկապակցված են (Ղուկաս 2․37, 5․33)։ Գրեթե միշտ ծոմապահության մասին խոսելիս մենք կենտրոնանում ենք սննդից հրաժարվելու վրա, սակայն ծոմապահության իմաստը մեր աչքերը այս աշխարհի բաներից կտրելու և լիովին Աստծո վրա կենտրոնացնելու մեջ է։ Ծոմապահությունը միջոց է, որի շնորհիվ Աստծուն և ինքներս մեզ ցույց ենք տալիս, որ կարևորում ենք Տիրոջ հետ մեր հարաբերությունը։ Ծոմապահությունն օգնում է նոր մոտեցում ու տեսակետ զարգացնել մեր մեջ, ինչպես նաև նորոգել Աստծուն հուսալու մեր ընթացքը։

Թեև ծոմն Աստվածաշնչում գրեթե միշտ սննդից հրաժարվել է ենթադրում, գոյություն ունեն նաև ծոմապահության այլ տեսակներ։ Ցանկացած բան, որից ժամանակավորապես հրաժարվում եք՝ Աստծո վրա կենտրոնանալու նպատակով, կարող է ծամապահություն համարվել (Ա Կորնթացիս 7․1-5)։ Ծոմապահությունը պետք է սահամանափակված լինի որոշակի ժամանակահատվածով, հատկապես, եթե խոսքը սննդից հրաժարվելուն է վերաբերում։ Առանց սնունդ ընդունելու երկար ժամանակ անցկացնելը կարող է վնասակար լինել մարմնի համար։ Ծոմապահության նպատակը մարմինը պատժելը չէ, այլ Աստծո վրա կենտրոնանալը։ Ծոմապահությունը նաև չպետք է ընկալվի որպես «դիետայի մի տեսակ»։ Աստվածաշնչյան ծոմապահության նպատակը ավելորդ քաշից ազատվելը չէ, այլ Աստծո հետ ավելի խորը հարաբերություն զարգացնելը։ Ցանկացած մեկը կարող է ծոմ պահել, սակայն ոմանց դեպքում դա կարող է սննդից հրաժարվելը չլինել (օրինակ, շաքարախտով հիվանդները)։ Յուրաքանչյուր ոք կարող է որոշակի մի բանից ժամանակավորապես հրաժարվել Աստծուն ավելի մոտենալու նպատակով։

Աշխարհի բաներից մեր հայացքը կտրելը մեզ կօգնի այն Տեր Հիսուսի վրա կենտրոնացնելու հարցում։ Ծոմապահությունը Աստծուց Ձեր ուզածը ստանալու միջոց չէ։ Ծոմը մեզ է փոխում, այլ ոչ թե Աստծուն։ Ծոմապահությունը մյուսների առջև ավելի հոգևոր երևալու հնարավորություն չէ։ Մարդը պետք է ծոմ պահի հեզության հոգով և ուրախ սրտով։ Մատթեոս 6․16-18 խոսքում կարդում ենք․ «Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի»։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է Աստվածաշունչն ասում քրիստոնեական ծոմապահության մասին: